Հոդվածներ
Լավ էլի...
«Լավ էլի, դուք էլ բան ու գործ չունեք, պոեզիայո՞վ եք զբաղվում» Չէ, մի՛ շտապեք եզրակացություններ անել նյութի հեղինակի, առավել ևս նրա նախասիրությունների մասին (Աստված էլ բեթարից ազատի): Վերոնշյալը պարզապես մեջբերում էր մի անձնավորության խոսքերից, ով ոչ ավել, ոչ պակաս արվեստի, մշակութային կենտրոնի ղեկավար է («Ողբամ զքէզ Հայոց Աշխարհ…» է՜հ Խորենացի, ականջդ կանչի, դու գնացիր-ազատվեցիր, մեզ էլ կրակի մեջ թողեցիր): Անուններ նշել չեմ ցանկանում, նպատակս ամենևին էլ անձնական վիրավորանքը չէ, այլ՝ ընդհանուր երևույթը ներկայացնելը, ու ոչ էլ «հայկական խասյաթ» ունեմ ամեն պատեհ ու անպատեհ առիթներով աջ ու ձախ քննադատել (հեչ էլ պարապ չեմ մնացել): Մի բան միայն չեմ հասկանում, ինչու 4 կամ 7 տարեկան ճապոնացին կարող է ստեղծել համակարգչային խաղեր, հավելվածներ սմարթֆոնների համար կամ էլ 2 տարեկան ռուսը մաթեմատիկական բարդ հաշվարկներ կատարել և դա շատ նորմալ, ծափահարություններով ու հիացմունքով ընդունվել բոլորի, այդ թվում՝ հայ հասարակության կողմից, իսկ երբ, ահա՛, հայ պատանիներն են որևէ ԱԶԳՕԳՈՒՏ գործ նախաձեռնում… ներկայացնեմ տվյալ դեպքին համապատասխան մի քանի տիպիկ արտահայտություններ - «սրա տակը մի բան կա», «ետևում մարդ ունի», «ոնց կարա 12 տարեկան էրեխեն իրանից մեծ բաներ անի» և այլն, թե չէ արտասահմանցի երեխաներն էլ իրենք իրենց են հայտնվում երկրի վրա՝ որպես պատրաստի տաղանդներ: Երկար նախաբան ստացվեց, բայց՝ տեղին: Մարդիկ մշակույթի նախարարության անունից ընդամենը դահլիճ են խնդրում, այն էլ գրական միջոցառման համար և ստանում առաջին տողում գրված մեղմ ասած «պատասխանը»: Եվ թող այսուհետ մեկը համարձակվի ասել «այսօրվա երիտասարդությունը չի կարդում, գրական կյանքով չի հետաքրքրվում» (ահ. չեմ ուզում սենց ջահել-ջահել կյանքս ճաղավանդակների ետևում անցկացնել): Ու այսքանից հետո ուզում եք, որ մարդկանց մոտ ցանկություն լինի՞ կարդալու: Հըմմ, ասում են՝ «Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում», նկատի ունեմ, որ ԿԱՐԴԱՑԱԾ մարդն իրեն նմանատիպ գործի համար խնդրողին туда дальше չի՛ ուղարկի, հաստա՛տ: Դեռևս չորս տարի առաջ, երկու պատանիներ՝ Մանուկ Նիգոյանը, ով այժմ Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նախագահն է, և Սոնա Արսենյանը՝ նույն միության անդամ, համատեղ ջանքերով հիմնեցին Սևակյան պոեզիայի փառատոնը՝ ի սկզբանե նպատակ ունենալով պրոպագանդել հայ գրականությունը: Մրցութային սկզբունքով մասնակից դպրոցականները հնարավորություն էին ունենում ցուցադրել ասմունքի ասպարեզում իրենց շնորհները: Արդյունքում՝ նրանցից շատերն այսօր Հայաստանյան մի շարք մշակութային կենտրոններում պահանջված ասմունքողներ են: Տարեցտարի փառատոնն ավելի լայն շրջանակներ ընդգրկեց. եթե նախորդ երեք տարիներին միայն ասմունքի մրցույթ էր անցկացվում, ապա այս տարի դրան միացել են նաև գրական-ստեղծագործական, գեղանկարչական և լուսանկարչական ոլորտները՝ կրկին հայ գրականությանն առնչվող թեմատիկայով (տվյալ դեպքում՝ պոեզիայի ժանր): Նախորդ տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել միայն 41 դպրոցներ, մնացյալն էլ այդ մասին հիշել են հայտերի ընդունման ժամկետների ավարտից հետո միայն: Նախաձեռնությունն ավելի ընդլայնելուն խոչընդոտում է միայն ֆինանսական միջոցների բացակայությունը, որի նվազագույն առկայության դեպքում անգամ կազմակերպչական թիմը պատրաստ է մեկնել նաև շրջաններ և տեղում գործել: Եվ ահա հերթական անգամ Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ կրկին լի հույս ու հավատով. «Չնայած արդեն երեք տարի միշտ դրական պատասխան ենք ստանում, այդուհանդերձ ոչ մի աջակցություն չենք ստացել, հուսանք գոնե այս տարի կլինի»,- նշում է միության նախագահ Մանուկ Նիգոյանը: Հուսանք, իսկապես հուսանք, որ գոնե այս տարի հայտնի առածի պես «համապատասխան կենդանին» մինչև գարուն (պայմանական) սպասելու բախտին չի արժանանա: Բայց դե բարեբախտաբար ոչ բոլորն են «մի մահակով քշված»: «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն, այսպես ասած, շատ ավելի հեռուն է տեսնում. «Մեր լեզուն, մեր գրականությունն այսօր վտանգված են. բոլորը քաղաքականացված են: Ազգը պետք է ամուր մնա իր արմատների վրա»: Եվ ահա, ասոցիացիան պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել երիտասարդների նախաձեռնությանը՝ ընդհուպ մինչև ֆինանսական միջոցների տրամադրում: Մեզ մնում է միայն «նստել թախտին, սպասել բախտին»-ի տարբերակով շունչներս պահած սպասել Մշակույթի նախարարության... հոգեբանական աջակցությանը :)))) Օ՜հ, Թումանյան, ոնց եմ ես քեզ սիրում Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։
Իրինա Հախունց
|
Բաժին` Բաց փակագծեր | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 716 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|