Հոդվածներ
Ջուղա - Ճուղ ա
Արգամ Այվազյան
Պատմական Երնջակ գավառի Ջուղա քաղաքը հին Հայաստանի նշանավոր բնակատեղերից է և գոյատևել է անընդմեջ մինչև 1848 թ-ը: Դեռևս վաղ միջնադարում ավանի հռչակ ձեռք բերած այս բնակատեղին 10-13-րդ դարերում վեր է ածվել քաղաքավանի, իսկ 15-17-րդ դարերում այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր:
<<Ջուղա>> տեղանունը գիտական գրականության մեջ դեռևս ստուգաբանված չի: Հայ մատենագրության մեջ այս հնագույն տեղանունը 5-17-րդ դարերումկոչվել է Ջուղայ, Ճողայ, Ջուղա, իսկ 17-20-րդ դարերում, ի տարբերություն Նոր Ջուղայի, կոչվել է Հին (տեղական բարբառով Խին) Ջուղա: Օտարազգի պատմիչներն ու ճանապարհորդները այն անվանել են Djoulfa, Ciulfa, Iulfa, Zulfa, Julfa, Usulfa, Sulfa, Diulfa, Tulfa, Iula, Chiulfa, Zugha: 17-րդ դարում Ղազար կաթողիկոս Ճահկեցին նշել է, որ Անի քաղաքի կործանումից հետո նրա բնակչության <<կեսքն ճղեալ գնացին ի Ճուղայ...>>: Այս տեղեկությունն էլ հիմք է ծառայել, որպեսզի կարծվի, թե Ջուղան որպես բնակատեղի հիմնվել է Անիի կործանումից հետո և այն Անի քաղաքի մի ճյունղ է (<<Ճյուղ ա>>): Այս ոչ ճիշտ մեկնաբանությունն էլ ավանդաբար փոխանցվել է ջուղայեցիներին: Սակայն Նախիջևանի հնամենի գավառների բազմաթիվ տեղանուններ, ինչպես, օրինակ, Գողթն, Տրունիք, Երնջակք, Ռամիք, Ցղնայք, Ապրակունիք, Շահապունիք կամ Շահապոնք, Շարուր և այլն, որոնք հոգնակի թվով աշխարհագրական անուններ են, ցույց են տալիս հավաքական գաղափար և տեղ: Կարելի է ենթադրել, որ Ջուղայքը կամ Ջուղայը էթնիկական ծագում ունի և առաջացել է այդտեղ բնակվող նույնանուն ցեղի անունից: Հայ մատենագրության մեջ Ջուղայի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է մ.թ.ա. 1-ին դարին: Մովսես Խորենացին, <<Հայոց պատմության>> մեջ նկարագրելով Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ.) քաջագործությունները, նշում է, որ Աժդահակին հաղթելուց հետո նրա առաջին կնոջը՝ Անույշին <<և շատ աղջիկներ Աժդահակի սերունդից՝ պատանիներով ու գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան մի բյուր մարդ /Տիգրանը/ բնակեցնում է մեծ լեռան արևելյան կողմը մինչև Գողթնի սահմանները. սրանք են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և գետեզրյա ուրիշ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիք, մինչև Նախճավան ամրոցի դեմուդեմը: Նրանց է թողնում նաև երեք ավաններ - Խրամ, Ջուղա և Խորշակունիք՝ գետի մյուս կողմում, ամբողջ դաշտը...>>: Ջուղան հիմնված էր հին աշխարհի առևտրական ու ռազմական տարանցիկ ճանապարհներից մեկի կարևոր հանգուցակետում: Այստեղով էին անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրականի ափերը ձգվող երթուղիները: Ջուղան այնուհետև հիշատակվում է 7-րդ դարում՝ Հայաստան ներխուժած արաբական արշավանքների դեպքերի արձանագրման առթիվ: Այդ մասին Ղևոնդ պատմիչը նշում է, որ արաբները, հարձակվելով Հայոց աշխարհի վրա, գրավում են Գողթնը և նրա մերձակա գավառները. <<Բազումս յարանց ընդ սուր անցուցանէին, և զայլս գերի վարեալ կանամբի և մանկատեաւ՝ անցուցանէին ընդ գետն Երասխ ընդ հունն Ջուղայու>>: Այնուհետև արաբները, 688 թ-ն նորից հարձակում գործելով Հայոց երկրի վրա, <<գործէին զանօրենութիւն յաւանս Մարաց ի Խրամ, ի Ջուղայ և ի Խորշակունիս>>: Ջուղան այնուհետև հիշատակվում է 10-րդ դարում, երբ 962 թ-ին Խրամ քաղաքի ավերումից հետո Ջուղա են տեղափոխվել ս.Կարապետի մասունքները: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին այս փաստի մասիննշում է, որ Ջուղայի բռնագաղթից հետո մի մահմեդական Ջուղայի Ամենասուրբ Երրորդություն կամ Վերին Կաթան անվանվող եկեղեցու ավագ խորանից գտած մի արկղիկի մեջ հայտնաբերել է սուրբ մասունքներ և մի կտոր մագաղաթ, որոնք որոշ ժամանակ աբց հանձնվել են Ջուղայից ոչ այնքան հեռու գտնվող հռչակավոր Դարաշամբի ս. Ստեփանոս Նախավկայի վանքի եպիսկոպոս Շմավոնին: Այդ մագաղաթում գրված էր. <<Այս է մասն նշխարաց սրբոյն Յոհվաննու Կարապետին, զոր Գրիգոր Լուսավորիչ եբեր ի Հայս, և եդ ի քղաքն Խրամ, իսկ ի յաւերման Խրամ քաղաքին ի ՆԻԱ (972) թուին Հայոց բերին ի Ջուղայ>>: Ջուղան այնուհետև բազմիցս հիշատակվում է 13-18-րդ դարերի մի շարք պատմիչների աշխատություններում, ուղեգրություններում և զանազան այլ ձեռագրերում: Այսպիսով վաղ միջնադարյան աղբյուրներից սկսած Ջւղայի հիշատակման փաստերն ինքնին ապացուցում են, որ այն իր տեղով և բնակչությամբ էական մասնակցություն է ունեցել միջնադարյան Հայաստանի պատմամշակութային կյանքում և ձեռք է բերել նշանավոր բնակատեղի հռչակ: Արգամ Այվազյան <<Ջուղա>> գրքից
|
Բաժին` Սեպտեմբեր #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 598 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|