Հոդվածներ
Սոսկ կանացի մասնագիտություն
Չգուշակեցիր, խոսքը տնային տնտեսուհիների մասին չէ: Այս «մասանգիտությամբ» կանայք զբաղվում էին դեռ այն ժամանակ, երբ մարդիկ տներում չէին ապրում, որ կանայք էլ տնային տնտեսուհիներ լինեին: Է՜, ո՞ւմ մասին է խոսքը, - կասես դու: Մենք նրանց անունը դրել ենք «բախտ բացող, թուղթ ու գիր անող», - կասեմ ես, - բայց իրականում նրանք կոչվում են կախարդուհիներ:
Ինչո՞ւ եմ գրում, որ այս մասնագիտությունը կանացի է: Չէ՞ որ տղամարդ կախարդներ էլ են լինում: Այո, լինում են: Բայց եթե փորձես հիշել մեր մանկության հեքիաթները («Վայրի կարապները», «Սպիտակաձյունիկը», «Ջրահարսը») կտեսնես, որ կախարդանքի ասպարեզում կանանց թիվը զգալիորեն գերազանցում է ուժեղ սեռի ներկայացուցիչների գլխաքանակի գումարը: Սա իրավաբանություն չէ, ոչ էլ միջազգային հարաբերություններ: Ինչո՞ւ է այդպես: Դրան երկու բացատրություն կա: Մեկը հորինել են տղամարդիկ, մյուսը՝ կանայք են տալիս: Տղամարդիկ կարծում են, որ կանայք ավելի թույլ են և ավելի շուտ են տրվում մեղքին, քան տղամարդիկ: Ապացույց. Եվա տատիկը առաջինն էր կերել էէէէն խնձորը, ու հետո միայն տվել Ադամ պապիկին: Կանայք ասում են, որ կինը ավելի մոտ է կանգնած Բնությանը և նրա ստեղծարար ուժին: Ապացույց. կանայք երեխաներ են լույս աշխարհ բերում, իսկ տղամարդիկ՝ ոչ: Անցնենք առաջ: Կախարդուհի - ведьма - колдунья - чаровница: Կարևոր է իմանալ, որ ведьма բառը առաջացել է ведать բառից, որը նշանակում է՝ իմանալ: Այսինքն՝ ведьма - կին, որ շատ բան գիտի: Եվ իրոք, կախարդելու համար շատ գաղտնիքներ պիտի բացահայտես: Ո՞վ կարող է դառնալ կախարդ/ուհի/: Ցանկացած կին, ցանկացած տղամարդ: Ըստ այդմ՝ կախարդները լինում են երկու տեսակի՝ «ժառանգորդներ» և «կամավորներ»: Եթե քո տոհմածառի ճյուղերից մեկին «թառել է» կախարդուհի, ուրեմն կարող ես հույս ունենալ, որ դու կախարդանքի «ժառանգորդ» ես: Մարդիկ կարծում են, որ այս «շնորհքը» փոխանցվում է տատիկից թոռնիկին: Տատիկը ամբողջ կյանքի ընթացքում սովորեցնում է թոռնիկին այս դժվար մասնագիտության գաղտնիքները, բայց իրական ուժ թոռնիկը ստանում է միայն տատիկի մահից հետո: Պատահում է, որ թոռներից ոչ ոք չի ուզում ընդունել տատիկի պարգև-անեծքը: Դա շատ վատ է, որովհետև կախարդուհին չի կարող հեռանալ այս աշխարհից՝ իր հետ տանելով իր գիտելիքները: Այդ դեպքում նա կարող է իր հմտությունները փոխանցել բոլորովին անծանոթ մեկին: Այնպես որ եթե քո ընտանիքում այնուամենայնիվ չկա տատիկ-կախարդուհի, դա դեռ չի նշանակում, որ դու չես կարող դառնալ կախարդ: Պարզապես այս դեպքում դու կկոչվես «կամավոր»: Ո՞րն է տարբերությունը այս երկու տեսակների միջը: Դե, «ժառանգորդները» ավելի հեշտ են սովորում ամեն ինչ, ու դա հասկանալի է, չէ՞ որ նրանց արյան մեջ արդեն իսկ կա կախարդանքը: Բայց արդյունքում «կամավորները» ավելի ուժեղ կախարդներ են դառնում և նրանց բացահայտելը շատ ավելի դժվար է: Մի ուրիշ բան էլ կա, որը շատ են կարևորում հոգևորականները: «Ժառանգորդները» համարվում են ավելի անմեղ, քան «կամավորները»: Դատիր ինքդ. ի՞նչ մեղք ունես դու, որ քո տատիկը կախարդուհի էր: Իսկ այ «կամավորները» այդ «ի՞նչ մեղք ունեմ ես» արդարացումը չունեն: Բայց իրականում կախարդուհի դառնալու համար երկար տարիներ աշխատել է պետք (բա երանի՜ չէ՞ին համալսարանի 4-5 տարիները): Պատկերացրու, որ ուզում ես դառնալ կախարդուհի, բայց «ժառանգորդ» չես: Ի՞նչ պետք է անես: Գտնում ես մոտակայքում ապրող փորձառու կախարդուհու և խնդրում նրան, որ քեզ սովորեցնի: Նա, իհարկե, չի ուզենա կիսել իր գաղտնիքները քեզ հետ: Բայց դու չպիտի նահանջես: Նախ և առաջ պետք է գնաս սուպերմարկետ և գնես կաթնաշոռ (կարևոր չէ, որ ապրանքանիշը, միևնույն է դու դա չես ուտելու): Տանում ես կաթնաշոռը կախարդուհուն: Նա այն գցում է մոտակա ջրափոսը, և երբ այնտեղ եղած բակտերիաները կաթնաշոռը մանր-մանր կտորների են բաժանում, նա վախենալու դեմք է անում ու ասում, որ այսպես քո հոգին կուտեն սատանաները, քաջքերը և մնացած դևերը, եթե դու դառնաս կխարդուհի: Դու պետք է ասես՝ ոչինչ, կդիմնամ: Ու այդպես երեք անգամ: Երբ կախարդուհին համոզվի, որ դու ավանակի համառություն ունես, նա կհանձնվի ու կսովորեցնի քեզ: Կախարդուհիները նույնիսկ հատուկ դասագրքոր ունեն: Չգիտեմ, տեղյա՞կ է դրանց մասին կրթության նախարարությունը, թե՞ ոչ, բայց եթե նույնիսկ տեղյակ լիներ, մասնագետները չէին կարողանա կարդալ դրանք. Սև գրքերը գրվում են հատուկ ծածկանշանների միջոցով: Այ առաջին հերթին դու դրանք պիտի սովորես: Հետո դու պիտի ունենաս քո գործիքները: Իսկական կախարդուհին պիտի ունենա.
ցախավել, որի վրա թռչելու է մութ գիշերներով ղազան, որի մեջ եփելու է իր կախարդական թուրմերը (այո, այո, սիրո թուրմ էլ են եփում. ընդհանրապես ինձ թվում է, որ աղջիկների մեծ մասը գնում է կախարդություն սովորելու միայն այդ թուրմի համար) կախարդական հայելի կամ ապակե գունդ, չնայած եթե նման թանկ ֆինտիֆլյուշկաների համար փող չկա (ուսման վարձ կա, բան կա), կարելի է դրանք փոխարինել սև գավաթով՝ ջրով լիքը մեկ էլ սև բռնակով դաշույն, որը կոչվում է «ատամ». իմ կախարդական դասագրքի հեղինակը գրում է, որ ինքը չգիտի, ինչ է նշանակում այդ բառը, բայց մենք հո լավ գիտենք, մեր մայրենի լեզվից է գալիս (փաստորեն առաջին կախարդուհին հա՞յ էր. էլի էս հայերի մատը խառն է):
Բայց կարևորը այս ռեկվիզիտը չէ, կարևորը պայմանագիր կնքելն է: Իր կախարդական նշանների շնորհիվ կախարդուհին քաջքեր-չարքեր է կանչում, ու հենց քաջքերը լսեցին ու եկան, նա պայմանագիր է կնքում դրանցից մեկի հետ: Պայմանագրում գրված է, որ կախարդուհին իր անմահ հոգին է կտակելու քաջքին, եթե նա փոխարենը ամեն կերպ օգնի և աջակցի իրեն: Ի՞նչ է անելու չարքը հոգու հետ, ես չգիտեմ, բայց պայմանագիրը բոլոր դեպքերում գրվում է ստանդարտ շաբլոնով և ստորագրվում արյունով (լա՜վ, մի վախեցիր, շատ արյուն պետք չի գա, պոլիկլինիկայում հո անալիզ հանձնում ես, չէ՞): Պայմանագիրը ստորագրեցիր թե չէ, քաջքը մարմնիդ վրա մի փոքրիկ գորշ կետ կթողնի: Հետո քեզ կտան անձնական օգնական, ես դրանց անունը դրել եմ սատանայիկներ: Սատանաիկը միշտ կախարդուհու կողքին է, և որ ավելորդ ուշադրություն չգրավի, նա դառնում է սև ագռավ, կամ սև ուտիճ (տառական), բայց ավելի հաճախ՝ սև կատու: Ի՞նչ ես անելու հետո: Քո սեփական Սև գիրքն ես գրելու: Հետո էլ քաջքերը այն ստուգելու են. բա ի՞նչ էիր կարծում, կախարդուհիների շրջանում էլ կան գերզանցիկներ և ոչ այնքան: Մի խոսքով կյանքը միշտ էլ մնալու է դպրոց, ուզում ես կախարդուհի դարձիր, ուզում ես՝ իրավաբան, ոչինչ չի փոխվի: Սոֆի Արսեն
|
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 541 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|