Ուրբաթ, 22.11.2024, 03:10
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Փետրվար #02

Ուզում եմ մեռնել Գրիբոեդովի պես


1989 թվականի ապրիլին միջազգային կինոփառատոնին Ստամբուլում ես սարսափով համոզվեցի, որ Սերգեյը լուրջ հիվանդ է: Թիֆլիսում ոչ ոք նրա բազմաթիվ ընկերներից դրան հավատալ չէր կամենում: Նա ասում էր. «Ես արյուն եմ հազում, ես երևի թոքախտ եմ, ինչպես Մարգարիտ Գոթյեն կամ Վիոլետան»: և իր սիրած օպերայից արիաներ էր երգում: Կատակո՞վ էր ասում, թե՞ լուրջ: Նրա դեպքում երբեք չես հասկանա: Բոլորը ձեռքերը թափ էին տալիս` վերջ տուր իբր տխմար ձևանալ, գիտենք մենք քո թոքախտը:Բայց Ստամբուլում ես հասկացա` դա լուրջ է: Ցերեկով նա աշխույժ էր, շփվող և հետաքրքրասեր, ինչպես առաջ, սակայն երեկոյան ժամերին դառնում էր ուժասպառ և անտարբեր: Վաղ էր պառկում քնելու: Խնդրում էր ոչ մեկին իր մոտ չթողնել, որ ամենևին նրան նման չէր:

Մյունխենում մինչև ուշ գիշեր նա պտտվում էր, շփվում էր ահռելի քանակությամբ երկրպագուների և լրագրողների հետ: Դժվարությամբ էր հաջողվում համոզել նրան գոնե մի երկու ժամ քնել:

Առավոտյան ես նրան գտնում էի տրտում և մտազբաղ: Հետո վրա էր գալիս կեսօրը, նա աշխուժանում էր, դառնում առաջվա Սերյոժան, բայց այդպես մինչև երեկոյան 7-8-ը: Հետո գնում էր իր համարը և միանգամից լույսն անջատում էր:

Փառատոնի հանդեպ նա ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում: Նրա աշխատանքի վերջին օրը մենք, ինչպես սովորաբար, քաղաքի հին մասում էինք, շուկայում: Դանդաղ շարժվում ենք ոսկով փայլատակող միջանցքով` շրջապատված Սերգեյի նորաթուխ երկրպագուների և ավարաների ամբոխով... Հանկարծ հենց մուտքի մոտի լուսաշերտում ես նկատեցի փառատոնի ադմինիստրատորներից մեկին, որը ցատկոտում էր, ձեռքերը տարուբերում և հուսահատ ինչ-որ բաներ էր գոչում` փորձելով գրավել մեր ուշադրությունը:

Պարզվեց, որ Փարաջանովին քաղաքով մեկ փնտրում են: Նա ստացել է հիմնական մրցանակներից մեկը` փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը «Աշուղ Քերիբի» համար: Մրցանակների հանձնման արարողությունը փառատոնային դահլիճում արդեն մոտենում է ավարտին: Ես քաշում եմ Սերգեյի խալաթի ծայրից և տանում եմ դեպի ելքը, դեպի մեզ սպասող մեքենան: Ճանապարհին բացատրում եմ, որ իրեն անհրաժեշտ է ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ, շնորհակալական ավանդական խոսքեր ասել: Հուզմունքից մոռանալով, թե ում հետ գործ ունեմ` նրան խորհուրդ եմ տալիս սահմանափակվել շնորհակալությամբ, չծավալվել: «Մի մոռացիր, որ մենք Թուրքիայում ենք: Ամենակարևորը` ոչ մի խոսք Ղարաբաղի մասին»: (Ստամբուլում մենք հայտնվեցինք Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին):

Վերջապես մենք ներխուժում ենք դահլիճ` քրտնած, շնչակտուր և բորբոքված: Սքանչելի Խյուլիա Ուչանսուն, ստամբուլյան կինոփառատոնի անփոփոխ տնօրենը, ընդհատելով իր եզրափակիչ խոսքը, ծափերով դիմավորում է Սերգեյին և մեզ բեմ է հրավիրում:

Ծափերը դահլիճում երկար չեն դադարում, և Սերգեյը կերպարանափոխվում է, աչքերը շողշողում են` նրա առջև լսարան է: Այն էլ ինչպիսի: Փորձս սկսում է ինձ հուշել, որ այս ամենն այնքան էլ հեշտ չի անցնի և շուտով թեժ կլինի:

Սկզբում նա պատմեց այն մասին, որ խալաթը, որը նա հագել է, հպվել է հենց իր` Նադիր շահի մարմնին, և անցավ բեմով, որպեսզի բոլորը կարողանան հմայվել դրա գեղեցկությամբ: (Խալաթն իր էսքիզով կարել էր իմ հարևանուհի Լյալյա Ագաբաբովան):

Սերգեյն այն ժամանակ արտաբերեց իր ամենապայծառ, ամենազարմանալի խոսքը, որը ես երբևէ լսել էի: Նա խոսում էր երկու հարևան ժողովուրդների դիմակայության անիմաստության և դաժանության մասին, և այն մասին, որ երբ Ղարաբաղում թափվում էր իր հայրենակիցների արյունը, նա մոնտաժում էր իր «Աշուղ Քերիբը»` թուրք աշուղի մասին ֆիլմը: Խոսում էր այն մասին, թե նա ինչքան է սիրում աշուղների ժողովրդական երգը, թե ինչպես է ժամերով լսում անկրկնելի դայլայլներով ու գեղգեղանքներով լեցուն մուղամ կատարողների ձայները, այն մասին, թե որքան ընկերներ էր ձեռք բերել Բաքվում, երբ նկարահանում էր ֆիլմը... Նա ավարտեց այս խոսքերով` «Աստված մեկ է»:

Եվ ահա ամեն ինչ ավարտված է, և մենք ուղևորվում ենք հյուրանոց: Մեզ ուղեկցում է Թուրքիայում ապրող մի հայ լուսանկարիչ: Ոտքով ենք գնում` հյուրանոցը մոտ է: Փողոցում նույն էժան ջինս, տաբատ և ինչ-ասես ծախող միևնույն առևտրականներն են:

Սերգեյը տառացիորեն հաջողացնում է հարևանների համար ինչ-որ շալվարներ, վերնաշապիկներ գնել: Նա դանդաղ գնում է կիսամութ փողոցի մեջտեղով, իր ավարներով բեռնված, լիովին իր սիրած զբաղմունքով տարված, երբ ես նկատում եմ երիտասարդ թուրքերի մի խումբ, որ մեր հետևից է գալիս: Ցասկոտ ձեռածելով և ինչ-որ բանի շուրջ վիճելով` նրանք մշտապես մեզ վրա արտահայտիչ և բավական անբարեհամբույր հայացքներ են նետում:

Նայելով մեր ուղեկցորդին, նկատում եմ` նա լրջորեն տագնապած է: Նրան ձեռքով նշան եմ անում, որպեսզի հանկարծ նրա մտքով չանցնի գրավել Սերգեյի ուշադրությունը: Վերջապես ամբոխից առանձնանում է մի երիտասարդ, մոտենում է ինձ, ձեռքս ինչ-որ գրություն է խոթում, և մեզ հետապնդողները նահանջում են դեպի փողոցի կիսախավարը: Մենք արդեն մոտենում ենք վառ լուսավորված «Մարմարա» հյուրանոցին, և բռունցքիս մեջ սեղմած գրությունը բացելով, կարդում եմ` «Դու, խղճուկ ռեժիսորիկ: Այս անգամ մենք քեզ ներում ենք: Չհամարձակվես հիշատակել Ղարաբաղը: Կեցցե Ադրբեջանը»: Եվ մակագրություն` «Թուրքիայի երիտասարդ բանաստեղծներ»:
Հյուրանոցի նախասրահում թեթևակի շունչ եմ քաշում: Մեր ուղեկիցը, տեղացի հայը, որը ողջ այդ ընթացքում լարված լսում էր մեր մեջքի հետևում տեղի ունեցող վեճը, խաչակնքվում է և բարձրաձայն արտասանում` «Փառք քեզ, Աստված»:
Եվ ահա այդ պահին Սերգեյը սթափվում է իր տրանսից և տառացիորեն մեզ հարցակոխ է անում: Ի՞նչ է կատարվում: Որտե՞ղ: Ե՞րբ: Ինչու՞ ինձ չասացիք: Ես թարգմանում եմ գրությունը, իսկ մեր ուղեկիցը պատմում է, թե նա ինչպես է ականջ դրել, որ մեզ վրա մահափորձ էր պատրաստվում: Այդժամ Սերգեյի աչքերը բոցկլտում են երկնագույն Փարաջանովյան հրով, և հյուրանոցով մեկ ոտքերի հարվածներով ու շարժմունքով ճիչ է բարձրանում.
- Ինչպե՞ս եք համարձակվել ինձ չասել: Դուք ինչպե՞ս եք կարողացել ինձանից թաքցնել:
- Եթե ես քեզ ասեի, դու անպատճառ մահափորձ կսադրեիր:
- Եվ շատ հիանալի: Այ թե լավ կլիներ: Դու ի՞նչ է, ուզում ես, որ ես մահանամ տեղաշորիս մեջ, ինչպես իմ քույր Անյան: Ո՞վ է քեզ խնդրել պահպանել ինձ: Ես ուզում եմ մեռնել Գրիբոյեդովի պես: Ինձ կսպանեին և Թիֆլիս կբերեին, ինչպես Գրիբոյեդովին:
- Բայց Գրիբոյեդովին Իրանում են սպանել:
- Աստված իմ, ինչ սահմանափակություն: Դա ի՞նչ նշանակություն ունի:
Մենք հաշտվեցինք միայն առավոտյան ինքնաթիռի մեջ:
Արդեն հաջորդ օրը Սերգեյն ըմբոշխնելով և մանրամասնելով պատմում էր, թե ինչպես են Ստամբուլում իր վրա մահափորձ կատարել, թե ինչպես փորձել են ինձ փրկագնով առևանգել և թե ինչպես է նա ինձ փրկել «ենիչերիների» ձեռքից: Այդ պատմության բազում տարբերակներ կային` կախված լսարանի և պատմողի տրամադրությունից:
Սակայն կես տարի էլ չանցավ, որ ես հիշելով այդ դրվագը դադարեցի ժպտալ` նրա կյանքն արագընթաց մոտենում էր ավարտին: Կնշանակի, դեռ Ստամբուլում, հյուրանոցի մութ համարում ինքն իր հետ մնալով, նա մտածում էր իր վաղաժամ մահվան մասին, կանխատեսի հոտառությամբ գիտեր նրա անխուսափելիությունը և պատրաստվում էր «փարաջանովավարի» մեռնել:

Թարգմանությունը`Վարդան Ֆերեշեթյանի
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 541 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'