Ուրբաթ, 29.03.2024, 02:28
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » «Մեր խոսքը» մրցույթ » 7-րդ մրցույթ

Վահե Ղուկասյան: Flores Mortis: 3-րդ հորիզոնական
Աշխատանքային ժամն ավարտվել էր: Քաղաքի բոլոր գործարանները միացրին տագնապի ահազանգ հիշեցնող ազդանշանները` դուրս հրավիրելով բանվորներին գործարանների տարածքներից: Քաղաքի բոլոր ծայրերից վեր խոյացող հսկայական ծխնելույզները փոխեցին իրենց ծխի գույնն, ու երեկոյան քաղաքն ընկղմվեց դեղնագույն ծխի մշուշի մեջ: Գալա Վան Հենցը` հասնելով գործարանի պահակակետին, ցույց տվեց իր պայուսակը: Պահակը, որ միաչքանի, թոքախտավոր և սևացած ատամներվ տղամարդ էր, չռեց աչքը պայուսակի մեջ` համոզվելու համար, որ այնտեղ չկան որևէ հաբեր, բացի օրվա հասանելիք չափաբաժնից: Այդպիսիք չկային, և պահակը բացեց դուռը` ճանապարհ տալով Գալային դեպի կեղտոտ փողոցը:
Գալան, առանձնանալով գործարանից դուրս եկող մյուս բանվորներից, քայլերն ուղղեց խաչմերուկից դեպի ձախ` անընդհատ հազալով և թքելով: Թուքը նրա արնախառն էր, իսկ առանձնապես ուժեղ հազից հետո դուրս էին ժայթքում լերդացած արյան գնդեր և խորխ: Գալան ուզում էր անցնել հաջորդ փողոցը, երբ սկսեց հնչել դեղանյութեր փոխադրող բեռնատարի արգելակների ձայնը: Մաշված անվադողերը սահում էին փշոտ ասֆալտի վրայով սարսափելի ոռնոցով: Վարորդը փորձում էր ավելի ամուր սեղմել արգելակման ոտնակը` հրելով այն թարախաբշտիկներով պատված բոբիկ ոտքով: Գալան անցնում էր փողոցը առանց գլուխը դեպի բեռնատարը դարձնելու: Ահագին մեքենան սահում էր արդեն կողքանց` անիվների տակից արձակելով վառվող ռետինի ծուխը:
Բեռնատարը կանգնեց, երբ Գալան արդեն անցել էր մյուս կողմն ու իր անվստահ փոքր քայլերով շարունակում էր ճանապարհը դեպի տուն: Նա շտապում էր իր տուն` հասնելու որդու ծննդյան տարեդարձին: Իսկ ազդրի վրա` գուլպայի մեջ, նա տանում էր որդու համար հայթայթած ամենալավ նվերը: Նա քայլում էր` զգալով գուլպայի արանքում պահված ծանրությունը: Նրան բացի հազից ցնցում էին վախի զգացումն ու պարծանքը, որ կարողացել է խաբել պահակներին: Հուզումից արագացել էր նրա արյան շրջանառությունը, և սովորաբար սպիտակ այտերը թեթև կարմրել էին:

Շենքը, որտեղ ապրում էր Գալա Վան Հենցն իր որդու հետ, ուներ ընդարձակ ֆոե: Ֆոեյում էր գտնվում մեծ հեռուստացույցը: Հարևաններից շատերն իջեցրել էին իրենց անկողինները ֆոե, որտեղից երեկոյան միասին նայում էին շոուն: Շոուն հեռարձարկվում էր ուղիղ եթերում: Շոույին մասնակցում էին ամենահաջողակ մարդիկ, որոնք կարողանում էին մահվան աննկարագրելի ակնթարթներն ապրել ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առջև` ուղիղ եթերում` բոլորի համար: Շոուն վարում էր Պոլ Տեր-Ռեյնը` հաշմանդամային սայլակի մեջ նստած: Նրա ոտքերը կտրել էին երկու ամիս առաջ` գանգրենայի պատճառով: Ասում էին, որ գանգրենան շարունակվում է տարածվել նրա մոտ, և շուտով բժիշկները կկարողանան հեռացնել նրա ստորին վերջույթները մինչև կոնքոսկրները: Պոլ Տեր-Ռեյնի գլուխը, որ մազազրկված էր թանկարժեք հաբերի շնորհիվ, զարդարված էր նաև խնձորաչափ բարորակ ուռուցքով, որ իր սեփական ծանրության տակ պոչի պես կախվել էր ականջի հետևից:
Պոլ Տեր-Ռեյնը ներկայացնում էր շոույի մասնակիցներին` երկարացնելով նրանց անունները: Դրանք հիմնականում տարեց մարդիկ էին, որոնք զրկված էին այս կամ այն օրգանից: Նրանցից շատերը կարողանում էին իրենց թույլ տալ ամենալավ հաբերը: Որակյալ հաբերն արագացնում էին քայքայիչ պրոցեսներն ավելի լավ քան հասարակները և պարունակում էին իրենց մեջ ռադիոակտիվ մասնիկներ, որոնք ակտիվացնում էին բջիջների ծերացումը: Հինգշաբթիօրյա շոույի «Մահվան դարպասն» էր բացառիկ գիլյոտինը: Ուղեկցելով առաջին երջանիկ մասնակցին դեպի այդ «դարպասը»` Պոլ Տեր-Ռեյնը գոչում էր` «Բռավո~, բռավո~, ես քեզ նախանձում եմ, ես քեզ նախանձում եմ, գրողը տանի, ես նախանձում եմ»:
-Գալա Վան Հենց, արի մեզ հետ դիտենք շոուն,-դիմավորեց Գալային հարևաններից մեկը, որ ուներ աղային կուտակումներ բոլոր հոդերում և չէր կարողանում շարժվել,-արի, արի նայենք, դու երբեք չես նայում:
Գալան պատասխանեց նրանց սպասողական հայացքներին հազիվ նկատելի գլխի շարժումով ու անցնելով նրանց անկողինների արանքով` բարձրացավ մի հարկ վեր` իր բնակարան:
-Իսկ դու միշտ մոռանում ես, որ նա չի դիտում շոուն,-ասաց մյուս հարևանը և այլայլվեց: Նրա դեմքի մկանները ձգվեցին, նրա աչքերը հետ գնացին, բերանին փրփուր հավաքվեց և նա ընկավ գետնին: Ջղաձգված մարմինն անհեթեթ շարժումներ էր կատարում: Փրփրած բերանից լսվում էր խռռոցը:
-Էլի մի քանի հաբ ու նա վերջապես կմահանա,-ասաց ինչ-որ մեկը:

Գալա Վահ Հենցի որդին քնած էր: Նրա շնչառությունը թույլ էր: Աչքերի տակ կապտած էր: Շուրթերը կապույտ էին նույնպես: Նa շնչում էր դժվարությամբ: Գալան նայում էր որդուն: Այսօր նրա ծնունդն էր: Գալան կարողացել էր բերել նրա համար նվեր: Հնարավոր է` ամենաթանկարժեք նվերը: Քիչ հետո, երբ որդին կարթնանա ու հերթական անգամ կսկսի փսխել, Գալան կշնորհավորի նրան ու կտա իր նվերը: Գալայի այտերը չէին կորցնում իրենց կարմրությունը: Նա սկսեց հազալ, ու երկար հազից հետո աչքերը նրա լցվեցին արցունքներով: Գալան գնաց լոգարան: Հաբերի փաթեթավորման արտադրամասում աշխատելուց նրա ձեռքերի մաշկը քայքայվել էր: Ափերը ճաքճքված էին խորը կնճիռներով: Նա հանեց իր զգեստը` մնալով միայն գուլպաներով: Գալան բարձրացրեց ոտքը վաննայի վրա: Կնճռոտ ձեռքերով իջեցրեց գուլպան: Հատ գնացած նեյլոնե գուլպան սահեց չոր մաշկի վրայով: Դեղնավուն մաշկի տակից երևում էին կապույտ տրոմբային խցանումներով երակները: Պլաստիկ ծրարն ընկավ բետոնե հատակին: Որդու համար բերված նվերը: Միանգամից քսան հաբ: Այդքանը հերիք է` երեխային ապահով մահ նվիրելու համար: Գալան վերցրեց ծրարն ու դրեց լվացարանի վրա: Միացրեց ծորակը: Սառը ժանգոտ ջրով լվացվեց: Նայեց իրեն հայելու մեջ:
Ապահով մահ: Դա նա կարող է այսօր նվիրել իր միակ որդուն, միակ հարազատ մարդուն: Ռիսկի գնով, վախի գնով ձեռք բերված նվերը:
Գալան ձեռքերը պարզեց ծորակի տակ, հավաքեց ափերի մեջ ժանգաջուրն ու նորից ցայեց դեմքը:
Լսվեց երեխայի ձայնը: Նա տնքում էր: Գալարվում էին նրա աղիքները` կերակրափողով դուրս մղելով ստամոքսի պարունակությունը: Գալան հագավ ատլասե ծակծկված խալաթը: Պլաստիկ ծրարը թաքցրեց խալաթի փոքրիկ գրպանում:
Որդին նստած էր մահճակալի վրա: Մեջքին հստակ երևում էին ողերը`գաճաճ սապատների պես:
-Ես սիրում եմ քեզ,-ասաց Գալան:
-Մայրիկ:
-Ծնունդդ շնորհավոր,-ասաց Գալան:
Երեխան դողաց: Աչքերը կլորացան: Ոսկորների վրա կիպ նստած կաշին էլ ավելի նեղացավ` ի ցույց դնելով ողջ կմախքը: Երեխան նորից հետ տվեց:
-Ինչ եմ նվեր ստանալու, մայրիկ,-հարցրեց նա՝ շունչը վերականգնելով:
-Այս տարի էլ ոչինչ, որդիս...ներիր ինձ:
Բաժին` 7-րդ մրցույթ | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 629 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'