Հինգշաբթի, 25.04.2024, 03:52
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2013 թվ. » Հունվար #01

Արամ Պաչյան: Տոնածառը
Նա բացեց արկղը փակ աչքերով, շունչը պահած: Գույնզգույն խաղալիքները լուռ քնած էին` սերուցքագույն թերթի բացվածքի վրա: Խաղալիքների մակերեսին նա տեսավ իր դեմքի տխուր արտացոլքը և հատուկենտ ցցված մազերի կոր ստվերները: Արկղի մեջ շերտառշերտ դարսված էին բոլոր այն խաղալիքներն ու փայլերը, որ ամեն տարի զարդարում էին ամանորյա տոնածառը: Պլաստմասսե այդ փոքրիկ տոնածառը ծնողները գնել էին Վանաձոր քաղաքում, շատ վաղուց, դեռ իր ծնվելուց առաջ: Տարիների ընթացքում կմախքը թուլացել էր, լույսերի տաքությունից կանաչ սաղարթները տեղ-տեղ հալվել: Ամեն անգամ տոնածառը դնելիս հայրը պղնձյա մալուխով բարակ բնիկը պինդ ամրացնում էր փայտյա չորսոտնուկ հենակին, որպեսզի եղեւնին ծուռ չկանգնի:

Սկզբում տոնածառը ձմեռային ճնճղուկի նման կծկված ու խեղճ էր թվում, բայց երբ զարդարում էին ու դնում հյուրասենյակի անկյունում, ամեն ինչ փոխվում էր: Գիշերը անկողնում պառկած՝ նա տեսնում էր, թե ինչպես են հանկարծակի վառվում տոնածառի լույսերը, սիրտը ուժգին տրոփում էր, հեռվում ինչ-որ մեկը զանգակներ էր ղողանջում, ձյան ճռճռոցի եւ չարաճճի քչփչոցների ձայներ էին լսվում: Ամենից շատ նա հուզվում էր արկղում խաղալիքների կոտրտված փշրիկներին հանդիպելիս: Փափուկ բամբակի մեջ խրված այդ սուր եզրերով փշրիկները ծիածանափայլ շողեր էին արձակում: Բերանը բացելով` նա փորձում էր որսալ հմայող բծացոլքերի սլացքները, բայց նրանք միշտ բեկվում էին բիբերի մեջ ու անէանում:

***

Դեկտեմբերի 31-ը այն միակ օրն էր, երբ ինքը արկղից խաղալիք էր հանում, տալիս էր հորը, իսկ հայրը զգուշորեն կախում էր տոնածառի իր ընտրած սաղարթից, միակ օրն էր, երբ այդ գործողության ընթացքում պատահաբար մատները քսվում էին հոր մատներին` մարմնով սաստիկ դող էր անցնում: Այդ չնախատեսված, բայց հոգու խորքում սպասված հպանքները մի տեսակ մեղմ ու խորը ցավ էին պատճառում տղային: Դեկտեմբերի 31-ը այն միակ օրն էր, երբ ինքը սպասում էր… Բայց այս անգամ հայրը չվերադարձավ: Սենյակի դռան արանքից նա հետեւում էր մոր անկանոն շարժումներին:

Նրա արցունքները կաթ-կաթ թափվում էին ալյուրոտ գոգնոցի վրա, ծորում էին ու թանձրանալով կանգ առնում: Մոր արցունքները ձնագնդիկների էին նման: Հոր ճամպրուկն էր պատրաստում: Դարսում էր տաբատներն ու վերնաշապիկները, հետո դուրս էր թափում, կրկին հավաքում, կռվում էր իր շարժումների հետ: Որոշ ժամանակ անց մի փոքր հանդարտվեց, նստեց մահճակալի եզրին ու դողդողացող ձեռքերով ծխախոտ վառեց: Կզակը հենելով ձեռքին` ճկույթի ծայրը մտցրեց շրթունքների արանքը ու փակեց աչքերը: Մայրը ծխում էր միայն այն ժամանակ, երբ անզոր էր, և նրա գեղեցկությունը կրկնապատկվում էր այդ ակնթարթի մեջ:

Անծանոթ մի մարդ եկավ, վերցրեց հոր ճամպրուկը, ասաց, որ պատերազմի դաշտում վիճակը սարսափելի է, վիրավորներին չեն հասցնում օգնել, և ասաց, որ վիրաբույժ է պետք մարդկանց. նրան սպասում են: Ճամպրուկն ասես հոր վերջին ներկայությունը լիներ տան մեջ: Երբ այդ մարդը իր հետեւից փակեց դուռը և տարավ ճամպրուկը, տունը անորոշ ու ծանր մի դատարկությամբ պարուրվեց:

***

Երևի այնտեղ՝ հիվանդանոցում ևս տոնածառ կլինի, եւ հայրը նրա կողքով անցնելիս մի պահ կկանգնի ու կհիշի իր մասին, կհիշի, որ ամանորյա իրենց տոնածառը անհամբեր սպասում է զարդարվելուն: Անկողնու վերմակին պառկած` նա մտածում էր արկերից ու փամփուշտներից վիրավորված այն բոլոր երեխաների մասին, ովքեր մահանում էին, հայացքները վերջին անգամ կարոտով հառած հիվանդանոցի տոնածառի լույսերին: Երևի տոնածառը տեսնելիս երեխաները մոռանում են, որ վիրավոր են, մոռանում են, որ էլ ոտքեր, ձեռքեր չունեն, որովհետև տոնածառի լույսերը կախարդական են, նրանք մոռացության են մատնում ցավը:

Հետո անընդհատ հիշում էր այն պատմությունը, որ անցյալ տարի ծիծաղելով պատմել էր ռազմաճակատում կռվող հոր ընկերը, թե ինչպես իր ջոկատի տղաներից մեկը դիպուկ կրակոցներով թշնամու երկու երեխա էր սպանել, ովքեր անզգուշորեն մոտեցել էին իրենց խրամատներին եւ փորձել ամանորյա եղեւնի կտրել: Այդ մարդը ծիծաղեց երկու անգամ` պատմությունը պատմելուց առաջ եւ պատմությունը պատմելուց հետո: Վերջին ծիծաղի մեջ օդը պատռող կրակոցի ձայն լսվեց:

***

Նա հագավ վերարկուն, դուրս եկավ տնից: Ձյուն էր գալիս: Կանգնելով փողոցային մի լապտերի տակ` նա վեր պարզեց դեմքը: Կապտագույն լույսի միջով փաթիլները դանդաղ իջնում էին երեսին, նստում շրթունքների եզրերին, այտերի վրա: Նրան դուր էր գալիս դեմքին նստող փաթիլների անկշիռ փափկությունը եւ մաշկին հպվող համարյա անհպելի ակնթարթը: «Ես փաթիլների տոնածառն եմ»,-մտածեց տղան:

Նա քայլում էր հինգհարկանի շենքերի երկայնքով: Եթե առաջին հարկում մի որեւէ պատուհանից տոնածառի լույս էր թրթռում, կանգնում էր ու երկար նայում պատուհանից ներս: Օտար բնակարաններում ապրող մարդիկ այնքան հարազատ էին թվում իրեն, որ հազիվ էր զսպում իր մեջ վառվող` բնակարանի դուռը թակելու ու ներս մտնելու անհագ ցանկությունը… պարզապես ներս մտնելու ու լուռ կանգնելու նրանց տոնածառի դիմաց` դեմքին զգալու լույսերի ալիքվող խաղը: Նա ուզում էր տեսնել, թե մյուսները ինչպես են զարդարում իրենց տոնածառը, ինչ արկղերից են հանում խաղալիքներն ու փայլերը, բայց պատուհաններից այն կողմ հանդիպող բոլոր տոնածառներն արդեն զարդարված էին ու լուսավորված:

***

Բարձրացավ տուն: Մուտքի մոտ բազմություն էր հավաքված: Դուռը կիսաբաց էր: Լսվում էր մոր լացի ձայնը: Տանը հարազատ եւ օտար մարդիկ կային: Տղամարդիկ ծխում էին, իսկ աթոռներին նստած կանայք ճեմում մարմինները: Հորեղբայրը մոտեցավ, գրկեց ուսերը, համբուրեց: «Հենց նոր զանգ տվեցին, ասացին, որ հիվանդանոցը ռմբակոծվել է, փլատակների վերածվել…»: Նա հասկացավ: Հայրը չկար: Բայց չկար, որովհետեւ տանը չէր: Տղան կրկին համոզվելու համար հերթով մտավ բոլոր սենյակները, փնտրեց նրան խոհանոցում, պատշգամբում, մարդկանց մեջ: Չգտավ: Գնաց-նստեց մութ հյուրասենյակի բազմոցին:

Խփեցին ամանորյա զանգերը: Տղան փակեց աչքերն ու որոշ ժամանակ անց բացեց: Հյուրասենյակի անկյունում` տոնածառի մոտ, վիրաբուժական սպիտակ խալաթը հագին կանգնած էր հայրը: Նա ցուցամատը սեղմել էր շրթունքներին ու մեղմ ժպտալով աչքով էր անում: Տղան դանդաղ մոտեցավ, լուռ նստեց արկղի կողքին, միջից խաղալիք հանեց, տվեց հորը: Հայրը վերցրեց, զգուշորեն կախեց սաղարթից, հետո ձեռքը երկարեց, շոյեց իր ցից-ցից մազերը: Մատները կարծես հավերժ մնացին մազերի մեջ…
Հրավառվեցին տոնածառի լույսերը:
Նա զգաց իր հոգում հրաշքի մուտքը:

Արամ ՊԱՉՅԱՆ

Բաժին` Հունվար #01 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 740 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Հունվար #01 [23]
<<Սևակ>> ամսագրի ամանորյա նվերը բոլոր ընթերցողներին:
Փետրվար #02 [23]
Մարտ #03 [23]
Ապրիլ #04 [23]
Մայիս #05 [23]
Հունիս #06 [23]
Հուլիս #07 [23]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 32 մարդ
Առաջարկում ենք'