Հոդվածներ
Ի՞նչ ես դու, կին
Տարբեր ժամանակներում կինը եղել է պտղաբերության, մայրության, գեղեցկության, սիրո, հետո՝ նաև հաղթանակի և ազատության խորհրդանիշ: Բայց դե սրանք ամենահայտնի խորհրդանիշներն են, որոնց մենք ծանոթ ենք մեծ մասամբ հանրահայտ կտավներից: Բայց խորհրդանիշը, ավելի ճիշտ՝ էմբլեման, եղել է միջնադարի կարևորագույն ատրիբուտը, որ պարտադիր էր իրեն հարգող յուրաքանչյուր ասպետի համար: Էմբլեման իրենից ներկայացնում էր կարճ տեքստի՝ կարգախոսի, և այն հաստատող նկարի համադրություն: Կարգախոսն ու նկարը սովորաբար հնչեցնում էին խոհախրատական բնույթի հայտնի մի արտահայտություն: Նորանոր էմբլեմաներ հորինելը միջնադարյան մարդու «պարապ վախտվա խաղալիքն էր» (դե պարզ է, համացանց չկա, հեռուստատեսություն չկա, մնում է կամ զառ գլորել, կամ էմբլեմաներ նկարել): Այդ էմբլեմաների մեծ մասը տեղ է գտել հատուկ «Էմբլեմաների գրքերում» և այդպես հասել մեզ: Հիմա եկեք փորձենք պարզել, թե ինչ տեղ էր զբաղեցնում կինը միջնադարից եկող էմբլեմաներում: Մենք սովոր ենք տեսնել կնոջը՝ որպես սիրո, նրբության, նույնիսկ միամտության, մինչև անգամ՝ հիմարության խորհրդանիշ: Իսկ միջնադարում կնոջ պատկերը կարելի էր հանդիպել գրեթե բոլոր էմբլեմաներում: Եվ այսպես: Աղքատությունը պատկերում էին՝ որպես ցնցոտիներ հագած պառավ, նստած ծղոտի կույտին, կիսաքանդ սայլակում: Հակառակ դրան՝ հարստությունը պատկերում էին՝ որպես գեղեցիկ հագնված ծեր կին, ձեռքին՝ ոսկով և արծաթով լի եղջյուր: Բայց ժլատությունը կնոջ տեսքով չէին պատկերում, այլ հիմնականում պատկերում էին դրմաներ հաշվող ծերունու տեսքով: Առատության խորհրդանիշ եղջյուրը կարելի է տեսնել նաև երկար զգեստներով մի այլ կնոջ ձեռքին: Դա երջանկության խորհրդանիշն է: Ապահովությունը նույնպես պատկերում էին կնոջ տեսքով՝ աթոռին նստած և գլուխը հենած ձեռքին, կամ զրահավորված, աջ ձեռքում՝ նիզակ, ձախ ձեռքում՝ գուրզ: Քաջությունը նույնպես պատկերում էին զրահավորված պարմանուհու տեսքով՝ զինված նիզակով և թրով: Հակառակ դրան վախը պատկերում էին պատանու և նապաստակի տեսքով: Հավատարմությունը կին էր, իսկ նրա կողքին՝ շուն: Սակայն սանձարձակությունը նույնպես կին էր, կողքին՝ կատու: Նախանձը պատկերում էին պառավի տեսքով, ձեռքերում՝ օձեր, որոնք խայթում են իրեն: Փաստորեն ճիշտ են ասում. «Նախանձը հրեշ է կանաչ աչքերով, որը սպանում է իր իսկ ստեղծողին»: Մարդասիրությունը կին էր՝ իր երեք նորածին երեխաների ուղեկցությամբ: Գթասրտությունն էլ որ կին, բայց նստած առյուծին, ձեռքում նիզակ: Հակառակ դրան ցասումը պատկերում էին որպես տղամարդ: Հիմարությունն էլ էր կին՝ փակ աչքերով: Երբեմն, որպես պատիժ, այդ կնոջը պատկերում էին էշի ականջներով: Կամակորությունն էլ էր կին, որի գլխին սիրամարգի փետուրներից պսակ էին նկարում: Սնահավաությունը փակ աչքերով պառավ էր, ում ձեռքին բու կար կամ ճագար: Ունայությունն էլ էին պատկերում կնոջ կերպարանքով: Նա գեղեցիկ է հագնված և նայում է հայելուն: Արդարությունը կին էր, նորից աչքերը փակ, մի ձեռքրին՝ կշեռք, մյուսում՝ թուր: Փառքն էր կին՝ թռչող ձիու վրա նստած: Համեստությունը կույս էր, գլխին՝ գլխաշոր, մատը հպած շուրթերին: Պատիվն էլ էր կին, գլխին՝ պսակ, ձեռքին՝ նիզակ: Դե արի ու մի ասա. ի՞նչ ես դու, կին: Հո տիեզերքի ամենամեծ գաղտնիքը չե՞ս: Սոնա Արսենյան
|
Բաժին` Մարտ #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 628 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|