Չորեքշաբթի, 12.08.2020, 13:02
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հունվար #01

Ստեփան Զորյան: Եղևնին
Ի՜նչ անակնկալ... Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր...

Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր... Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում...

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից... Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել...

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը... ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ... Ու փոքրիկ ծաոը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ...

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա... Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր...

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա...

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած... Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ...

Ի՞նչ է պատահել... ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին...

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին...

Ո՞ւր է իմ եղևնին...

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ...

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է... կտրել-տարել են տոնածառ սարքելու...— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար...

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված...

Եվ քանի՜ հազարավորներ այդպես... Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով...

Ստեփան Զորյան
Բաժին` Հունվար #01 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 498 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 11 մարդ
Առաջարկում ենք'