Հոդվածներ
«Հայրեր և որդիներ»
Զրույց «Լուսաստղ» պատանեկան առցանց ամսագրի գլխավոր խմբագիր Մարգարիտ Սարգսյանի հետ
Երբ մտա ընկեր Մարգարիտի սենյակը, դասն արդեն վաղուց ավարտվել էր, բայց դասարանում դեռ կային աշակերտներ: Լսելով նրանց խոսակցությունը՝ դժվար չէր հասկանալ, որ «գործով» չէին մնացել կաբինետում, այլ պարզապես ուզում էին մնալ իրենց սիրելի ուսուցչուհու հետ: Պետք է ասել, որ ընկեր Մարգարիտը մեծ հեղինակություն է վայելում իր աշակերտների շրջանում, որովհետև ես հազիվ կարողացա համոզել նրանց դուրս գալ «դասամիջոց» և ինձ մենակ թողնել իմ զրուցակցի հետ:
-Խոսելու ենք մեծերի և փոքրերի շփման մասին: Խոսքն, իհարկե, մարդկային մեծության մասին չէ, այլ սովորական տարիքի: Այլ կերպ ասած՝ խոսքը գնում է «հայրերի և որդիների» դարավոր խնդրի մասին: Եկեք հենց սկզվից պարզենք Ձեր կարծիքը այն հարցի շուրջ, թե ինչպիսի՞ն պիտի լինի տարիքով մեծերի և փոքրերի շփումը՝ հավասարը հավասարի՞ հետ, թե՞ հակառակը: -Չէ, իմ կարծիքով մեծերն ու փոքրերը պետք է շփվեն, ինչպես հավասարը հավասարի հետ: Միշտ էլ պետք է նկատի ունենաս, որ դիմացինդ մարդ է՝ անկախ տարիքից: Գոնե ես այդպես եմ շփվում՝ անկախ նրանից, թե դիմացինս ի՞նչ սոցիալական դիրք է գրավում, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում, զբաղեցնո՞ւմ է, թե չի՞ զբաղեցնում: Տարիքային սահմաններ էլ չեմ դնում: Ես իմ երկու տարեկան տղայի հետ էլ եմ շփվում այնպես, ինչպես կշփվեմ, ասենք, քեզ հետ, կամ գործընկերոջս հետ: -Լավ, իսկ հիմա դիտարկենք երկու տարածված դեպք: Առաջին դեպքում տարիքով մեծերը «բանի տեղ չեն դնում» փոքրերին, որովհետև իրենց կարծիքով նրանք ավելի մեծ են, ավելի շատ փորձ ունեն, «էս փոքրերը բան չեն հասկանում» և այլն: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդպես և ինչպե՞ս կարող է տարիքով փոքրը հասկացնել դիմացի մեծին, որ ինքն էլ իրավունք ունի՝ խոսքի, մտքի, կարծիքի: -Դե, մարդիկ այդ ձևով փորձում են ազատվել իրենց բարդույթներից, հետո փորձում են ինքնահաստատվել. էդ լավ տարբերակ է, ասել՝ ես մեծ եմ, մեծ եմ, ու դրանով ամեն ինչ ասել: Ասենք՝ ես մեծ եմ, ուրեմն քեզանից խելացի եմ, ես մեծ եմ, ուրեմն ես ճիշտ եմ, ես մեծ եմ, ուրեմն, ուրեմն, ուրեմն: Ավելի դժվար է հարգանք վայելել, սեր վայելել, երբ հավասար հարաբերություններ են: Էսպես դու գերիշխանություն ես սահմանում: Մարդիկ բարդույթներ ունեն և փորձում են այդ բարդույթներով ինքնահաստատվել: Դե բոլորս էլ բարդույթներ ունենք: Բայց այլ բան է, երբ գիտակցում ես բարդույթը, փորձում դրա վրա աշխատել: Իսկ փոքրերի դեպքո՞ւմ... Փոքրերն էլ բառերով դժվար թե ապացուցեն դա այն մարդուն, որը չի ընդունում: Միևնույն է չի ընդունեմ: Դե, եթե չի ընդունում, բառերով քո ասածը՝ «գիտե՞ս, ես ունեմ իրավունքներ, իմ կարծիքը դու հաշվի առ», չի օգնի: Դու պիտի այնպես անես, որ ինքը հասկանա ու գնահատի, տեսնի, որ քո կարծիքն արժեքավոր է, երևի գործով ապացուցես: -Շատ լավ: Հիմա երկրորդ տարբերակը, երբ փոքրերը չեն հարգում դիմացինի տարիքը, փորձը և շփման մեջ իրենց թույլ են տալիս այնպիսի բաներ, որոնք, մեղմ ասած, հաստատ ավելորդ են: Դա ինչի՞ց է գալիս և ինչպե՞ս անել, որ այդպես չլինի, կամ գուցե պե՞տք է, որ այդպես լինի: -Չէ, ամեն դեպքում ես դաստիարակությանը կողմ եմ: Օրինակ, ես ինձանից տարիքով մեծերի հետ միշտ «դուք»-ով եմ խոսում, չի էլ ստացվում «դու»-ով խոսել, նույնիսկ անկախ նրանից, որ այդ մեծը, ասենք, իմ գործընկերն է: Ցանկացած դեպքում, անկախ մեծ-փոքր հարաբերությունից, անշնորհք պահվածքը միևնույն է մնում է անշնորհք պահվածք (ծիծաղում է): Հիմա եթե մարդը դասարանում դասընկերոջը հայհոյեց, ի՞նչ տարբերություն, ընկերոջը չվիրավորե՞ց: Ցանկացած դեպքում, ցանկացած հարաբերությունում կիրթ պահվածքը ճիշտ բան է: Դա արդեն մարդը պիտի դաստիարակվի ընտանիքում, կարդա, զարգանա, ինքն իր վրա աշխատի (հասնի էն գիտակցության, որ պետք է ինքն իր վրա աշխատի): Լուծումը դա է, թե չէ ամեն դեպքում ի՞նչ անես էդ մարդուն: -Շատ պարագաներում որոշակի գործեր, որոշակի պրոեկտներ և պաշտոններ չեն վստահում երիտասարդ մասնագետներին, կամ դեռ «ոչ մասնագետներին»՝ ուսանողներին, որովհետև նրանք չունեն փորձ: Այդ դեպքում ի՞նչ կասեք: -Դե, նայած ի՞նչ բնագավառի մասին է խոսքը, ի՞նչ պաշտոնի: Երիտասարդը ինքը եռանդուն է, նոր գաղափարներով ու ծրագրերով: Գուցե պետք է երիտասարդն էլ ոչ թե միանգամից պաշտոնի ձգտի, այլ փորձի էդ բնագավառում սկզբում դեռ ինքնահաստատվի, ցույց տալ, որ ինքը արժանի է պաշտոնի: Չէ, ես դեմ չեմ, ընդհակառակը, կարծում եմ, որ երիտասարդ սերունդը պիտի անընդհատ գա փոխելու, նորացնելու ցանկացած բնագավառ: Էդ չի նշանակում, որ եթե դու պաշտոն ես զբաղեցնում, քեզնից տարիքով մեծ գործընկերոջը չես հարգում կամ ինչ-որ բաներ հաշվի չես առնում, եթե հշվի առնելու բաներ կան: -Եթե մենք կողմ ենք հավասարը հավասարին հարաբերություններին, էդ դեպքում կյանքի փորձը մեզ որևէ առավելություն տալի՞ս է: Ինչի՞ համար է ընդհանրապես էդ կյանքի փորձը: -Ամեն մեկի կյանքի փորձն առաջին հերթին իր համար է: Դժվար է ասել, ինչ-որ բանի օգնո՞ւմ է, թե չի՞ օգնում, գուցե նաև խանգարում է էդ կյանքի փորձը: Վատ է լինում, երբ դու արդեն ճանաչում ես մարդկանց, արդեն գիտես մարդկանց թերությունները. էդ դեպքում քեզ արդեն խանգարում է կյանքի փորձը: Որոշ դեպքերում գուցե չիմացությունը լավ է, երբ դու չես հասկանում, որ քեզ հիմարացնում են, խաբում են (ծիծաղում է): Օրինակ, ես կուզենայի որոշ բաներ չհասկանայի, չնկատեի: Կյանքի փորձը քո անհատական անձնական փորձն է: Ինքը ոչ մի բան էլ չի անում, ոչ օգնում է, ոչ վնասում: Իմ հարցերը շատ շուտ սպառվեցին և ես անջատեցի ձայնագրիչ ու անցա սովորական՝ առօրեական խոսակցությանը: Դե, ես էլ եմ սիրում հավասարը հավասարի հարաբերությունները:
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 680 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|