Կարծո՞ւմ եք՝ նախկին ընկերուհուս մասին եմ խոսելու, կամ գուցե առաջին սիրո՞ւս: Ո՛չ, բնա՛վ: Այսօր խոսելու եմ մի պայծառ ՄԱՐԴՈՒ մասին: Հետաքրքիր է, հիմա նստած մտածում եմ, թե ինչո՞ւ ԻՐ մասին որեւէ գրառում չեմ կատարել, ինչո՞ւ չեմ խոսել ԻՐ հանդեպ տածածս տիեզերական սիրո մասին: Ինչո՞ւ: Սակայն, հիմա արդեն հասկանում եմ, որ այն ժամանակ ես շատ փոքր էի, անմեղ մի երեխա, ով չէր էլ հասկանում, թե ինչ է ուզում այս կյանքից, ով վախենում էր գրել, վախենում էր արտահայտել մտքերը: Իրավ են ասել` որքան հասունանում ես, այնքան ամեն ինչին այլ տեսանկյունից ես նայում: Ոսկե խոսքեր են…
2000 թվականն էր. առաջին անգամ պիտի դպրոց գնայի: Ուրախ — ուրախ նախապատրաստվում էինք սեպտեմբերին, ՆԱ այնքան էր ուզում ձեռքս բռնել եւ ինձ դպրոց տանել: Այնքան — այնքան էր ցանկանում ինձ հետ միասին մուտք գործել դպրոց, ինձ նստացնել նստարանին, հետո ամեն օր գար հետեւիցս եւ տուն տաներ:
— Գիտե՞ս չէ ինչ լավ ա լինելու, սեպտեմբերին դպրոց ես գնալու: Ես եմ քեզ տանելու ու ամեն անգամ հետ բերեմ: Անելու եմ ամեն ինչ քո համար, դու մենակ լավ սովորի, որ լավ մարդ դառնաս, որ հպարտանանք քեզնով, դառնաս ազգի արժանի զավակ: Բոլորը պիտի հպարտանան քեզնով, լսո՞ւմ ես, դու պիտի լավ սովորես, — աչքերը մաքրելով ասաց ՆԱ: Հետո միանգամից գրկեց ինձ, ակամայից ես էլ փաթաթվեցի ՆՐԱՆ, աչքերիցս արցունքներ հորդեցին, միանգամից մաքրեցի արցունքներս, որպեսզի ՆԱ չտեսնի, չանհանգստանա: Այդ օրվանից ես ինքս ինձ խոսք տվեցի, որ պիտի լավ մարդ դառնամ, պիտի լավ սովորեմ, ազգիս արժանի զավակ դառնամ, ես ինքս ինձ խոստացա:
— Ինչի՞ ես սովորում, ի՞նչ ա քեզ տալու սովորելդ, ինչի՞տ ա պետք: Էս դարում տղեքից ո՞վ ա սովորում, որ մի հատ էլ դու ես ուզում սովորել, — հարցնում են շատերը մինչեւ այժմ էլ: — Իսկ ես` ի հակառակ բոլորի սածների սովորում էի ու սովորում, ամեն անգամ, երբ մտքիս էր գալիս ՆՐԱ թաց աչքերը, սիրտս սկսում էր ավելի ու ավելի արագ բաբախել, ու ես ավելի մեծ ուժ ստանալով` շարունակում էի սովորել, կարդալ ու կարդալ, չէ՞ ար խոստացել էի ՆՐԱՆ, չէ՞ որ սեփական շուրթերովս էի ԻՐԵՆ ասել` այո, ես պիտի դառնամ այն մարդը ում ԴՈՒ ցանկանում ես տեսնել:
Բայց… Ավաղ… Կյանքը իրոք դաժան երեւույթ է: Շատ դաժան….
Նույն թվականի մարտ ամսին էր… Պատկերը մինչեւ այժմ էլ աչքերիս առաջ է հայտնվում, ու ստիպում, որ հիշեմ այդ դաժան օրը: Առավոտյան մոտավորապես ժամը տասն էր, արդեն արթնացել, հանգնվել, լվացվել էի ու ինձ համար գետնին նստած խաղում էի: Մայրս էլ էր արթնացել: Սովորություն ուներ շատ շուտ արթնանալ, սիրում էր, երբ բոլորը զարթնում են ու տեսնում, որ ամեն ինչ հավաքված է, ամեն ինչ իր տեղում է: Մայրս տներն էր հավաքում, ես գետնին նստած խաղում էի ՆՐԱ գնած գնացքով, երբ լսվեց այդ չարաբաստիկ զանգը: Մայրս հանգիստ մոտեցավ խոսափողին, ինչ որ ծանոթ ձայն նրան մի բան ասաց, մայրս մի քանի վայրկյան սառած նայեց ինձ ու լսափողը վայր գցեց ձեռքից: Ափերով բռնեց աչքերն ու լաց եղավ: Ես էլ` տեսնելով, որ մայրս արտասվում է, սկսեցի արտասվել: Մայրս տեսնելով, որ ես նույնպես սկսեցի արտասվել, միանգամից արցունքները սրբեց, մոտեցավ ինձ ու ամուր — ամուր գրկեց: Անմեղ հայացքով ու թացաչքերով նայեցի մամային ու հարցրեցի. — Մա, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես լացում: Ո՞վ էր զանգողը: Ի՞նչ էր ասում: Մի ծանր շունչ քաշելուց հետո` մաման շոյեց գլուխս ու ասաց. — ԻՆՔԸ մահացել ա, ինքը էլ մեր հետ չի:
Հիմա չեմ կարող խոսքերով բացատրել այն զգացողությունը, ինչը զգացի այդ վարկյանին: Կարծես ամբողջ աշխարհը փուլ եկավ գլխիս: — Ո՞նց թե մահացել ա, հնարավոր չի, տենց բան չկա ու չի լինի…. Չէ՛, չէ՛, չէ՛… Հնարավոր չի, ախր ՆԱ ինձ խոսք էր տվել, որ պիտի միասին դպրոց գնանք, պիտի ՆԱ նստացնի ինձ առաջին նստարանին, պիտի ամբողջ դպրոցով հպարտանար, ՆԱ ինձ խոստացել էր… — Փշրված հույսեր, ջարդոտված երազանքներ, կարծես մի բան ինձնից գողացել էր կյանքը անվերադարձ ու չէր ցանկանում վերադարձնել: Ախր ես այդ կյանքին ի՞նչ վատություն էի արել: Ի՞նչ: Ես ուղղակի խոստացել էի ՆՐԱՆ եւ կյանքին, որ պիտի լավ սովորեմ, որ պիտի դառնամ ազգիս արժանի զավակ, պիտի ՀԱՅԱՍՏԱՆ անունը ներկայացնեմ ամբողջ աշխարհով, իսկ հիմա կյանքը վերցնում եւ ջարդուփշուր է անում երազանքներս… Ատում եմ քեզ, կյանք ասված, լսո՞ւմ ես, ատում եմ: Դո՛ւ, ողորմելի արարած, որ կյանք ես կոչվում, քեզ հետ տանում ես միայն լավ մարդկանց, իսկ մակաբույծներին եւ այն մարդկանց, ովքեր ապրելու իրավունք էլ չունեն, շարունակում են ապրել: Ատում եմ քեզ, լսո՞ւմ ես: Ատում եմ ամբողջ հոգով:
ՆԱ մահացավ մարտ ամսին: Հիշում եմ, մի ամբողջ օր փակվել էի տանը ու չէի ցանկանում ոչ ոքի տեսնել, միայն խելագարի նման պատերն էի ճանկռտում: Միայն այն միտքը, որ ՆԱ այլեւս ինձ հետ չէ` սպանում էր ինձ: Երկու օր հետո գնացինք ՆՐԱ տուն: Այնքան մռայլ, այնքան գորշ գույն էր դառնել մեր տունը, կարծես մահը բանտարկել էր ծիածանին, չկար ոչ մի վառ գույն, չկար… Միայն սեւ եւ սեւ: Մինչդեռ, երբ նա ողջ էր, կյանքը այնտեղ եռռում էր, միշտ ուրախություն եւ ուրախություն: Ոչ ոք նրանից վատություն չէր ստացել, ոչ մի միլիգրամ: Միայն լավություն, ձեռք էր մեկնում ներքեւ ընկածին, ընկերոջը, հարեւանին, իսկ երբ քայլում էինք փողոցով ու հանկարծ տեսնում էր մուրացկանի, անպայման գումար էր թողնում: Ես միշտ հարցական նայում էի ԻՐԵՆ, /մենք նույնպես ֆինանսական ոչ լավ պայմաններում էին ապրում/, նայում էի իրեն, իսկ ԻՆՔԸ գիտե՞ք ինչ էր պատասխանում: — Դու հիմա փոքրիկ ես, չես հասկանում, երբ մեծանաս ամեն ինչ կհասկանաս: Աստված մեծ ա, ինքը ամեն ինչ տեսնում ա… Եթե մարդը վատ իրավիճակում ա գտնվում, պիտի օգնես բոլորին, հասակնո՞ւմ ես: Դա բոլորիս պարտքն ա…
… Երբ մոտեցանք տանը, հայրս մի պահ շրջվեց: Ես, որ կյանքում երբեք չեմ տեսել հորս արցունքները, առաջին անգամ տեսա… Առաջին անգամ տեսա, թե ինչպես է հայրս արտասվում: Հասկանում եք դա ինչ է նշանակում: Հորս աչքերը թաց են:
— Պապ, ինչի՞ ես լացում, — հարցրեցի ես` արցունքներս մի կերպ զսպելով: — Հեչ տղես, ուղղակի փոշի ընկավ աչքերիս մեջ: Հիմա կանցնի…
Է՜հ, պատմելիս իմ աչքերում էլ արցունքնր հայտնվեցին: Ամեն անգամ այդ չարաբաստիկ օրը հիշելիս աչքերս արցունքոտվում են:
… Արդեն սեպտեմբերն էր: Բոլորը ուրախ — ուրախ գնում էին դպրոց: Բակը լիքն էր ժպտացող, ինչու չէ նաեւ տխուր երեխաներով: Այդ երեխաների թվում էր նաեւ Դաթուշիկ անունով մի երեխա: Քայլում էր հանդարտ, հանգիստ քայլերով` մոր ձեռքից բռնած: Ժպտում էր ամենքին, շատ լավ իմանալով, որ սրտում լաց էր, տխրություն: Հասանք դպրոց, մայրս նստացրեց ինձ առաջին նստարանին, համբուրեց ճակատս եւ գնաց առաջին ուսուցչուհուս հետ խոսելու: Իսկ ես` բոլորից մեկուսացած, գլուխս դրած նստարանին արտասվում էի: Ահա եւ ամբողջ երազանքնրի ավարտը, մայրամուտը…
Բայց, ես կատարում եմ խոստումս, ես սովորում եմ, ես պիտի դառնամ ազգիս համար արժանի լրագրող, ես խոստացել եմ ՆՐԱՆ…
2000թ-ի մարտից անցել է ընդամենը տասնմեկ տարի, բայց ես դեռ շարունակում եմ հավատալ, որ ԴՈՒ կողքիս ես, որ մի օր դուռը զանգ կտաս եւ կասես, որ գնում ենք դպրոց, որ կնստացնես առաջին նստարանին: Հավատում եմ` այդ օրը կգա… Եվ ամեն ինչ կդառնա հնի նման… երջանկություն, հուշեր, երազանքներ, դպրոց, առաջին նստարան…