Հոդվածներ
Արմենուհի Սիսյան: Ամանոր
Միայն ժամը տասներկուսին կասեմ, թող անակնկալ լինի, - որոշեց անելիքն ու տաք ջեռոցից հանեց շիկացած թավան: Հազիվ հասցրեց վայր գցել սեղանին ու նետվեց դեպի գազօջախը, ուր վառվում էր տոնական ճաշը: Չէ, լավ վրա հասավ, չէր վառվել: Գորովանքներով խառնեց ճաշը որպես շնորհակալություն ու կողք դրեց: Հարկավոր է սեղանն ազատել կուտակված մթերքներից. խմորը գրտնակել է պետք սեղանի ողջ լայնքով: Կամ ավելի լավ է՝ կանաչին մաքրի, լվանա, հետո հավաքի սեղանը, որպեսզի այդ ընթացքում թաց կանաչեղենը ցամաքի: Ինչ ուզում է լինի՝ պետք է հասցնել հինգերորդ սալաթը կտրատել: Առանց սալաթների ի՞նչ ամանորյա սեղան: Վա՜յ, իսկ ի՞նչ ամանորյա սեղան առանց տոնական մոմերի... Բոլորովին մոռացել էր, այն դեպքում, երբ արդեն երեք անգամ դուրս էր եկել տնից տարբեր գնումներ կատարելու: Նայեց ժամացույցին. հնարավոր է տոնի կապակցությամբ շուտ փակվի մոտակա խանութը: Դուրս պրծավ խոհանոցից, արագորեն ուսերին գցեց վերարկուն ու նետվեց դեպի դուռը: Քսան րոպե անց կրկին բարձրանում էր նույն հինգերորդ հարկը՝ մոմերը ձեռքին: Բախտը բերել էր, մոմերի համար ստիպված չէր եղել հեռու գնալ, մոտակա խանութից էր գնել: Հազիվ թե իրեն առավել երջանիկ զգար, թե վերադառնալիս գանձ գտած լիներ: Արագ բացեց դուռն ու իրեն գցեց խոհանոց. այսուայն կողմ կիսաեփ ուտեստներ, սալաթի կիսակտրատած պարագաներ, խմորեղենի թխված շերտեր, կաթսաներ ու թավաներ էին: Սիրտը նվաղեց. ինչպե՞ս էր այս ամենն ավարտի հասցնելու, հետո կարգավորելու ու մաքրելու, մի քանի ժամ է մնացել: Բայց երբ պատկերացրեց ամանորյա գիշերվա իր տոնական սեղանը, նրբագեղ բաժակների զնգոցը, առավել եռանդով սուզվեց վերջ չունեցող գործերի մեջ: Ասես որոշել էր ինքը հալածեր աշխատանքին, նախքան աշխատանքը կհալածեր իրեն: Միևնույն է, ինչ ուզում է լինի, պիտի հասցնի: Հարկավոր է մի քիչ էլ արագացնել աշխատանքի տեմպը: Ամեն բան պետք է լինի իդեալական ու միայն այն ժամանակ, երբ սեղան կնստեն, կնայի ուղիղ իր սիրելիի աչքերին ու կասի նրան... Ամեն ինչ պետք է տոնական ու տրամադրող լինի: Միայն հաջողվի գործերը քիչ արագ անել, դեռ պիտի հասցնի իրենով էլ զբաղվել: Անպայման պիտի գեղեցիկ լինի: Նա ամենևին էլ այն կանանցից չէ, որոնք միայն խոհանոց ու բաղնիք մաքրել գիտեն, իսկ իրենք մնում են փնթի ու անխնամ: Եղունգները ամենավերջում կարգի կբերի, երբ այլևս գործ չի մնա անելու: Եվ ընդհանրապես, ինչպես դիմավորում ես Նոր տարին, այնպես էլ ողջ տարին է ընթանում: Հարկավոր է ամեն բան տեղը տեղին անել: Օ՛ֆ, տեսնես կստացվի՞ խոհանոցից շուտ ազատվել, որ վերջապես հյուրասենյակի գորգն էլ մաքրել: Կահույքի փոշի՜ն... Թերևս ավելի ճիշտ կլինի գորգը հենց հիմա մաքրի. հանկարծ կարող է շուտ տուն գա, իսկ փոշեկուլի աղմուկը նա տանել չի կարողանում... Արագությամբ անցավ հյուրասենյակ, հանեց փոշեկուլն ու անցավ գործի: Արագ շարժումներից, թե ֆիզիկակակն ծանրաբեռնվածությունից մեջքի ուժեղ ցավ զգաց: Չընդհատեց. միևնույն է, պետք է վերջացնել: Կիսածռված մեջքով, հաղթական ավարտին հասցրած՝ անջատեց փոշեկուլի հռնդյունն ու մի կերպ քարշ տվեց իր տեղը: Խոհանոցում անցավ նստած գործի, որպեսզի այդ ընթացքում մեղմեր մեջքի ցավը: Լավ կլիներ՝ ոտքերը մեկներ, բայց դա ավելի ուշ՝ ժամը տասներկուսից հետո, երբ արդեն նստած կլինեն: Դիզա՛յնը, պետք է մի քիչ նորություն մտցնել, դիզայնը շատ կարևոր է, իսկ գեղեցիկ մատուցելն իր տարերքն է: Բայց դեռ չի որոշել ինչ գեղարվեստական մոտեցում ցուցաբերի... Տեսնես ինչքան ժամանակ կպահանջվի ուտեստներն ու սեղանը զարդարելու համար... Թխվածքը ջեռոցից հանելու ժամանակն է: Այսպես, գերազանց է ստացվել: Միայն թե մեջքը դարձյալ սուր ծակեց: Ոչինչ, հիմա դրա ժամանակը չէ: Թավայի ծանրությունից էր երևի: Կմնա կրեմ պատրաստելն ու շերտերին քսելը, չհաշված՝ զարդարելը: Երբ նա գա, առաջինը տորթը ցույց կտա. հաստատ կհավանի: Շատ լավ է: Վա՜յ, նվերը, քիչ մնաց ամենակարևորը մոռանար: Ամենագեղեցիկ զարդարանքը հենց անակնկալն է: Անհապաղ հիմա՛ է պետք փաթեթավորել, հո նրա ներկայությամբ չի՞ անելու: Օ՜, ի՜նչ հաճելի պահեր են սպասվում այսօր... Հետաքրքիր է, ինչպե՞ս ավելի լավ կլինի, նվերը տա մինչև՞ ժամը տասներկուսը, թե՞ տասներկուսը խփի, բաժակները զնգան, շնորհավորեն միմյանց, հետո՝ նվերը: Հա՛, հենց այդպես էլ կանի, այդպես ավելի տպավորիչ կլինի: Վաղուց նման ռոմանտիկ երեկո իրար հետ չեն ունեցել՝ նրբագեղ բաժակներ, շամպայն, վառվող մոմեր... Ո՜ւխ, ինչ լավ է լինելու... Անխոնջ մեղվի նման թռավ մյուս սենյակ, ավարտին հասցրեց ինչ-որ բան ու նորից հայտնվեց խոհանոցում: Աներևակայելի արագությամբ կլանում էր եղած գործն ու անցնում հաջորդին: Չհասցնելու խուճա՞պը, թե՞ ժամը տասներկուսը հանդիսավոր դիմավորելու ոգևորությունը ֆանտաստիկ արագությամբ ավարտին հասցրին գործերը: Ահռելի աշխատանքի հախից կարողացավ գալ փառքով: Մնում էին թեթև գործերը՝ դասավորելը, ուղղելը, դիմահարդարվելը... Իսկ նա դեռ չկար: Է՛հ, ի՛նչ արած, գործի բնույթն է այդպիսին: Ավելի լավ, մինչև գա՝ իրեն արդեն գեղեցկացած կտեսնի: Մեկ, երկու, երեք, չորս, հինգերորդ սալաթն արդեն կա, մոմերը նախօրոք կվառի, բենգալյան կրակները՝ տասներկուսից քիչ պակաս... Մեկ ժամ չանցած՝ մեջքի ցավն այլևս թույլ չտվեց ոտքի վրա կանգնել: Որոշեց մի փոքր նստել, քանի որ դա ընդամենը հոգնածության ցավ է, բավական է նստի կամ պառկի՝ ամեն ինչ կանցնի: <<Տասը-տասնհինգ րոպեն լիուլի բավական է>>, - մտածեց ու փլվեց հյուրասենյակի բազկաթոռին: ...Բնակարանի դուռը շռնդալից աղմուկով բացվեց ու նույնքան աղմուկով փակվեց: Ուտեստների ախորժելի բույրը շոյեց տղամարդու հոտառությունը: -Ոչ մի կերպ հնարավոր չեղավ շուտ պոկվել: Էս ի՜նչ համով հոտեր ես գցել, - կախիչից կախեց վերարկուն ու գլխարկը: Ձեռքրեն իրար շփելով՝ մտավ խոհանոց. կինն այնտեղ չէր, հետո լոգարան-զուգարան՝ այնտեղ էլ չկար: Ամենուրեք իդեալական մաքրություն էր, կարգուկանոն: -Սի՛-րե՛-լի՛ս, շտա-պի՛ր, շուտով տասներկո՜ւսն է, - քաղցրածոր երգելով՝ մտավ հյուրասենյակ, ուր տոնական սեղանը դեռ գցված չէր: -Սիրելի՞ս, - ապշեց տղամարդն ու կանգ առավ. հնարավոր բան չի... Սիրելիի հոգնած շնչառությունը միանգամայն անհաղորդ էր տղամարդու կանչին, որովհետև նա խո՜րը քնած էր... Արմենուհի Սիսյան <<Հե՜յ, Նոյ>> գրքից
|
Բաժին` Հունվար #01 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 883 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|