Ուրբաթ, 22.11.2024, 04:36
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Օգոստոս #05

Նյութ մտքերից՝ առանց համեմունքների
Եթե ընկերուհուս հարցնեք, ինչպես է նա նյութ գրում, նա կարճ ու կոնկրետ կպատասխանի. <<Ձեռքերով>>:





Ես նյութ գրելու իմ սեփական բաղադրատմսն ունեմ: Եթե հանկարծ շատ սովածանաք, իսկ սառնարանը դատարկ է և քաղաքի բոլոր խանութները հրաշքով անհետացել են, կարող եք փորձել այն: Չեմ խոստանում, որ համով կլինի, բայց խոստանում եմ, որ կլինի: Իսկ այ թե ի՞նչ… կախված է միայն ձեզանից:
Բաղադրությունը
• Միտք
• Թուղթ ու գրիչ, կամ համակարգիչ (նախընտրելի է համակարգիչը. 21-րդ դարն է, վերջ ի վերջո)
• Վերնագիր
• Լավ խմբագիր
(Նյութը գրելուց առաջ չմոռանաք լվանալ ձեռքերը:)

1. Քայլ առաջին. հենց այստեղ, հենց հիմա

Դուք չե՞ք նկատել, որ անընդհատ մտածում եք: Իրականում դա այդպես է:
Նույնիսկ եթե դուք մտածում եք տաք շաուրմայի և <<Պեպսիի>> մասին, դուք մտածում եք: Նույնիսկ եթե ամբողջ օրը մտքերով զբոսնում եք բուտիկներում, միևնույն է դուք մտածում եք: Փողոցում տեսած ցանկացած մանրուք, պատահաբար լսված ցանկացած բամբասանք կամ հեռուստացույցով տեսած ցանկացած անիմաստ գովազդ կարող է ստիպել ձեզ մտածել: Այդպես օրվա ընթացքում ձեր գլուխ են գալիս-գնում <<բյուր>> մտքեր: Նրանցից քչերն են մնում (եթե, իհարկե, մնում են), բայց եթե միտքը մնացել է ձեր գլխում, ուրեմն դուք հետաքրքրեցիք նրան, իսկ նա՝ ձեզ: Ուրեմն նա հայտնվեց ճիշտ ժամին ճիշտ գլխում, և դուք պետք է հենց այստեղ, հենց հիմա ֆիքսեք այն, որ չմոռանաք:
Ֆիքսելու համար կարող եք օգտագործել նոթատետրը (դասական մեթոդ), հեռախոսի <<Նշումներ>> գադջեթը (ժամանակակից մեթոդ), կամ պարզապես հիշողությունը (ճարահատյալ մեթոդ): Հիշողությունն օգտագործելիս մի քանի անգամ մտքում կամ բարձրաձայն կրկնեք միտքը, որպեսզի այն հասցնի ֆիքսվել գլխուղեղի կեղևին:

2. Մտքապատվաստում

Հաճախ այնպես է լինում, որ ստիպված եք զարգացնել ուրիշի միտքը կամ նյութ գրել ուրիշի կողմից հուշած թեմայի շուրջ: Այդ դեպքւմ մի բողոքեք, որ <<կյանքը պատվերով համերգ է դարձել>> և ձեզ <<պատվաստում են մտքեր>>: Իրականում դա այդպես չէ:
Միտքը վակցինա չէ, որ այն պատվաստեն: Միտքը կենդանի էակ է, ունի իր զգացմունքները և բնավորությունը:
Եթե նա ձեր գլուխ է եկել <<ընդհանուր ծանոթի>> խորհրդով, դա դեռ չի նշանակում, որ ուրիշինն է, կամ օտար է: Սակայն <<ռեկոմենդացիայով>> եկած մտքի հետ պետք է կրկնակի զգույշ ու սիրալիր լինել: Ցույց տվեք ձեր հյուրընկալությունը, մի անտեսեք այն և անընդհատ մտածեք նրա շուրջ: Թե չէ միտքը կխռովի, կթողնի ձեզ և կգնա մեկ այլ՝ ավելի հյուրընկալ գլուխ (իսկ ո՞վ ասաց, որ ձեր <<ընդհանուր ծանոթը>> միայն ձեզ է լավ մտքեր <<պատվաստում>>):
Եթե, ընդհակառակը, ստացվի հյուր եկած մտքի <<սիրտը շահել>>, կարող եք մոռանալ, որ այն <<ընդհանուր ծանոթն>> է բերել: Միևնույն է, նյութ գրողը դուք եք լինելու:

3. Քայլ երկրորդ. <<Յոթ չափիր, մեկ կտրիր>>
Դուք արդեն գտաք պետքական միտքը: Արդեն սկսել եք մտածել նրա շուրջ: Բայց դա դեռ չի նշանակում, որ ժամանակն է նյութ գրել: Շարունակեք մտածել՝ փողոցում, ավտոբուսի հետևից վազելիս, դպրոցի բուֆետում, բուլկի ուտելիս, տանը, FaceBook-ում <<չաթելիս>>: Փորձեք մտովի պատկերացնել յուրաքանչյուր պարբերությունը, մտովի կատարելության հասցնել յուրաքանչյուր նախադասությունը, ճիշտ տեղում դնել յուրաքանչյուր բառը: Եթե չի ստացվում (ոչինչ, պատահում է), միևնույն է մի շտապեք, փորձեք գոնե մոտավորապես պատկերացնել, ինչպես եք գրելու նյութը:
Սակայն սա դեռ չի նշանակում, որ նյութը գրելու ընթացքում չի կարելի <<շեղվել>> նախնական պլանից: Հիշեք, որ ստեղծագործ միտքը կենդանի էակ է, այն չի ենթարկում նախապես գծված կաղապարներին և շրջանակներին:

4. Sorry, you're late, chico*
Երբեմն այնպես է պատահում, որ մինչև դուք մտածում եք, միտքը ձանձրանում է ու գնում: Դա նրանից է, որ դուք ուշացնում եք:
Մտածելը, իհարկե, լավ բան է, բայց պետք է գա ժամանակ, երբ ծրագրերը վերածվում են գործի: <<Յոթ չափիր, մեկ կտրիր>>, ոչ թե <<Ութ չափիր, բայց մի կտրիր>>:
Chico – իսպ., տվյալ կոնտեքստում նշանակում է՝ փոքրիկ:

5. Format factory
Երբ արդեն որոշել եք, ինչի մասին եք գրելու, փորձեք որոշել, ինչպես եք անելու այդ: Հիշո՞ւմ եք. մտքում կատարելության հասցնել յուրաքանչյուր նախադասությունը: Դրա համար նախ և առաջ պետք է որոշել ձեր նյութի <<ֆորմատը>>:
Հիշեք, որ <<չոր ու ցամաք>> տեքստեր կարելի է կարդալ նույնիսկ մեր <<անտաղանդ>> դասագրքերում, իսկ զուտ տեղեկատվություն տարածելու համար համացանցում կան հազարավոր կայքեր և բլոգեր:
Մտածեք. ինչո՞վ է հետաքրքիր հենց ձեր նյութը: Գուցե ավելի լավ կլինի, եթե այն գրեք ձեր մենախոսությա՞ն տեսքով, կամ երկխոսությա՞ն, կամ նույնիսկ նամակագրությա՞ն: Աշխատեք, որ ձեր նյութը իրենից որոշակի, թեկուզ չնչին, գեղարվեստական արժեք ներկայացնի:
Երբ նյութը գրեցիք-վերջացրեցիք, այնպես կարող է պատահել, որ ինքներդ չհավանեք ձեր իսկ ընտրած <<ֆորմատը>>: Ոչինչ, մի ալարեք, նորից գրեք:
(Հիշեք, որ եթե վիդեո ֆայլերը լինեին միայն flv ֆորմատի, Movie Maker-ով աշխատեը շատ ավելի դժվար կլիներ:)

6. Как вы яхту назовете, так она и поплывет

Խոսքը վերնագրի մասին է: Վերնագիրը նույնպես պետք է հետաքրքիր լինի, չէ՞ որ առաջինը ընթերցողը հենց վերնագիրն է կարդալու:
Վերնագիրը ընտրում են երկու եղանակով՝ նյութը գրելուց հետո (դասական եղանակ) և գրելուց առաջ (էքստրավագանտ եղանակ):
Երբեմն այնպես է պատահում, որ դեռ չեք որոշել, ինչպես եք գրելու ձեր նյութը, բայց վերնագիրը մղձավանջի պես հետապնդում է ձեզ: Այդ դեպքում նյութը գրելիս պետք է այնպես գրեք, որ համապատասխանի ձեր վերնագրին (парадокс). ասենք, եթե վերնագրում աղն ու բիբարը շատ են, նյութն էլ անալի չպիտի լինի:
Դասական տարբերակը ընտրելիս պետք է աշխատեք այնպիսի վերնագիր ընտրել, որը միաժամանակ և հետաքրքրի ընթերցողին, և համապատասխանի հոդվածին:
Ձեզ թվում է՝ դա հե՞շտ է: Ընդհակառակը, դա շատ դժվար է:
Ինչպե՞ս դա անել: Անկեղծ ասած, չգիտեմ…

7. Գրքի գողը գող չի, իսկ գրի՞ գողը…

Վերջերս նոր մոդա է տարածվել. ռեֆերատներն ու կուրսայինները <<քաշել>> համացանցից կամ պատվիրել XEROX-PRINT հաստատություններում, որտեղ գները իսկապես մատչելի են:
Հիշեք, եթե դուք ուզում եք ընթերցողին ներկայանալ՝ որպես ստեղծագործող մարդ (Homo Lundes- բառացի՝ Մարդ Խաղացող), պիտի մոռանաք գրագողության և մտքագողության մասին: Այլապես նյութ գրելու իմաստ էլ չկա:

8. Մեջբերում եմ…
Հիշո՞ւմ եք, երբ հինգերորդ դասարանում անցնում էիք ուրիշի ուղղակի խոսքը, դասագրքի հեղինակը ասում էր, որ խոսքը ավելի գեղեցիկ է, երբ այն <<համեմում>> ենք ասույթներով և թևավոր խոսքերով:
Գուցե նա իրավացի էր, բայց իրականում ցիտատներն ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել: Պետք չէ <<ցիտել ցիտելու համար>>. ձեր փայլուն գիտելիքները հետո էլ ցույց կտաք, իսկ նյութ գրելիս կարևորը հետաքրքիր նյութ գրելն է: Այնպես որ փայտե աթոռ տեսնելիս պետք չէ բացականչել. <<Ինչ բնական է, դա բարոյական է>> (օրինակը կյանքի փորձից եմ բերում):
Եթե ցիտատը այնքան էլ հայտնի չէ, կարելի է խոսքի մեջ կամ փակագծերում նշել հեղինակին: Ընդհակառակը, եթե ցիտատը նախակրթարանի սովորողին էլ է հայտնի, ավելորդ է գրել հեղինակին. հարգեք ընթերցողին:
Ցիտատի աղբյուրը նշելիս անպայման չէ նշել բոլոր մանրամասները (եթե, իհարկե, դուք մասնագիտական հոդվածի վրա չեք աշխատում, և դա անհրաժեշտ է):
Օրինակ՝ “Не мир принес, но меч” (Библия, Книга XXX, глава XXX, строфа XXX):

9. Քայլ երրորդ. մոնտաժ

Նյութը մոնտաժել նշանակում է խմբագրել այն:
Իհարկե դա չի նշանակում, որ անթույլատրելի են թեմայից որոշակի շեղումները: Սակայն եթե տեսնում եք, որ որոշակի պարբերություններ շատ են շեղում ընթերցողին բուն թեմայից, կտրում են մտքի թելը, կարելի է պարզապես մոնտաժել դրանք:
Որոշակի պարբերություններ մոնտաժել չի նշանակում աղբամանը նետել դրանք: Դուք չեք հրաժարվում ձեր <<հանճարեղ մտքերից>>, պարզապես մի կողմ եք դնում, որ հետո զարգացնեք. իսկ ո՞վ ասա, որ մի նյութից մոնտաժված պարբերությունը չի կարող ուրիշ նյութի հիմք դառնալ:

10. Քայլ չորրորդ. նվիրվում է…
Ում էլ նվիրեք ձեր հոդվածը, նյութը, բանաստեղությունը, վեպը, հիշեք, որ նախ և առաջ այն նվիրվում է ընթերցողին: Իհարկե, ոչ ոք նյութի սկզբում չի գրի. <<Նվիրվում է ընթերցողներին>>, բայց չէ՞ որ հարգանքը կարելի է և այլ կերպ դրսևորել:
Կոնկրետ իմ բաղադրատոմսում գրված է հետևյալը. աշխատեք գրել առանց սխալների: Մի ալարեք բացել դասագիրքը՝ մոռացված քերականությունը վերհիշելու համար:
Շատերը կասեն, որ դրա համար կան խմբագիրներ: Բայց մի մոռացեք, որ խմբագիրն էլ է մարդ, ու բացի այդ, հենց նա է ձեր առաջին ընթերցողը: Այնպես որ հարգեք խմբագիրներին:

Ավելացնում ենք աղ ու բիբար՝ ըստ ձեր ճաշակի: Մատուցում ենք տաք կամ սառը՝ ըստ հարմարության:
Ահա ձեր նյութը պատրաստ է: Բարի ախորժակ:


P.S. Ես զգուշացրել էի, որ համով չի լինելու:

Արսենյան Սոնա
sona-ari.blogspot.com
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 689 անգամ| |Վարկանիշ` 0.0/0
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'