Հոդվածներ
Բարու ամենամեծ պարտությունը
Քրիստոնեական բոլոր տոներից առանձնանում է Հարության տոնը: Մարդիկ ամենաշատը այդ տոնին են սպասում: Եվ ոչ այն պատճառով, որ Քրիստոսն է հարություն առել, այլ այն անսահմանորեն էգոիստ մտքի համար, որ իրենք բոլոր մեղքերի թողությունը կստանան: Փրկիչը բոլորի մեղքերը իր ուսերին է բարդել, Փրկիչը ավիրել է Դժոխքը, Փրկիչը բոլորին փրկել է, կեցցե՛ Փրկիչը: Իսկ եթե չփրկե՞ր: Եվ դեռ հարց է՝ փրկե՞լ է, թե՞ ոչ: Գուցե ինձ այրեն խարույկի վրա իմ այս հերեիտիկոս բառերի համար, բայց ես միևնույն է կասեմ: Ես ամոթից գետինը կմտնեի, եթե իմանայի, որ ինչ-որ մեկը՝ լինի դա Փկիչը, թե պարզապես բարի մի մարդ, իմ մեղքերի համար խաչ է բարձրացել: Կրկնում եմ, ամոթից կմեռնեի: Ստացվում է, որ ես այնքան վատն եմ ու, դեռ ավելին, չեմ ուզում պատասխանատվություն կրել, որ ուրիշին պետք է խաչեն ինձ համար, որ Աստված «իրեն վատ զգա» ու ինձ ների: Առաջին հերթին ես ինձ վատ կզգամ այդ մտքից: Իսկ Քրիստոսի դեպքն ավելի ցավալի է, որովհետև նա ա. երիտասարդ էր բ. շատ բարի էր դ. բոլորովին մեղք չուներ, որ մենք՝ մարդիկ, մեղքեր ենք գործում: Էլի եմ ասում, գետինը կմտնեի, եթե ինձ ասեին, որ Հիսուսը այդպես զոհվել է ինձ համար: Եվ ի՞նչ պիտի զգամ ես, եթե հանկարծ Նա հարություն առնի: Թեթևություն: Ազատություն խղճի խայթերից, որ ես՝ մեղավորս, ապրում եմ, իսկ նա՝ երիտասարդ, բարի, անմեղ այդ տղամարդը, զոհվել է խաչի վրա: Ես այնպիսի մեծ թեթևացում կապրեի դրանից, ես տասն անգամ ավելի զգույշ կլինեի կյանքում, որ հանկարծ էլ սխալ չգործեմ, որ էլ ինձ համար ոչ ոք խաչի վրա չտառապի, նամանավանդ Քրիստոսը (հազիվ հարություն է առել, հազիվ խիղճս հանգստացել է): Իսկ մե՞նք: Այսպիսի բաների մասին մենք չենք մտածում: Այլ ամեն տարի սրտատրոփ սպասում ենք «ձու ներկելու օրվան», որ հիշենք, որ մեր մեղքերը ներվել են ու ներվելու են. ախր առաջին անգամից հետո Հայ Աստվածն արդեն այնքան է վշտացել, որ էլ երկրորդ անգամ իր Որդուն Երկիր չի թողնի: Եվ թքած, որ այդ մարդիկ էլի՛ մեղք են գործում, Որդուն էլ չի կարելի տանջել, հերի՛ք է: Եվ իրոք, հերի՛ք է: Դրա համար ենք մենք այսքան հանգիստ մեղք գործում ամեն օր ու անհամբեր սպասում Զատիկին: Իսկ եթե ինքնախաբեությամբ չզբաղվենք, ի՞նչ փոխվեց աշխարհում խաչելությունից հետո: Ոչինչ էլ չփոխվեց: Մարդը էլի նույն արնախում գազանն է: Էլի մարդիկ իրար միս են ուտում, բայց այս անգամ էլ Քրիստոսի անունից: Սուտն արդեն դարձել է Քրիստոսի անունից, այսինքն՝ սուրբ սուտ է: Ինչպիսի՜ հրաշք, սուտը ճշմարտությունից սուրբ է: Իրականում փոխվեց միայն այն, որ մի հրաշք մարդ, այո, հենց մարդ, որովհետև մարդիկ են իրականում հրաշք լինում, եթե լինում են, որովհետև մարդիկ ընտրության հնարավորություն ունեն, ու եթե ընտրում են բարին, ուրեմն իրոք հրաշք են: Այսպես, մի հրաշք մարդ, քառասուն տարին դեռ չլրացած, իրենից հետո ժառանգորդ չթողած, հեռացավ աշխարհից: Քրիստոս ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել: Նա մտածում էր, որ իր խաչելությունից հետո մարդիկ իրենց խղճի զոհը կդառնան: Իսկ երբ նա հարություն առնի, մարդիկ թեթևացած շունչ կքաշեն, ու կփորձեն գոնե մի քիչ ավելի լավը լինել, որ հետո նորից չտանջվեն խղճից: Բայց ամեն ինչ եղավ հակառակի պես: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես չպիտի լիներ: Եվ Բարին պարտվեց իր հոյակապ խաղում: Պարտվեց ամենաանողոք կերպով: Հետո ստիպված հորինեցին Աշխարհի վերջը և նման վախենալի հեքիաթներ, որ գոնե այդպես մարդիկ մի քիչ լավը լինեն: Ստացվե՞ց: Չգիտեմ: Համենայն դեպս Բարին արդեն երկու հազար տարի առաջ մե՜ծ պարտություն է կրել: Իսկ գիտե՞ք, երբ է Դժոխքն իրոք ավիրվել, երբ է Չարը իրոք պարտություն կրել: Այն օրը, երբ Ադամին ու Եվային վտարեցին Դրախտից: Որովհետև Դրախտը նրանց տեղը չէր: Որովհետև Դրախտում նրանք ոչ մի պտուղ չէին տալիս, այսինքն՝ այն թզենուց ոչինչով չէին տարբերվում: Այն օրը Չարը խափանվեց....
Ռոմանտիկ Իդեալիստ
|
Բաժին` Մայիս #05 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 580 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|