| Հոդվածներ
 Ամանորյա հանրագիտարան 
| Նոր տարի – տոն: Ինչպես և բոլոր տոները, այն ունի իր հույժ կարևոր ատրիբուտները, ինչպես տոնածառը, զարդարանքները, նվերները և, ի վերջո, Ձմեռ Պապը:
 Ինչո՞ւ են մարդիկ զարդարում տոնածառ: Եվ ո՞վ է Ձմեռ Պապը: Այս և նման շատ հարցերի պատասխանը ես էլ կուզենայի իմանալ: Իսկ եթե ես ուզում եմ ինչ-որ բան իմանալ, անպայման իմանում եմ: Եվ այսպես…
 Հունվարի 1-ը տարվա առաջին օր դարձրեց ոչ ավել ոչ պակաս ինքը՝ Հուլիոս Կեսարը: Այդ օրը հռոմեական տոնացույցով նվիրված էր երկերեսանի Յանուս աստծուն՝ ընտրության, դռների և ամեն ինչի սկզբի աստծուն: Հունվար ամիսն էլ իր անվանումը ստացել է հենց այդ աստծո անունից և նվիրված է եղել Յանուսին:
 Այժմ տեղափոխվենք միջնադար: Գերմանական Ռեֆորմացիայի հայր Մարտին Լյուտերը գնում է անտառի միջով: Ճրագալույց է, բայց բնությունը, կարծես, մոռացել է այդ կարևոր իրադարձության մասին, մութ և ու ցուրտ: Հանկարծ Լյուտերը տեսնում է, ինչպես են եղևնու ճյուղերի միջով շողում աստղերը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես էր հիացել. Դե, դա մենք ենք սովոր գույնզգույն լույսերով տոնածառը զարդարել, իսկ Լյո՞ւտերը: Նա շտապեց տուն և իր եղևնու ճյուղերին մոմեր ամրացերց, որոնք հիշեցնում էին այն հրաշքը, որ նա տեսավ անտառում: Այստեղից էլ մերօրյա սովորությունը՝ տոնածառը լույսերով զարդարել:
 Մի ուրիշ առասպել բացատրում է մարդկանց տարօրինակ սովորությունը՝ տոնածառին փայլուն շղթաներ կախել: Մի բարի կին, ով շատ երեխաներ ուներ, զարդարում էր ամանորյա ծառը: Բայց նա աղքատ էր, և տոնածառը շատ համեստ ստացվեց: Գիշերն էլ սենյակի անկյուններում բնակվող սարդերը այցելեցին տոնածառը և այն պարուրեցին սարդոստայնով: Իմանալով կնոջ բարությունն ու առաքինությունը՝ Աստված սարդոստայնը դարձրեց փայլուն շղթա: Երբ կինն ու երեխաները արթնացան, ապշած էին. իրենց տոնածառն այսքան գեղեցիկ չէր եղել:
 Ձմեռ պապին անձամբ ծանոթ չեմ, ու ինձ թվում է, ոչ ոք էլ ծանոթ չէ: Ոմանք ասում են, որ նրա իսկական անունը Նիկողայոս է՝ սուրբ Նիկողայոս, որ նա ապրել է 4-րդ դարում Լիկիայի Պատարա քաղաքում:
 Մյուսները կարծում են, որ Ձմեռ պապիկին <<հնարել են>> հոները: Նրանց սիրված աստվածը Յերլուն էր, ով <<տարվա ամենաառաջին օրը>> իջնում էր Երկիր: Այդ օրը տանը պետք էր դնել սուրբ ծառը՝ եղևնին: Եվրոպայում ջախջախիչ պարտություն կրելուց հետո հոները մնացին Բավարիայում, և շարունակում էին տոնածառ զարդարել <<տարվա ամենաառաջին օրը>>: Այդտեղից էլ տոնածառը տարածվեց ամբողջ Գերմանիայում, հետո՝ եվրոպական մյուս երկրներում: Փաստորեն, այս ավանդույթը արդեն 5000 տարի է, ինչ տարածվում է մի երկրից մյուսը:
 Սկզբում եղևնիներ հայտնվեցին միայն ազնվականների և հարուստ վաճառականների տանը: Դրանք զարդարվում էին գունավոր թղթերից պատրաստված վարդերով, խնձորներով, թխվածքաբլիթներով և շաքարի կտորներով: Գերմանիայում զարդարում էին ոչ միայն եղևնիներ, այլև սոճիներ և բալենիներ:
 Տոնածառը լայն տարածում գտավ 19-րդ դարի սկզբին: Առաջինը այն զարդարեցին Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ռուսաստանի կայսերական պալատներում: Իսկ <<հասարակ մահկանացուների>> տներում այն հայտնվեց միայն 19-րդ դրարի երկրորդ կեսից:
 Ռուսաստանում Նոր տարին սկսել են նշել Պետրոս Մեծի հրամանով՝ հունվարի 1-ին, 1700 թ-ից: Մինչ այդ ռուսները Նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին: Իր արքայական հրամանում Պետրոսը գրում էր. <<Մեծ փողոցների դարպասները և տները զարդարել ճյուղերով և ծառերով սոճու և եղևնու, կրակել փոքր թնդանոթներից և հրացաններից, կազմակերպել հրավառություն և լույսեր վառել: Իսկ աղքատ մարդիկ թող գոնե մի ծառ կամ ճյուղ դնեն իրենց դարպասին>>:
 Ռուս ժողովուրդը շատ սիրեց կանաչազգեստ գեղեցկուհուն: Բայց 1916 թ-ին տոնածառը հանկարծ անցանկալի դարձավ. Իմպերիալիստական պատերազմի ժամանակ Սրբազան Սինոդը կոչ էր անում բոլոր հայրենասերենրին հրաժարվել ամանորյա այս զարդից, քանզի այն փոխառնված է գերմանացիներից (այ քեզ բա՜ն): Իսկ 1918 թ-ին սովետական իշխանությունը չարացավ տոնածառի հանդեպ. չէ՞ որ սա բուրժուազիական սովորույթ է, այն էլ կապված է կրոնի հետ:
 Այնուամենայնիվ տոնական տրամադրությունը բոլոր հրամաններից կարևոր է, և մարդիկ միևնույն է շարունակում էին տոնել Նոր տարին, մինչև 1935 թ-ին սովետական իշխանությունը ինքը չնախաձեռնեց տոնել այն: Ամանորյա աստղը դարձավ հինգթևանի և կարմիր, ինչը խորհրդանշում էր սովետական իշխանությունը: 1949 թ-ից էլ հունվարի 1-ը վերջապես հայտարարվեց ոչ աշխատանքային օր:
 Վերադառնանք Ձմեռ պապուն: Կարող ենք ընդունել, որ Ձմեռ պապիկի նախնին հոների Յերլուն էր, բայց չէ՞ որ ամեն ազգ իր սեփական Յերլուն ունի:
 Հայերի Յերլուն բոլորիս հայտնի Ամանորն է՝ Նոր տարվա աստվածը: Նրա հավատարիմ ընկերն է Վանատուրը՝ հյուրընկալության աստվածը: Բացի այդ հայերը ունեին հատուկ նվերներ մատակարարելու ծառայություն, որը կոչվում էր Կաղանդ պապ:
 Ռուսները սպասում են Дед мороз-ին, որի անունից էլ գալիս է մեր Ձմեռ պապը (ինչպես հասկանում եք, թարգմանությունը բառացի չէ): Նա ճանապարհորդում է իր թոռնուհու՝ Снегурочка-Ձյունանուշիկի հետ:
 Բելառուսում ժամանակին ապրում էր Զյուզյան, ով մեծահոգի էր, բարի, ուներ երկար մորուք, ապրում էր անտառներում և այնքան կոփված էր, որ կարողանում էր ձմեռը բոբիկ քայլել:
 Չեխիայում և Սլովակիայում երեխաներին այցելում է Միկուլաշը: Նա էլ թոռնուհի ունի, անունը՝ Ձյունիկ: Բայց նա պապիկի հետ ճանապարհորդելու ժամանակ չունի. նրան է հանձնարարված գործել Երկրի ձյունե սավանը:
 Ամերիկայում բոլոր տեսակի ձմեռ պապերին անվանում են Սանտա Կլաուս: Նրա սայլակը տանում են եղնիկները՝ կարմրաքիթ Ռուդոլֆի գլխավորությամբ:
 Շվեդիայի Ձմեռ պապը շատ փոքր է: Անունը՝ Յուլ Տոմտեն, թարգամանբար՝ <<ամանորյա թզուկ>>: Ինչպես ասում են, պստիկ է, բայց ճստիկ է, որովհետև բոլոր ձմեռ պապերից ամենահարուստը ինքն է. ամենաշատ օգնականները ինքն ունի՝ հազարավոր փոքրիկ էլֆեր և ձնեմարդ Դաստին:
 Իտալացի Բաբբե Նատալլեն շատ է սիրում կաթ: Նույնիսկ պատրաստ է ծխնելույզով տուն մտնել, միայն թողեք նրա համար մի բաժակ կաթ:
 Մոնղոլիայում Նոր տարին հովիվների տոնն է, նրանց Ձմեռ պապն էլ գլխավոր հովիվն է: Ուվլին Ուվգունը, այդպես է պապիկի անունը, մտրակ ունի: Նրա օգնականի անունը Զազան Օխին է՝ <<Աղջիկ-ձյուն>>:
 Սինտեր Կլաասը այցելում է Հոլլանդիան իր սեփական նավով: Եվ ինչպես հոլլանդացի նվաճողներին, նրան ևս ուղեկցում են սևամորթ ստրուկները (հետո էլ ասում ենք՝ ոչ ռասիզմին):
 Յակուտիայում Ձմեռ պապի անձնագրում գրված է Էխէէ Դյըլ: Նա ունի հսկայական ցուլ, որ ամեն աշուն դուրս է գալիս օվկիանոսից և սկսում է աճեցնել իր պոզերը: Ինչքան երկար է նրա պոզը, այնքան ցուրտ է լինելու ձմեռը:
 Ասում են, Ձմեռ պապը ապրում է Ֆինլանդիայում: Սխալ են ասում: Ֆինլանդիայում ապրում է Յոուլուպուկկին, թարգմանաբար՝ Ամանորյա պապ, կամ Ամանորյա այծ: Դա հայհոյանք չէ, պարզապես մեր պապիկը շատ էր սիրում այծի մորթի հագնել, դրա համար էլ նրան սխալմամբ այծ են անվանել: Նրա տունը սարի գագաթին է: Այնտեղ ապրում են նրա կինը՝ Մոուրին, և թզուկների մի ամբողջ ընտանիք:
 Ձմեռ պապու ճապոնացի գործընկերը՝ Օձի-սանը, շատ թիթզ է: Մինչև Ճապոնիայում 108 անգամ չզանգի մեծ զանգը, նա չի գա: Ճապոնացիների սիրած ամանորյա նվերը Կումադեն է: Դա բամբուկից պատրաստված փոցխ է, որով հարմար է <<փոցխել երջանկությունը>>:
 Բելգիայի Ձմեռ պապիկը սուրբ է, այսինքն՝ սուրբ Նիկողայոսն է: Ամենաառաքինի ընտանիքին նա ինքն է հյուր գալիս, և այդ ընտանիքը նրանից ստանում է ոսկե խնձոր:
 Ուզբեկիստանում Ձմեռ պապիկը չունի իր սահնակը, բայց ունի իր հավատարիմ ավանակը: Կոռբոբոն գալիս է իր թոռնուհու՝ Կոռգըզի հետ միասին:
 Ֆրանսիացի Պիեր Նոէլը չի սիրում փողոցները: Նա քայլում է տների կտուրներով, ներս է մտնում ծխնելույզով, իսկ նվերները դնում է երեխաների կոշիկների մեջ:
 
 Այժմ ինքներդ կարող եք ընտրել՝ ում նամակ գրեք Նոր տարվա գիշերը: Ասեմ, որ այս բոլոր ձմեռ պապերի էլեկտրոնային հասցեները դեռ հայտնի չեն, բայց շուտով դրանք էլ հասու կլինեն լայն հասարակությանը: Իսկ մինչ այդ կարելի է մի քչ ուրախանալ:
 Շնորհավոր Ամանոր:
 
 Արսենյան Սոնա |  | Բաժին` Հունվար #01 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ` |  | Դիտվել է 739 անգամ| 
|Վարկանիշ` 0.0/0 |  | 
 Օգտակար ինֆորմացիա  ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին 
 Գովազդ   Առաջին խորանարդ 
 Գովազդ Երրորդ խորանարդ
  
 Գովազդ   Չորրորդ խորանարդ |