Հոդվածներ
Սովորեք «չաթերեն»
Ասում են, համաշխարհային հելլենիստական մշակույթ չի եղել երբեք այս աշխարհում: Հելլենիստական մշակույթը տվյալ տարածաշրջանի ազգային մշակույթի և հունահռոմեական հզոր ու այն ժամանակ թելադրող մշակույթի հիբրիդն է*:
Այդպես էլ համացանցային մշակույթը, մասնավորապես՝ «չաթերենը»՝ տարատեսակ ֆորումների, չաթերի, ստատուս-քոմենթային համակարգերի պաշտոնական լեզուն և սիրված բարբառը: Գոյություն չունի համընդհանուր չաթի լեզու: Որպես կանոն՝ «չաթերենը» տվյալ անձի մայրենի լեզվի և համացանցային որոշ խորամանկությունների հիբրիդն է: Դե ինչ, սկսենք ուսումնասիրել այդ ժամանակակից համարյա թե մշակույթը:
Գիտնականները պնդում են, որ կարդալիս մարդու ուղեղը չի ընկալում ամեն տառը առանձին-առանձին, այլ ընկալում է բառն ամբողջությամբ: Փորձերը ցույց են տալիս, որ եթե բառի միայն առաջին և վերջին տառերն են ճիշտ տեղում, իսկ մնացած տառերը խառն են գրված, դուք միևնույն է կկարողանաք կարդալ բառը (սեփական փորձից եմ ասում՝ դա իրոք այդպես է): Չաթերենի մասնագետները լավ գիտեն այդ կանոնը, այնպես որ հանգիստ տառերը տեղերով փոխում են, նույնիսկ կուլ են տալիս դրանք (ամենատարածվածը վերջին տառը չգրելն է), երբեմն բաց են թողնում ամբողջ բառեր:
Չաթերենի մասնագետները լավ գիտեն, որ եթե նախադասությունը թերի է գրված կամ բառում կարևոր տառասխալ կա, որը կարող է իմաստային փոփոխություն մտցնել նախադասության մեջ, կամ էլ պետք է որոշ ճշգրտումներ մտցնել արդեն ուղարկված նամակում կամ թողարկված քոմենթում (այդպիսի դեպքեր հաճախ են լինում, որովհետև ոչ ոք չի գժել՝ նստի, քոմենթը ստուգի թողարկելուց առաջ), կարելի է ևս մեկ քոմենթ ավելացնել *…. ստրուկտուրայով: Այս վերևի աստղանիշը նշանակում է, որ քոմենթի հեղինակը որոշ բաներ է ուզում ավելացնել իր նախորդ քոմենթին:
Ուղղագրական և կետադրական սխալ հասկացությունը չաթերենում գոյություն չունի: Այսինքն՝ ունի, բայց գործնականում չունի: Կետ-ստորակետ-գծիկ, բոլորը մեկ են և դրվում են՝ կախված հեղինակի տրամադրությունից: Նույնպես հատուկ անունների փոքրատառ կամ մեծատառ գրությունը «եղանակ չի փոխում», անգամ եթե դուք գրում եք սեփական անունը:
Շատ հաճախ բառերով չես կարող արտահայտել զգացմունքներդ: Այդ դեպքում օգնության են հասնում սմայլիկները՝ . , :P , և այլն: Կան նաև սրանց կարճ ձևերը՝ - ժպիտ - )))))))
- ժպիտի հակառակը - (((((
- ծիծաղ - DDDDD
- Հայերեն տառերով գրելիս գործածական է նաև - ՃՃՃՃՃ - սմայլիկը, որը համարժեք է ամենավերևի ժպիտին:
Սմայլիկենրը շատ օգտակար արարծներ են: Առաջին հերթին նրանք օգնում են կարճ ու կոնկրետ պատասխան տալ: Երկրորդ հերթին լավ են արտահայտում այն, ինչ չաթերենի գիտակները միշտ չէ, որ կարող են արտահայտել բառերով: Եվ հետո անտեղի դրված սմայլիկը հաճախ անիմաստ ու տհաճ խոսակցության վերջակետն է դառնում (դե, էլ ի՞նչ գրես, երբ զրուցակիցդ միայն փակագծեր է նկարում, փոխանակ մասնակցի զրույցին):
Չաթերենի ոճաբանությունն ու բառապաշարը շատ ճկուն են: Հայերենը, ռուսերենը, անգլերենը և ուրիշ շատ լեզուներ (կախված է օտար լեզուների ձեր արսենալից) հանգիստ կարող են գոյատևել մի նախադասության մեջ և բարի-դրացիական հարաբերություններ հաստատել: Այսպես՝ դաժե, տոժե, լիբո, կակ ռազ բառերը հայերենում անթույլատրելի են, իսկ չաթերենում կլյուչեվոյ բառերից են (շատ հարմար է ռուսախոսների համար. իրոք, համացանցը համամարդկային արժեք է):
Չաթերենում թվերը նույնպես օգտագործվում են տառերի փոխարեն՝
4 = չ 6= շ 8= ութ (8յուն = ություն) և այլն:
Չաթերենը պահպանում է տվյալ լեզվի բոլոր բարբառների առանձնահատկությունները:
Հայերենի չաթերենի երևանյան բարբառում լեզվի սյուներից մեկն է ա օժանդակ բայը, որը վաղուց արդեն դուրս է մղվել դասական հայերենից:
Չաթերենը չի տառապում դասական հայերենի՝ բոլոր օտարածին բառերն անպատճառ թարգմանելու մոլուցքով: Like = լայք և ոչ թե՝ հավանել:
Բայց չաթերենի իմաստը այս պրիմիտիվ կանոնները չեն: Չաթերենը հրաշալի է նրանով, որ այստեղ անջատվում են մարդու լեզվամտածողության բոլոր արգելակները, որոնք ուղղորդում են (կամ չեն ուղղորդում) մեզ առօրյա կյանքում: Կիսահայերեն խոսող ճապոնացիներին ես հասկանում եմ նույնքան լավ, որքան ամերիկացին հասկանում է իմ «էլեկտրապոզասայլի» (տռամվայի) տակ ընկած անգլերենը, իսկ իմ հարևանի քիդը՝ այդ նույն ամերիկացու թերիից էլ թերի ռուսերենը:
Կարող եմ վստահությամբ ասել, որ չաթերենը՝ որպես հաղորդակցության միջոց, գլոբալիզացիայի լավագույն զենքերից մեկն է: Լա՞վ է դա, թե՞ վատ, դուք որոշեք, բայց ուզենք թե չուզենք, այս լեզուն արդեն ձևավորվել է և զարգանում է շատ ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ լեզու: __________________________________________________________ Գերոգ Գոյան «Հայոց թատրոնի երկուհազարամյակը» գրքից
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 537 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|