Հոդվածներ
Fenita la comedia, փոքրիկ
Ահա և վերջ: Ես 17 տարեկան եմ: Դեռ երեկ համոզում էի ինձ, որ ողջ կյանքը դեռ առջևումս է, ես դեռ 16 տարեկան եմ ու ընդամենը 16 տարի եմ ոտնակոխ անում ոտնաթաթերիս տակ սփռված մայր-հողը: Իսկ այսօր արդեն վերջ, առավոտյան ժամը 9-ին այդ անմեղ 16 տարիները համալրվեցին ևս մեկով. 16+1=17, իսկ դա արդեն աններելի է. պատկերացրեք միայն, 17 տարի շարունակ կոխկրճել մի ամբողջ Մոլորակ, որի համեմատությամբ դու մի մրջյունի չափ էլ չկաս:
Ես միշտ ասում էի, որ ամեն մարդ մի աշխարհ է: Իսկ աշխարհների ժամանակացույցում 17 տարին էլ, 17 դարն էլ դեռ պատանեկություն են: Իմ աշխարհում ես անչափ երիտասարդ պիտի լինեմ, և այդպես էլ կա: Բայց ամեն անգամ, երբ այդ երիտասարդ աշխարհից վերդառնում եմ այս՝ արդեն մի քանի միլիոն տարի գոյատևած աշխարհը, միանգամից ծերանում եմ մի քանի միլիոն տարով: Մթնոլորտի բազմաթիվ և բազմապիսի շերտերը իրենց ծերությամբ ու անօգնականությամբ ճնշում են ինձ, և ես զգում եմ, ինչպես է մի ակնթարթում կնճռոտվում դեմքս:
Ծննդյան վկայականս վկայում է, որ ես դեռ 17 տարեկան եմ: Արդեն 17: Ճիտ է, մի քանի օր առաջ ես մի տարով ավելի երիտասարդ էի, բայց դե ի՞նչ է մի տարին աշխարհների պատմության համար, ոչինչ, մի ակնթարթ էլ չի լինի: Փաստորեն և փաստացի ես դեռ երիտասարդ եմ, բայց ինչո՞ւ եմ ամեն առավոտ զարթնում ծերունական գլխացավով և ամեն երեկո անկողին մտնում պապական ռևմատիզմով:
Ամեն ինչ չափից դուրս պարզ է: Հաշվարկը: Երբ սկսվում է հաշվարկը, վերջանում է երիտասարդությունը:
15 րոպե ունեմ հաց ուտելու համար:
30 րոպե դասից չուշանալու համար:
2 օր, որ կատարեմ տնային հանձնարարութունս:
1 ամիս, որ կարողանամ ուղղել քառորդային գնահատականը:
0.5 տարի, որ գոնե մի քիչ պատրաստվեմ ընդունելության քննությանը:
4 տարի, որ վերջապես մասնագետ դառնամ ու կարգին փող աշխատեմ:
30 րոպե ամեն օր, որ ուզածս գրքից 15 էջ կարդամ, եթե այն հայերեն է, և 30 էջ, եթե ռուսերեն է:
Եթե 10 րոպե շատ քնեմ, դասից 30 րոպե կուշանամ:
Եթե 5 րոպե չխոսամ սրա հետ, ինձնից կնեղանա:
Եթե, եթե, եթե…
Կարծես ժամանակ եմ վաճառում: 15 րոպե հիմա. 40 րոպե մի քիչ հետո: Պարզ է, որ պիտի ծերանաս:
Միևնույն ժամանակ գիտես, որ եթե չանես այդ, երբեք կարգին կյանք չես ունենա, չես ունենա բարձր աշխատավարձ ու հարամարավետ բնակարան, չես կարողանա ամռանը գոնե երկու ամիս լողափում անցկացնել: Եթե չվաճառես ժամանակդ հիմա, հետո ստիպված ես լինելու կրկնակի էժան վաճառել այն, հետո, երբ վերջնականապես հասկանաս, որ արդեն վաղուց երիտասարդ չես ու վերջապես ուզենաս ապրել՝ ամբողջ սրտով ուզենաս:
Մյուս կողմից էլ շատ լավ գիտակցում ես, որ եթե հիմա լավ վաճառես ժամանակդ, վաղը-մյուս օրը այն մեծ պահանջարկ կունենա և կկարողանաս այն կրկնակի թանկ վաճառել ու կրկնակի շատ, բայց էլի չես կարողանա քեզ պահել գոնե մի րոպե:
Ասում են, որ քնելուց առաջ մարդկային ուղեղը 5-10 րոպե է խլում կյանքից, որ մտածի միայն իրեն հուզող հարցերի մասին: Պատկերացրու, եթե այդ 10 րոպեն էլ չունենաս: Դա էլ վաճառես՝ կրկնակի թանկ, քան հիմա ես վաճառում:
Ամեն դեպքում ապրելու և կյանքը գնահատելու ժամանակ չի մնում ու չի մնա՝ ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը:
Աստված իմ, 16 տարի առաջ, երբ մի տարեկան էի, հաշվել չգիտեի ու այնքան երջանիկ էի: Իսկ 11 տարի առաջ, առաջին դասարանում, ինչ-որ բարի ուսուցիչ սովորեցերց ինձ հաշվել ու դրանով խաչ դրեց իմ երջանկության վրա:
30 րոպեում կանեմ դասերս ու էլի 40 րոպե կունանամ մինչև ժամը 10-ը, որ մուլտիկ նայեմ:
Ամեն ինչ շատ պարզ է:
Fenita la comedia, փոքրիկ, այսօրվանից դու հաշվում ես ժամանակդ, որ մնացել է մինչև ժամը 10-ը, հաջորդ օրվա ժամը 10-ը, մյուս օրվա ժամը 10-ը, կյանքիդ վերջին օրվա ժամը 10-ը…
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 525 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|