Քիչ բան: Երեք տղա, որոնք, հնարավոր է, սիրում են ինձ և մեկը ում, հնարավոր է, սիրում եմ ես... Բայց, դրա մասին չէր խոսքը: Թյուհ, էս ռոմանտիկ-սենտիմենտալը ինձ մի օր... մի բան կանի:
Քայլում եմ փողոցով: Սպորտային հագուստ նախընտրող երկու տղա են կռվում մի տատիկի հետ, որ լիմոններ է վաճառում: Մի պահ ուզում եմ մոտենալ ու խառնվել այս գործին, բայց վերջավորություններիս հետաքրքրություններից դրդված, լռում եմ:
Շարունակում եմ ճանապարհս: Հետաքրքիր է, ինչ ունեին կիսելու այդ սպորտային հագուստ նախընտրող տղաները լիմոններ վաճառող տատիկի հետ: Դժվար թե երեքով մի աղջիկ են սիրում: Է, թեկուզ այդ դեպքում, դիտարկվող աղջիկը ոչ մեկի սեփականությունը չէ, որ բազարներում որոշեն նրա ապագան: Բայց ես ինչպես միշտ շեղվում եմ թեմայից:
Ճանապարհս չի ուզում վերջանալ: Ես խելոք շարունակում եմ քայլել: Բայց լիմոններ վաճառող տատիկը ու սպորտային հագուստ նախընտրող տղաները շարունակում են զբաղեցնել իմ արդեն ամեն տեսակի խլամով զբաղված միտքը: Արդա՞ր է: Դժվար թե: Արդար չի թեկուզ նրանով, որ տղաները երկուսով են, իսկ տատիկը` մենակ:
Զուտ սպորտային հետաքրքրությամբ աբարոտ եմ անում այն բոլոր իրավիճակները, որոնք լիմոններ վաճառող տատիկի ու սպորտային հագուստ նախընտրող տղաների դեպքում հնարավոր էն: Առաջինը. տատիկը գինը թանկ է ասում: Ընդունում եմ: Ընդունում եմ երեքի տեսակետն էլ, չնայած, որ իմ հեղինակավոր կարծիքը ոչ ոք չի հարցնում: Երկրորդը. Տղաները ուղղակի բավարարում են իրենց սպորտային հետաքրքրությունը: Նրանց էլ եմ ընդունում, չնայած, որ իմ հեղինակավոր կարծիքը ոչ ոք չի հարցնում: Սա արդեն մարդկանց ձևավորված ու էվոլյուցիայի հիմնական փուլերն անցած մի տեսակն է` անգործների տեսակը: Անգործությունը սպանելու գերագույն նպատակին հետամուտ, նրանք դիմում են բոլոր միջոցների, այդ անգործության դեն առնելու համար:
Ու քանի որ դիտարկվող տեսակի հիմնական նպատակը անգործության դեմը ցանկացած ձևով առնելն է, էվոլյուցիայի ընթացքում նրանք ենթարկվել են բազմաթիվ մուտացիոն փոփոխությունների, որոնց թվում. պարզացել է նյարդային համակարգը, ուղեղի աշխատանքը... Բայց չէ, ես էլի թեմայից շեղվում եմ: