| Հոդվածներ
 Դիագնոզը՝ աստղային հիվանդություն 
|  ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ - ՍԵՐԻԱԼՆԵՐ – ՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅՈՒՆ – ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ: 
 
 
 Մի ծիծաղեք, շատ հաճախ որևէ սերիալի ռեժիսորի կողմից ստացած առաջարկը ունենում է հենց այսպիսի վերջաբան, մանավանդ երիտասարդ ու շնորհալի դերասանների համար:
 Ի՞նչ է աստղային հիվանդությունը: Արդյո՞ք այն հոգեկան հիվանդություն է: Ունի՞ ախտանիշներ: Հնարավո՞ր է բուժել աստղային հիվանդությունը: Հարցեր, որոնք պատասխանների կարիք ունեն, և պատասխանում է հոգեբան Նարինե Իսրայելյանը:
 
 -Ինչո՞ւ են մարդիկ ուրախ նկարահանվել սերիալներում:
 -Որովհետև նրանք իրենց կարևոր են զգում: Առաջանում է որոշակի հաճելի զբաղվածություն, ընդլայնվում է մարդու ծանոթությունների շրջանը, վերջ ի վերջո մարդիկ մուտք են գործում կինոյի աշխարհ: Եթե զբաղվածությունը դրական է, նոր ծանոթությունները` հաճելի, բարձրանում է մարդու ինքնագնահատականը: Այդ դեպքում մարդու <<ես>>-ը բավարարված է, և մարդն էլ է բավարարված: Սակայն որոշ դեպքերում մարդը դառնում է եսակենտրոն, ինչից հետո էլ առաջանում է աստղային հիվանդությունը: Այսինքն, գոյություն ունի որոշակի սահման, որն անցնելով` մարդը դառնում է եսակենտրոն, հիվանդանում է աստղային հիվանդությամբ, ունենում է հոգեկան խանգարումներ: Իհարկե, լինում են նաև <<սահմանն անցնելու>> այլ դեպքեր, օրինակ, երբ մարդը դառնում է այնքան ինքնամփոփ, որ նորից հատում է սահմանը և ունենում է մեկ այլ հոգեկան խանգարում: Այդ <<սահամանից դուրս>> եղած տիրույթը կոչվում է ակտինկաուտ (aktinkout, out – նշանակում է դուրս): Ակտինկաուտում գտնվող մարդն արդեն ունի հոգեկան որոշակի խնդիրներ:
 -Ինչպե՞ս է որոշվում այդ սահմանը:
 -Եթե դուք և ձեզ շրջապատող մարդիկ, որոնց դուք հարգում եք, ունեք նույն ապրելաձևը, ուրեմն դուք դեռ չեք անցել սահմանը: Իսկ եթե ձեր վարքագծով դուք դառնում եք միակը, ապա դուք անցել եք սահմանը և պետք է զգույշ լինեք:
 -Աստղային հիվանդությունը ունի՞ տեսանելի ախտանիշներ:
 -Ունի: Օրինակ, գոռոզությունը, երբ մարդ չի շփվում ուրիշների հետ կամ շփվում է վերևից ներքև : <<Աստղայինով>> հիվանդ մարդիկ նյարդային են, նրանք զգացմունքի մարդիկ են: Նրանք մտածում են այսպես` <<Ուզեցի, արեցի, և լավ արեցի>>: Ատղային հիվանդությունը տարբերվում է <<սովորական>> գոռոզությունից միայն նրանով, որ <<աստղայինով>> հիվանդ մարդը նաև ճանաչված է:
 -Ովքե՞ր են ապահովագրված աստղային հիվանդությունից:
 -Եթե մարդը գիտակցում է, որ այն ամենը, ինչին նա հասել է, նա ստացել է աշխատանքի շնորհիվ, այսինքն` <<աշխատանք + ես>> բանաձևով, ուրեմն նա չի հիավանդանա <<աստղայինով>>: Բայց եթե մարդը կարծում է, որ նա հասել է որոշակի բարձունքի միայն այն բանի շնորհիվ, որ ինքն այդպիսինն է և իր նմանը չկա, նա արդեն հիվանդ է աստղային հիվանդությունով:
 -Արդյո՞ք կարելի է բուժել աստղային հիվանդությունը:
 -Իհարկե կարելի է: Մարդ, մինչև ինքը չի ուզում, չի գժվում: Այդպես էլ մինչև նա չուզենա բուժվել, չի բուժվի: Աստղային հիվանդությւնը նման է սարի գագաթին լինելու զգացողությանը: Եվ եթե մարդը չի ուզում դանդաղ, սահուն իջնել գագաթից, նա գլորվելու է:
 -Ինչպե՞ս կարելի է բուժել աստղային հիվանդությունը:
 -Անշուշտ շրջապատն իր ազդեցությունն է թողնում անհատի վրա և կարող է բուժել նրան աստղային հիվանդությունից: Պարզապես շրջապատը պետք է դառնա անհատի հայելին, այսինքն` միայն ցույց տա նրան, ինչպիսին է նա, ոչ թե վանի կամ նախատի, որովհետև այդ դեպքում մարդու մոտ աշխատում է պաշտպանական ռեակցիան. նա սկսում է պաշտպանվել հասարակությունից, բայց չի բուժվում:
 -Ավելի լավ է ոչ թե բուժել, այլ չհիվանդանալ: Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ չհիվանդանան <<Աստղայինով>>: Այ հենց սերիալների օրինակով:
 -Երիտասարդ դերասաններին, ովքեր ստացել են սերիալում նկարահանվելու առաջարկ և կարող են հիվանդանալ աստղային հիվանդությունով, շատ կարևոր է բացատրել, որ ճանաչվածությունը ավելի շատ պարտավորեցնում է նրանց, քան բարձրացնում:
 Այ, այս վերջին նախադասությունը բոլորն էլ պիտի հիշեն, անկախ նրանից՝ հիվանդ են, թե միայն պատրաստվում են հիվանդանալ <<աստղայինով>>:
 
 P.S. Իհարկե լավ է, որ կարելի է բուժել աստղային հիվանդությունը, բայց միևնույն է ավելի լավ է չհիվանդանալ: Թե չէ, ո՞վ գիտի, ինչպիսին են լինելու հետևանքները…
 
 
 Արսենյան Սոնա |  | Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ` |  | Դիտվել է 817 անգամ| 
|Վարկանիշ` 0.0/0 |  | 
 Օգտակար ինֆորմացիա  ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին 
 Գովազդ   Առաջին խորանարդ 
 Գովազդ Երրորդ խորանարդ
  
 Գովազդ   Չորրորդ խորանարդ |