Հոդվածներ
Ծաղրանկարելը ծաղրել չէ
Տիքսին նախորդ օրն էլ էի տեսել՝ «ՀայաԱրտ»-ում կազմակերպված նրա ցուցահանդեսի բացմանը, որ կազմակերպել էր Հայաստանի Ժամանակակից Արվեստների Երիտասարդական Միությունը: Բացման օրը նա փողկապի փոխարեն պարան էր կապել վզից, այնպես որ կատակով հայտնեցի անհանգստությունս՝ չլինի՞ թե որոշել է կախվել: Պարզվեց, «անհանգստությունս» տեղին էր. այդ օրը լրագրողները խեղճին օր ու արև չտվեցին, այնպես որ պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը՝ նույն վայրում: Տեղավորվեցինք երկու ծաղրանկարի հարևանությամբ (արդեն չեմ հիշում կոնկրետ որոնք էին) ու սկսեցինք զրուցել: -Հարց առաջին: Երբ դու ծաղրանկարում ես մարդկանց, քեզ համար դա միջոց է մարդկանց ծաղրելո՞ւ, նրանց վրա ծիծաղելո՞ւ կամ ասելու այն, ինչ կյանքում նրանց չե՞ս համարձակվի ասել, թե՞ պարզապես քո ոճն է: -Չէ, պարզապես ես փորձում եմ թղթին հանձնել մարդու ներքինը, նրա բնավորությունը, նախասիրությունները, ինչ-որ տեղ, իհարկե, թերությունները, նաև՝ առավելությունները, և այնպիսի նկար ստեղծել, որ ծիծաղ կառաջացնի, պոզիտիվ նկար: Ամենակարևորը, որ նկարում լինի պոզիտիվ և նմանություն: -Երբ նկարում ես, ուսումնասիրո՞ւմ ես քո պերսոնաժին, հարց ու փո՞րձ ես անում նրա մասին, թե՞ այլ կերպ ես քեզ պատկերացնում նրան: -Նայած: Լինում է հարց ու փորձ եմ անում մարդու մտերիմներին, հետո բամբասանքներից եմ օգտվում, հետո ուշադրություն եմ դարձնում հենց նրա դիմագծերի վրա, այն ամենաակնառու, ամենաարտահայտիչ շտրիխներին, որ շատ աչքի ընկնող են: Հետո կան մարդիկ, որոնց մասին հարց ու փորձ անելու կարիք չկա, օրինակ, հենց Սալվադոր Դալին: Երբ նկարում եմ այդպիսի մարդկանց, պարզապես ցույց եմ տալիս այն, ինչը ստիպում է ինձ նկարել նրանց, այսինքն՝ այն, ինչ կա նրանց մեջ ու ինձ տալիս է մուսա: -Դու սովորում էիր Թերլեմեզյանում: Ինչպե՞ս պատահեց, որ դու քո ոճը գտար հենց ծաղրանկարում: -Թերլեմեզյանում առաջին երկու տարիների ընթացքում սովորում էի, ինչպես մնացած բոլոր նկարիչները մեր կուռսից: Բայց հետո միաժամանակ սկսեցի բառմեն աշխատել ակումբում, գիշերները, ու այդ ակումբ գալիս էին մարդիկ, ում ցերեկը չես տեսնի: Գալիս էին շատ տարօրինակ տեսքով, տարօրինակ բնավորությամբ: Ու առաջին նկարը, որ նկարել էի, մի ֆոտոգռաֆի էի նկարել, ում տեսքը շատ անսովոր էր՝ սանրվածքից, հագ ու կապից, շարժ ու ձևից սկսած, ու անկախ ինձանից նկարեցի նրան: Նկարեցի տանը, հետո բերեցի ակումբ: Նրան չէի ճանաչում, ինձ փոխարինող բառմենի ընկերներից էր: Նկարը նվիրեցի նրան, ու այդ ժամանակ շատ մարդիկ տեսան այն, ու սկսվեցին պատվերներ, գովեստի խոսքեր, հետո նկարը հայտնվեց համացանցում ու սկսեցին քննարկել: Քննարկությունից հետո արդեն շարունակեցի ու էդպես հասկացա, որ իմ նկարներում գերակշռում են ծաղրանկարի և դիմանկարների նշույլները: Ու սկսեցի զարգացնել այդ ոճը: Բայց ուսումնարանում չէի նկարում, որովհետև մտածում էին, որ ինձ պարզապես չեն հասկանա... -Բայց հասկանո՞ւմ էին: -Դե, սկզբում ես նկարները ցույց չէի տալիս: Բայց հետո...(Մի պահ շեղվում է) Ո՞ւր էի հասել, մոռացա (ծիծաղում է): (-Որ ցույց չէիր տալիս նկարներդ:) -Հա՜, հետո եկավ մի օր, որ կուռսվարիս համբերության բաժակը լցվեց ու ծնող կանչեց (ծիծաղում է), թե՝ չի նկարում, ու ես հայտնվեցի հեռացման եզրին, որովհետև ես չէի ուզում դրված կաղապարի մեջ նկարել՝ պետք է նկարել լուրջ նկար, պետք է նկարել ռեալիստական, ինչպես բնորդը նստած է, այդպես էլ պետք է նկարե՜լ: Այդ ժամանակ ես, անկախ ինձանից, ասեցի, որ ծաղրանկար եմ սիրում ու այդ պահին միայն մտածեցի՝ ինչո՞ւ մինչև հիմա չէի ասում: Խնդրեցին, որ հենց տեղում նկարեմ: Արագ ինչ-որ բան նկարեցի, զգացին, որ մի բան կա (ծիծաղում է): Դրանից հետո արդեն թողեցին, որ «ազատ ճախրեմ արվեստի մեջ», նկարեմ, ինչ ուզում եմ, ու դրանից հետո ինձ համար կաղապարներ չկային: Խորացա ծաղրանկարի մեջ, ծաղրանկարին խառնեցի սյուրռեալիզմ և չորրորդ կուռսի վերջում իմ առաջին ցուցահանդեսը ունեցա: Դիպլոմային աշխատանքը նույնպես ծաղրանկար եղավ, ավարտեցի ուսումնարանը, սկսեցի աշխատել երկրորդ ցուցահանդեսի վրա ու հիմա էլ, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում արդյունքն է (ծիծաղում է): -Իսկ ինչպե՞ս են արձագանքում քո ծաղրանկարների հերոսները: Ի՞նչ են ասում, որ տեսնում են իրենց: -Մեծամասամբ լսում եմ շատ լավ, շատ դրական արձագանքներ: Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ մարդկանց ժպիտ պարգևել: Հետո շատ են քննարկում, տարբեր կարծիքներ են լինում՝ թե լավ, թե վատ, մի խոսքով ամեն ինչ շատ լավ է: Իսկ հենց ծաղրանկարի հերոսները տարբեր կերպ են արձագանքում: Անցած ցուցահանդեսին նեղացողներ շատ եղան, համոզված եմ, որ հիմա էլ կլինեն, բայց չեմ կարծում, որ նեղանալու բան կա, որովհետև ես չեմ ծաղրում. ի վերջո, ծաղրանկարելը ծաղրել չի: -Իսկ սպառնալիքներ եղե՞լ են: -Չէ, մի անգամ միայն Շուշան Պետրոսյանի ֆաներն էին ջղայնացել, որ իրենց կուռքին ծաղրանկարել էի ու փորձել էին ճշտել, արդյո՞ք Շուշանը տեղյակ է այդ նկարի մասին ու արդյո՞ք նա կողմ է դրան: Սակայն հենց Շուշանը շատ լավ արձագանքեց: Ու հետո էլ մյուս ծաղրանկարների առումով նրանից խորհուրդներ էի ստացել, նկարչության ասպարեզում նա շատ լավ գիտելիքներ ունի և շատ օգնեց ինձ: Շուշանի խորհրդով փոխեցի Շառլ Ազնավուրի նկարը: Ագրեսիա շատ չեմ տեսել, բայց եղել էր, որ ինձանից նեղացել էին, FaceBook-ի friend-ներից էին ջնջել: Այդպիսի բաներ, բայց մեծամասնությամբ լավ կարծիքներ են հնչում: Կարելի է ասել, որ ես շատ անգամ կարոտ եմ մնում բացասական կարծիքների, որովհետև բացասական կարծիքից ճիշտ բան, երևի, գոյություն չունի, որովհետև բացասական կարծիքն է, որ դրդում է քեզ առաջ գնալ, ավելի շատ աշխատել քո վրա: Իսկ դրական կարծիքը «գլխիդ տակ փափուկ բարձ է դնում», ու դու հանգիստ մնում ես քո տեղում: -Իսկ ի՞նչ կասես, եթե քեզ ծաղրանկարեն: -Շատ լավ, շատ լավ: Ինձ թվում է, ես ծաղրանկար կարող եմ ընդունել ու հասկանում եմ, որ ծաղրանկարելը ծաղրել չէ: Ես շատ կուզենամ իմ ծաղրանկարը տեսնել: Ես փորձել եմ ինձ նկարել, բայց չգիտես ինչու միշտ վերջում դիմանկար է ստացվում, ծիծաղելու բան էլ չկա: Բայց որ մի լավ ծաղրանկարչի հետ ծանոթանամ, կխնդրեմ, որ ինձ էլ նկարի, ինչպես ինձ են շատ անգամ խնդրում: Ինձ հետաքրքիր է, ինչ կստացվի (երկուսով ծիծաղում ենք): Երևի շատ պոզիտիվ նկար: -Չե՞ս ասի, ի՞նչն է քեզ օգնում այսքան պոզիտիվ լինել: Չեմ հասկանում, քո կյանքում դեպրեսիայի պահեր չե՞ն լինում: -Լինում են, շատ են լինում, բայց փորձում եմ միշտ լինել պոզիտիվ: Հետո ես հաճախ եմ տխուր լինում, շատ եմ սիրում մենակ մնալ, բայց պոզիտիվը... Երևի իմ ընկերներն են, որ միշտ պոզիտիվ են ներմուծում ինձ: Բացի այդ ես գիտեմ, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու: Հետո իմ նկարեների արձագանքները ինձ շատ են ուրախացնում: Ինձ թվում է, եթե իմ նկարներին չարձագանքեն, դա կլինի իմ անկումը: Բայց որ գիտեմ՝ իմ նկարները հետաքրքրում են մարդկանց, արդեն ինձ լավ եմ զգում: Բոլորն էլ ամբողջ կյանքում ինչ-որ բան անում են, բայց ամենակարևորն իմանալն է, որ այդ քո արածը ինչ-որ մեկին պետք եղավ: Ու հիմա ես երջանիկ եմ, որ տեսնում եմ, որ իմ նկարենրը քննարկվում են, ժպիտ են պարգևում, հասել են, գնահատվել են: Դրանից լավ բան չկա: -Ի՞նչ խորհուրդ կտաս ընթերցողներին, որ նրանք էլ ասյքան պոզիտիվ լինեն (ընթերցողներ, ուշադիր): -Թեթև նայեք կյանքին, ամենակարևորը: Ճիշտ է, լինում են ահավոր դեպքեր, երբ մտածում ես՝ ելք չկա, բայց դուք միայն մտածեք, որ ամեն ինչ արդեն եղել է, անցյալում է մնացել ու ավարտվել է: Ու հետո ցանկացած պահին էլ կարող ես ամեն ինչ փոխել, պարզապես պիտի մի քիչ ռիսկ ունենաս քո մեջ: Մարդիկ ամբողջ կյանքում փնտրում են երջանկություն, գնում են այստեղ-այնտեղ, տարբեր երկրներ, որտեղ, իրենց կարծիքով, այն կա, բայց երջանկությունը ոչ թե երկրից է գալիս, ուր պիտի հասնես, այլ քո մեջ է, պարզապես դու պիտի ընդունես քո մեջ եղած երջանկությունը ու դիմավորես նրան: Ու փորձեք հեռու մնալ նեգատիվ մարդկանցից, որովհետև ձեզ հետ շփվելով նրանք, բնական է, իրենց նեգատիվը ձեզ են փոխանցում: Դրա համար պետք է շփվել թեթև մարդկանց հետ, բացասականին էլ նայել ժպիտով ու այն հույսով, որ այդ ամենը շատ շուտով կանցնի: Դու պետք է ուզենաս երջանիկ լինել, որ էդպես էլ ստացվի:
|
Բաժին` Փետրվար #02 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 809 անգամ|
|Վարկանիշ` 5.0/1 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|