Մամ, ասա ինձ
Երբ չգիտեմ, ումից կարելի է հարցազրույց վերցնել, մամայի գլուխն եմ քամում:
Մամ, ասա ինձ, ինչո՞ւ եք դուք՝ ծնողներդ, այդքան պահանջկոտ: <<Դու պիտի լավ սովորես, պարապես, ամեն ինչով հետաքրքրվես: Այսինչ բանը քեզ մոտ լավ է ստացվում, ինչո՞ւ չես անում: Գիրք կարդա, անպայման գիրք կարդա, բայց ոչ այն գրքերը, որ դու ես կարդում: Դուրս արի զբոսնելու: Տնից դուրս չգաս: Շատ չուշանաս, ես անհանգստանում եմ: Այս մասնագիտությունը մի ընտրի, դա այդքան էլ շահութաբեր չի: Պարապի, պարապի, սովորի, գրագետ եղիր և մի մոռացիր դաստիարակության համար: Պարապիր, պարապիր, սովորիր>>: Ախր ինչո՞ւ դուք՝ ծնողներդ, չեք թողնում, որ մենք մեր ուզածն անենք:
-Մամ, ասա ինձ, դու՝ որպես ծնող, ի՞նչ ես ուզում քո երեխաներից:
-Ես միայն մի բան եմ ուզում. որ դուք (այսինքն՝ ես ու եղբայրս) երջանիկ լինեք: Իսկ դրա համար, ուզես թե չուզես, պետք է կարողնաս կյանքում <<ոտքերի վրա ամուր կանգնել>>: Իսկ ի՞նչ է պետք դրա համար: Աառաջին հերթին պետք է մասնագիտություն ունենալ ու լավ մասնագետ լինել: -Իսկապե՞ս (իսկ մտքում ասում եմ՝ չէ հա):
-Անպայման: Դրա համար էլ ես ուզում եմ, որ դուք սովորեք:
Չէի ուզենա, որ զբաղվեք արհեստով: Բայց ոչ թե այն պատճառով, որ դա վատ է կամ <<պրեստիժ չէ>>, այլ պարզապես ես երկու խելացի երեխա ունեմ, ինչի՞ համար թաղել ձեր ընդունակությունները, ձեր պոտենցիալը: Եթե չունենայիք այդ պոտենցիալը, խնդրեմ, մի սովորեք, գնացեք, արհեստ յուրացրեք:
-Մամ, ճիշտն ասա, չե՞ս ուզում, որ մատյանում միայն հինգեր (ավելի ճիշտ՝ իններ) ունենանք, որ քեզ ծնողական ժողովներին շատ չբողոքեն:
-Չէ՜: Ասենք, ինձ երբեք էլ չեն բողոքել: Բայց նույնիսկ եթե բողոքեին, ոչինչ: Կարևորը, որ դուք կարողանաք, նորից եմ ասում, <<ոտքերի վրա ամուր կանգնել>>: Չեմ ուզում տեսնել, որ իմ երեխաներին շահագործում են, ոտնահարում կամ կոխկրտում: Իսկ դրա համար դուք պետք է կշիռ ունենաք կյանքում: Իսկ դրա համար պետք է որոշակի հիմք ունենալ: Իսկ հիմքը միայն օտար լեզուների իմացությունը չէ, այլ նաև ընդհանուր գրագիտությունն ու կրթվածությունը: Դրա համար եմ ես հիմա այսքան չարչարվում ու ձեզ չարչարում, ինչպես դու ես ասում, որ հետո կյանքում ձեզ համար ավելի հեշտ լինի: Որ երջանիկ լինեք: Այսքան բան:
Ասենք, ես իմ մամայից երբեք էլ չեմ բողոքել: Ինքն էլ ինձնից շատ չի բողոքում: Այս <<հոդվածանման բանն>> էլ գրում եմ <<պետպատվերով>>: Բայց գիտեմ, որ շատ մամաներ ու դեռահասներ կան, ովքեր պիտի հասկանան այն, ինչ իմ մաման էր բացատրում ինձ: Ասենք ես այս ամենը առանց նրա ասելու էլ գիտեի: Իսկ դո՞ւք… Արսենյան Սոնա
|