Հոդվածներ
Շառլ Բոդլեր: Նամակ կնոջը
«Միեւնույնն է, ես ցանկանում էի գրել Ձեզ, չնայած այն փաստին, որ նամակների այնքան էլ մեծ սիրահար չեմ: Վերջում, գրեթե միշտ ես զղջում եմ այդ նամակը գրելու համար: Բայց գրելով Ձեզ, ես ոչ մի բանով չեմ վտանգում ինձ եւ իմ սկզբունքները…Ես չեմ կարող չգրել Ձեզ…
Տղամարդն, ով ասում է` «Ես սիրում եմ ձեզ», իրականում աղերսում է, եւ կինն, ով պատասխանում է` «Սիրե՞լ Ձեզ: Ե՞ս: Երբեք: Ես սիրում եմ միայն մեկին, եւ թող անիծվի նա, ով կգա նրանից հետո: Նա չի արժանանա իմ ոչ մի զգացմունքի, բացի արհամարանքից եւ անտարբերությունից», իրականում հպարտ է:
Եւ նույն այդ տղամարդը, միայն մեկ` Ձեր աչքերին ավելի երկար նայելու հաճույքի համար, Ձեզ թույլ է տալիս խոսել այլ տղամարդու մասին, մտածել միայն նրա մասին: Այս բոլոր խոստովանությունների մեջ միայն մեկ բան էր շատ տարօրինակ` հիմա Դուք ինձ համար միայն ցանկալի կին չեք, Դուք այն կինն եք, ում սիրում են ուղղախոսության, կրքոտության, երիտասարդության, անպատասխանատվության համար:
Ձեր վճռականության պատճառով ես շատ բան կորցրեցի այս բացատրությունների ընթացքում, թեեւ բնական կլիներ Ձեզ ենթարկվելը հենց նույն պահին…Բայց…Դուք այդ ամենով հանդերձ շատ հարցերում հաղթեցիք, Դուք ինձ ներշնչեցիք խորը հարգանք եւ Ձեզ երկրպագելու ցանկություն…
Մնացեք միշտ այդպիսին, պահպանեք այդ կիրքը, ինչը Ձեզ դարձնում է այդքան հրաշալի, այդքան երջանիկ…Աղաչում եմ Ձեզ, եկեք եւս մեկ անգամ…Կրկին եկեք…
Ես կլինեմ զուսպ եւ համեստ իմ ցանկություններում…
Հավանաբար, ես արժանի էի միայն Ձեր արհամարանքին, երբ ասացի, որ պատրաստ եմ բավարարվել միայն փշրանքներով: Ես ստեցի: Եթե միայն Դուք իմանայիք, թե ինչ հրաշալի էիք այդ երեկո: Ես չեմ համարձակվի չարաշահել իմ գովեստները…
Դա այնքան հասարակ ու պարզ է հնչում…Բայց Ձեր աչքերը, Ձեր շուրթերը, Դուք` ամբողջովին, հայտնվել եք իմ փակված աչքերի առջեւ…Եւ ես զգում եմ, որ այլեւս փրկություն չունեմ…
Աղաչում եմ Ձեզ ծնկաչոք` կրկին եկեք…Ես անզոր եմ…Եկեք կրկին…Ես չեմ կարող ասել, որ Դուք կգտնեք ինձ անշնչացած, եթե չգաք, բայց Դուք չեք կարող ինձ արգելել ճախրել Ձեր ուսերով, Ձեր հրաշալի ձեռքերով, այն ձեռքերով` որի մեջ արտացոլված է Ձեր ամբողջ կյանքը: Դուք իմ պաշտամունքի առարկան եք…
Ես միշտ ուզում եմ Ձեզ տեսնել այնքան լուսապայծառ, որքան որ միշտ եղել եք: Դուք այնքան հրաշալի եք, պարուրված եք այնպիսի քնքշությամբ…
Դուք ինձ համար կյանքն եք ու շարժումը` ոչ այնքան Ձեր շարժումներով ու կտրուկությամբ, որքան որ Ձեր աչքերով, որոնք ունակ են անգամ մեռած բանաստեղծի մեջ արթնացնել անմահ սիրո կրակը…
Ինչպե՞ս Ձեզ ասեմ եւ արտահայտեմ, թե որքան շատ եմ սիրում Ձեր աչքերը, Ձեր գեղեցկությունը…
Դուք Ձեր մեջ երկու հակադիր գեղեցկություն եք կրում` Ձեր մեջ ամփոփված է կնոջ ու երեխայի հմայքը միաժամանակ…
Հավատացեք ինձ, ես սա ասում եմ ամբողջ սրտով` Դուք արժանի եք պաշտամունքի, ինչ-որ աստվածային անբացատրելի զգացում է ընդմիշտ միավորել ինձ Ձեզ հետ…Անկախ Ձեր կամքից, Դուք դարձել եք իմ թալիսմանը, իմ ուժը…Սիրում եմ Ձեզ Մարի, սիրում եմ Ձեզ…Իմ սերը Ձեր հանդեպ` սերն է Աստծու նկատմամբ եւ միայն այդ պատճառով` չանվանեք այն երկրային զգացմունքներ…
Ես մահացած էի, Դուք ինձ հարություն տվեցիք: Դուք դեռ չգիտեք, թե որքան շատ եմ Ձեզ պարտական: Ձեր հրեշտակային հայացքում ես գտա աստվածային օրհնություն: Ձեր աչքերը սովորեցրեցին ինձ ուրախանալ ամենահրաշալի զգացմունքով: Դուք եք իմ սրտի միակ տիրուհին, կայսրուհին միակ ու աստվածուհին…Միայն Ձեր շնորհիվ ես դարձա այսքան հզոր եւ ուժեղ…
Ինչպես եւ Պետրարկան, ես տենչում եմ իմ Լաուրային…
Դարձեք իմ պահապան հրեշտակը, իմ մուսան եւ Մադոննան, եվ ապրեցրեք ինձ հրաշալիի ճանապարհով…
Աղաչում եմ…Աղաչում եմ Ձեզ` բարեհաճեք պատասխանել ինձ միայն մեկ բառով, թող որ մեկ, կարճ, փոքրիկ բառով…Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են կասկածանքի օրեր եւ վճռորոշ օրեր: Հենց այդ ժամանակ է, երբ մեկ հայացքն անգամ բավական է, որպեսզի ստիպի Ձեզ գնալ խենթության կամ ամենակարողության:
Երդվում եմ Ձեզ, հենց այդ վիճակում եմ հիմա ես…
Դարձեք ինձ համար սրբություն, ում նայում են աստվածավախությամբ եւ պաշտամունքով:
Եթե միայն իմանայիք, թե ինչպես եմ ես սիրում Ձեզ…
Ես ծնկի եմ գալիս Ձեր ոտքերի առջեւ…
Ասեք մեկ բառ, ընդամենը մեկ բառ…
Ոչ…Դուք չեք արտասանի այդ բառը: Ես համոզված եմ:
Երջանիկ եւ օրհնյալ է նա, ով հազարներից ընտրել է հենց Ձեզ` այսքան հրաշալի, կատարյալ եւ քնքուշ: Մի՞թե որեւէ կին կարող է Ձեզ փոխարինել…Ես չեմ համարձակվում հանդիպում պահանջել: Ես նախընտրում եմ սպասել: Ես Ձեզ կսպասեմ տարիներ շարունակ եւ երբ Դուք տեսնեք, թե որքան անփոխարինելի եւ մեծ սիրով են Ձեզ սիրում, ինչպիսի պաշտամունքով, կհասականք, որ անիմաստ էր Ձեր մերժումն ու արհամարանքը:
Ի վերջո, ես իրավունք չունեմ արտահայտելու եւ ցույց տալու այն հարվածները, որոնք հասցնում է ինձ իմ կուռքը:
Ձեզ դուր է գալիս ինձ դուրս շպրտել, ինձ դուր է գալիս պաշտել Ձեզ…
P.S. Ես չգիտեմ, ի՞նչ են մտածում կանայք իրենք իրենց մասին, այն ամենի մասին, ինչ հանդիսանում են իրենք: Կանանց մի մասը կարծում է, որ հենց այդ վերաբերմունքին է արժանի «կինը», մյուս մասն էլ կարծում է, որ պետք է ծիծաղի այդ ամենի վրա, այն փաստի վրա, որ իրենց պաշտում են այդպես…
Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես կարծում եմ, որ իրականում կանայք պետք է լինեն հպարտ եւ երջանիկ, միայն այն փաստի համար, որ իրենց աստվածացնում են այդպես: Եւ որքան էլ ծիծաղելի լինի, ես հպարտ եմ եւ ուրախ, որ հնարավորություն ունեմ կրկին երկրպագելու Ձեզ, պաշտելու Ձեզ եւ ծնկի գալու Ձեր առջեւ: Դուք գիտեք իմ բոլոր զգացմունքները, այն բոլոր զգացմունքները, որոնք ես տածում եմ Ձեր հանդեպ եւ ես մտադիր չեմ դրանք թաքցնելու»:
Շ-Պ Բ.
|
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 548 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|