Հոդվածներ
Նախաբան: Ի՞նչ է էթիկետը
Էթիկետը սահմանված որոշակի նորմերի համակարգ է, որը կանոնակարգում է մարդկային հարաբերությունների վարքային դրսևորումները:
«Էթիկետ» տերմինը ֆրանսիական ծագում ունի (e'tiquette - պիտակ, քարտ) և թարգմանաբար նշանակում է «վարքի սահմանված կարգ»: Այն առաջին անգամ գործածության մեջ է դրվել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի օրոք, 17-րդ դարում: Նրա պալատական ճոխ ընդունելություններից մեկի ժամանակ հյուրերին բաժանվել են հատուկ քարտեր՝ էթիկետներ, որոնցում նշված են եղել պահանջվող վարքի կանոնները: Հենց ֆրանսիական էթիկետ (քարտ) բառից էլ առաջ է եկել «էթիկետ» տերմինը, որը նշանակում է դաստիարակվածություն, հղկված շարժուձև, հասարակության մեջ ինքն իրեն դրսևորելու կարողություն: Բարեկիրթ վարվեցողությանն ու գեղեցիկ շարժուձևին առնչվող հարցերը մարդկությանը հուզել են շատ վաղուց: Հին չինական փիլիսոփայական ուղղություններից մեկի՝ կոնֆուցիականության հիմնադիր Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479 թթ.) էթիկետին («լի») մեծ նշանակություն էր տալիս: «Լին», ըստ Կոնֆուցոսի, պետք է ներդաշնակ հարաբերություններ ձևավորի մարդկանց միջև և կարգավորի նրանց վարքը տարբեր իրադրություններում, ինչպես նաև պետք է սահմանի միապետի ու նրա հպատակների միջև հարաբերությունների ձևերը, վարքագծի նորմերը ընտանիքում: Էթիկետին անդրադարձել է նաև հույն փիլիսոփա Արիստոտելը (մ.թ.ա. 384-322թթ.): Նա առանձնացնում է վարվեցողության երեք տեսակ: Առաջինը ներառում է այն բոլոր կանոններն ու նորմերը, որոնք վերաբերում են մարդկային շփումներին, միմյանց հետ ծանոթանալու և ողջույնի ձևերին: Վարվեցողության երկրորդ տեսակն արտահայտում է կարիքավորներին օգնության հասնելու պատրաստակամությունը, իսկ երրորդ տեսակն արտացոլում է շարժուձևի այն բոլոր նորմերը, որոնք առնչվում են հյուրընկալության և սեղանի շուրջ պահվածքին: Էթիկետի կանոններն անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ: Դեռևս դասական գրականության մեջ հանդիպում ենք վարվեցողության սովորույթների և նորմերի նկարագրության: Այսպես՝ հին սկանդինավյան ձեռագրերում («Էդդա»-ում) բավական հանգամանալից տեղեկացվում է սեղանի շուրջ նստելու սովորույթների մասին: Ըստ նշված աղբյուրի՝ շատ պատվաբեր էր համարվում ազդեցիկ մարդու հետ մի ափսեից ճաշելու հրավերը, իսկ կենացներ ու բաժակաճառեր ասելու կանոնները խախտելու դեպքում պատիժ էր սահմանված: Դաստիարակության, քաղաքավարության և վարվեցողության հարցերի շուրջ առաջին գիրքը, որ կոչվել է «Կղերական կարգապահություն», կազմել է իսպանացի քահանա Պետրուս Ալֆոնսոն 1204 թ-ին: Հետագայում վարվեցողության կանոնների վերաբերյալ շատ գրքեր են տպագրվել: 1716 թ-ին Համբուրգում լույս է տեսել «Պատշաճ ու հարգալիր զրույցի և կյանքի, բարձրաստիճան ու ազնվական անձերի, քեզ հավասարի և կանանց հետ վարվելակերպի, ինչպես նաև կանանց գեղեցիկ վարվելաձևերի ուսուցանելու կանոններ» գիրքը: Ռուսաստանում էթիկետն առավել տարածում է գտել Պետրոս 1-ինի օրոք: 1709թ-ին նա արձակել է մի հրաման, որի համաձայն՝ պատիժ էր սահմանվում էթիկետի կանոնները խախտողներին: Իսկ 1717թ-ին նրա նախաձեռնությամբ տպագրվել է մի գիրք, որտեղ ներկայացվում էին պալատական վարվեցողության կանոնները: Ավելի ուշ Եկատերինա 2-րդը կազմել է «Էրմիտաժային էթիկետ» գիրքը, որտեղ նա ընթերցողներին կոչ էր անում ուտել համեղ կերակուրներ և խմել զանազան խմիչքներ, սակայն երբեք չգինովնալ այնքան, որ կորցնել ինքնատիրապետումը: Իսկ Էրմիտաժի հյուրերին խնդրվոմ էր ձեռք չտալ հախճապակյա թանկարժեք իրերին և արձաններին: Անի Նազարյան Հրաչյա Գրիգորյան «Էթիկետի հիմունքներ»
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 1710 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|