Հինգշաբթի, 25.04.2024, 18:24
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Մարտ #03

Կանայք, Աստվածաշունչը, Հիսուս Քրիստոսը, Պողոս Առաքյալը և էլի կանայք


Դարեր շարունակ տղամարդիկ ամեն կերպ ճնշում էին կանանց, զրկում նրանց սովորական մարդկային իրավունքներից, ստորացնում ու արհամարհում լոկ մի պատճառով. բոլոր կանայք Եվայի ծնունդ են:
Հասկանո՞ւմ եք, Եվա տատիկը մի քանի հազար տարի առաջ խնձոր էր կերել, Ադամ պապիկին էլ հյուրասիրել էր, հետո Աստվածը Եվա տատիկի պատճառով երկուսին վտարեց դրախտից, ու հիմա սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր անարդարությունները բարդվում են Եվա տատիկի ու նրա թոռնուհինեի գլխին, ովքեր հազարամյակներ շարունակ վճարելու են այդ մի խնձորի գինը և ահռելի տոկոսները: Եվ ո՞ւմ են վճարելու: Դրախտից վտարված մյուս արարածին՝ Ադամ պապիկին ու նրա թոռներին: Ըստ իս նման աշխարհայացքը տրամաբանությունից զուրկ մի պատրվակ է, որ աշխարհիս ուժեղ սեռը կարողանա իր հունարը ցույց տալ թույլ սեռի վրա: Այս արդարացումը զուրկ է տրամաբանությունից նախ և առաջ այն պարզ ու հասարակ պատճառով, որ Ադամի բոլոր թոռներն ու ծոռները, ուզեք թե չուզեք, նաև Եվայի թոռներն ու ծոռներն են: Ու եթե «մեղքը փոխանցվում է ժառանգաբար», ապա այն պետք է փոխանցվեր նաև ադամորդիներին, որովհետև գեները սեռ չեն ճանաչում: Իսկ եթե այն չի փոխանցվում ժառանգաբար, ուրեմն Եվա տատիկի հինգաստղանի թաղումից հետո կանանց ուսերին բարդված պարտքն ու տոկոսները պետք է արդեն չեղյալ հայտարարվեն: Բայց չէ, «ժառանգաբար-կամ-ոչ» կոնցեպցիան պատճառ է դառնում, որ կինը զրկվի ժառանգության և ուրիշ շատ ու շատ իրավունքներից ու հավերժ դատապարտվի խոնարհության, համեստության, իսկ եթե իրերն իրենց անուններով անվանենք, սեփական կարծիք չունենալու, հավերժ լռելու, ամեն ինչ հանդուրժելու ճակատագրին:
Բայց մեղավորը աշխարհի պես հին այս առասպելը չէ Եվա տատիկի և Ադամ պապիկի մասին, այլ այն մարդիկ, ովքեր իրենց ուզածի պես մեկնաբանում և պրոպոգանդում էին այն:
Նման «գործակալներից» առաջինը Պողոս առաքյալն էր:
Ըստ կնապաշտ պարոն Վարդիմանի «Կինը Հին աշխարհում» գրքի՝ Պողոսը ծնվել էր Տարսոնում: Այստեղ ապրում էին հրեաներ և հույներ: Ըստ այդմ՝ հույների շրջանում տարածված էր Արտեմիսի պաշտամունքը, իսկ հրեաները դեռ մարսում էին Հին Կտակարանը: Համապատասխանաբար՝ հույն կանայք ավելի ազատ կյանքով էին ապրում, ամեն կերպ ընդգծում էին իրենց գեղեցկությունն ու բացեիբաց մասնակցում Արտեմիսի տաճարում կազմակերպվող էրոտիկ տոներին, իսկ հրեա կանայք ապրում էին արտաքին կյանքից հեռու, ամեն տեսակ ուրախությունից զուրկ: Եվ փոքրիկ Պողոսն արդեն իսկ մանկությունից խորն արհամարհանք էր տածում դեպի կանայք:
Ի՞նչ եղավ հետո: Պողոսը բնականաբար մեծացավ, ստանձնեց «առաքյալի պաշտոն» Հիսուս Քրիստոսի շրջապատում ու հետևեց իր Ուսուցչին: Եվ ի՞նչ տեսավ նա: Հիսուսը չէր արհամարհում կանանց: Ավելին, նա ուղղակիորեն խոսում էր կանանց հետ, նույնիսկ եթե նրանք հայտնի էին թեթև վարքով: Նա թույլ չտվեց, որ շուկայում տղամարդիկ քարկոծեն մի մարմնավաճառի՝ ասելով. «Ով կյանքում մեղք չի գործել, թող առաջինը քար նետի»: Իսկ Մարիամ Մագդաղենացուն այնքան շատ էր սիրում, որ առաքյալները նույնիսկ խանդում էին:
Ինչո՞ւ էր Քրիստոսն այդպես անում: Շատ հասարակ պատճառով: Նա քարոզում էր սեր:
«Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»: «Մերձավորին» այս լայն հասկացության մեջ մտնում են և՛ օտարականները, և՛ մերժվածները, և՛ կանայք:
Կան մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հիսուսը նույնիսկ ամուսնացել էր Մարիամ Մագդաղենացու հետ: Իսկ ուրիշ մարդիկ դատապարտում են այն առաջիններին, որ այդպիսի աստվածամերժ բաներ են ասում:
Բայց ի՞նչ կա որ: Ինչպե՞ս կարող է սեր քարոզել նա, ով երբեք էլ չի իմացել, ինչ է իրական սերը:
Դառնանք Պողոսին, առանց այդ էլ երկար է սպասում կանանց պատճառով: Պողոսը երբեք ամուսնացած չի եղել, այսինքն՝ սեր քարոզելը նրա խելքի բանը չէր: Երբ Հիսուսը մահացավ, Պողոսը մյուս առաքյալների պես սկսեց քարոզել քրիստոնեությունը: Նա քարոզում էր հիմնականում մեծ քաղաքներում: Եվ այստեղ «Եվայի սինդրոմը» դարձավ նրա քարոզչության առանցքը կանանց պարագայում:
Աղջիկներ, գիտե՞ք ինչու եք դուք եկեղեցի մտնելիս ծածկում ձեր գլուխները: Որովհետև խելացի Պողոս քեռին է այդպես ասել: «Տաճարներում ձեր կանայք թող լռեն: Եվ հարիր չէ կնոջը հրամայել կամ ուսուցանել այրամարդուն, քանզի առաջինը Ադամն է լույս աշխարհ եկել, և ապա միայն Եվան (մանկապարտեզային բացատրություն՝ «Ես երկու ամսով մեծ եմ, դու պիտի ինձ լսես»), և առաջինն է մեղք գործել Եվան, և ապա միայն Ադամը: Ձեր կանայք թող ծածկեն գլուխները, քանզի կինն աղոթելիս պիտի ծածկի գլուխը: Այրամարդը թող գլուխը չծածկի, քանզի նա է Աստծո պարծանքը, իսկ կինը ամուսնու պարծանքն է: Եվ ոչ թե կինն է ամուսնու վրա, այլ՝ ամուսինը կնոջ: Եվ ոչ թե ամուսինն է կնոջ համար, այլ՝ կինն ամուսնուն: Այդ է պատճառը, որ կինը պիտի գլխաշոր ունենա՝ որպես նշան իր հնազանդության»:
Ինչպես տեսնում եք, Քրիստոսի ասած «Սիրիր մերձավորիդ»-ը այնքան էլ չի ամրապնդվել մարդկանց գիտակցության մեջ, և դրան չնպաստեց նույնիսկ վերջինիս խաչի վրա մարտիրոսվելը: Իսկ Պողոսի համառ ագիտացիան իր գործն արեց. մինչև այսօր դուք, սիրելի քրիստոնուհիներ, գլխաշոր եք կրում եկեղեցում:
Ի՞նչ է ստացվում: Քրիստոս-քրիստոնեություն, խաչ-խաչակնքվել-կնունք, Հայր-Որդի-Սուրբ հոգի, բայց կանանց և մնացած շատ ու շատ հարցերում նախընտրելի է ոչ թե Ուսուցչի, այլ աշակերտի կարծիքը:
Ամեն

Սոֆի Արսեն
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 578 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'