Հոդվածներ
Չմոռանանք Կաթողիկեն
2011 թվականի սեպտեմբերի 11-ին, այն ժամանակ դեռ նոր-նոր բացված <<Սևակ>> ինտերնետային ամսագրում ես այսպիսի մի հոդված էի գրել:
Quote Չմոռանանք Կաթողիկնեն Անիի հռչակավոր Կաթաղիկե եկեղեցին իր փոքր քույրն ունի Երևանի կենտրոնում` Սբ. Աստվածածին եկեղեցին, կամ Երևանի Կաթողիկե եկեղեցին: Նախկինում եկեղեցու կողքին վեր էր խոյանում մեկ այլ եկեղեցի` նունպես Կաթողիկե, իսկ ինքը` Սբ. Աստվածածինը, վերածվել էր այդ եկեղեցու կցակառուցվածքի ավագ սեղանի, թեև կառուցվել էր շատ ավելի վաղ:
Կաթողիկե եկեղեցու քանդման աշխատանքները սկսվեցին 1936 թ-ի դեկտեմբերին, ՀՍՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի կողմից նշանակված հանձնաժողովի հսկողության ներքո, <<որպեսզի որևէ կարևոր բեկոր չկորչի և չփչանա>>: Հենց քանդման ընթացքում էլ հայտնաբերվեց Սբ.Աստվածածինը, որը, Պատմության և գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ազատվեց Կաթողիկե եկեղեցու մնացորդներից, վերանորոգվեց և վերականգնվեց: Խորհրդային տարիներին եկեղեցին <<թաքցրել էին>> ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի <<Սև շենքի>> բակում: Մի քանի տարի առաջ, եթե հիշում եք, այդ շենքը (որը նույնպես հայկական ճարտարապետության արժեքավոր նմուշ էր և հիրավի քաղաքի <<Սև զարդը>>) հողին հավասարեցրին` երևան հանելով Կաթողիկեն: Շենքը քանդեցին և այդպես էլ թողեցին, նույնիսկ շինարարական աղբը կարգին չհավաքեցին, ու մի քանի տարի փոքրիկ Կաթողիկեն մեն-մենակ կանգնած էր Երևանի կենտրոնում տարածվող անպատում և սպասում էր, թե ե՞րբ է վերջապես որոշվելու իր ճակատագիրը: Այդ եկեղեցին շատ բան է տեսել: Կանգուն է մնացել 1693-95 թ-ի մեծ երկրշարժից հետո, փրկվել է խորհրդային <<եկեղացակործան>> քաղաքականությունից, նույնիսկ կարողացել է դուրս գալ <<Սև շենքի>> ստվերի տակից և հիմա հյուրընկալ իր խաչը պարզել է երկինք և աղոթք է կարդում հայ ժողովրդի համար, թե՝ Աստված, մի մոռացիր հայ ժողովուրդը: Հիմա արդեն հայտնի է եկեղեցու ճակատագիրը: Երևանի Կաթողիկե եկեղեցու կողքին կառուցվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երևանյան նստավայրը և Սբ. Աննա եկեղեցին: Ինչպիսի~ պատիվ փոքրիկ Կաթողիկեի համար: Նախագիծը իրոք փառահեղ է, և նոր շինությունեերը արդեն իսկ կարող են համարվել Երևանի նոր զարդը: Իսկ ի՞նչ է լինելու փոքրիկ Կաթողիկեն: Գուցե այն խամրի նորակառույց կաթողիկոսարանի շքեղության առջև, գուցե նրա ամենագեղեցիկ զարդը դառնա: Բայց ամեն դեպքում խնդրում ենք` մարդիկ, մի՛ մոռացեք Երևանի Կաթողիկե եկեղեցին:
Բավականին մեղմ էր, բավականին քնքուշ, խնդրանք-աղաչանքի տոնով: Դե, այն ժամանակ Ամենայն Հայոց Հովվապետի նստավայրը դեռ նոր-նոր էր կառուցվում, ու հայտնի չէր, ինչով է այդ ամենը վերջանալու: Այն ժամանակ` արդեն հեռու թվացող 2011-ի սեպտեմբերին, կառուցվելիք շենքի մասին կարելի էր դատելի միայն համացանցում առկա հատակագծերից և պլաններից: Հիմա այդ պլանները, չգիտես ինչու, այլևս գտնել չի լինում: Բայց դե դա ոչինչ, գուցե ես լավ չեմ փնտրում: Խոսքը դրա մասին չէ: Ասածս այն է, որ այն հեռավոր սեպտեմբերին, երբ ոչինչ դեռ պարզ չէր, մարդիկ ճարահատյալ փորփրում էին համացանցը ու գտնում այն հատակագիծը: Ըստ հատակագծի ամեն ինչ պիտի լինի շատ գեղեցիկ, շքեղ, Կաթողիկոսարանն էլ, կառուցվելիք Սբ. Աննա եկեղեցին էլ, իսկ ամենակարևորը՝ Կաթողիկեն: Ըստ հատակագծի ոչ կաթողիկոսարանի հսկա կառույցը, ոչ էլ նոր եկեղեցին չպիտի <<խեղդեին>> փոքրիկ Կաթողիկեն: Ճիշտ է, Սբ. Աստվածածինը էլի մնալու էր ստվերում, այսինքն՝ Կաթողիկոսարանի բակում, բայց դա ոչինչ, կարևորը որոշակի դիստանցիա պահպանելն է, որ եկեղեցին նորից չվերածվի մի շինության կցակառույցի, որի հետ ընդհանուր ոչինչ չունի: Ըստ հատակագծի այդպես չէր լինելու: Բայց ախր այնտեղ, ուր պիտի կառուցվի երկու նոր կառույց և պահպանվի հինը, այդքան տեղ էլ չկա: Որտե՞ղ են տեղավորվելու երկու եկեղեցիները և Կաթողիկոսարանը: Քանի՞ սենյականոց շինություն կարելի է տեղավորել այդ փոքր հրապարակում, որ Կաթողիկեն չդառնա նախասրահ: Հիմա այդ վայրում ամեն ինչ փակ է, ու միայն մի նեղ միջանցք է տանում դեպի եկեղեցին: Ու վախենամ հենց այդպես էլ կմնա շինարարության ավարտից հետո: Միանգամից կարելի է խղճալ եկեղեցուն, խեղճը <<բախտ չունի>> (գուցե <<նավսե՞լ են>>): Կարծես թե առաջինն է կառուցվել այս վայրում, բայց անընդհատ մնում է ստվերում՝ մեկ ուրիշ եկեղեցու կցակառույց են սարքում նրանից, մեկ թաքցնում շենքի բակում, հիմա էլ ուզում են թաղել Կաթողիկոսարանի հետևում: Իսկ այն, որ, ի տարբերություն կառուցվելիք շինությունների, այս եկեղեցին իրենից պատմական ու մշակութային մեծ արժեք է ներկայացնում, դա ոչինչ, դա կարևոր չէ: Չնայած, այս ամենից կարելի է օգուտ քաղել. հա՞յ ենք, չէ՞: Օրինակ, Կաթողիկոսարանը կարող է Կաթողիկե մտնելու համար տոմսեր վաճառել: Իսկ ի՞նչ: Պապ թագավորը կրճատել էր եկեղեցու տարածքը, չէ՞: Մենք էլ հիմա մեր մուռն ենք հանում: Բա ո՞նց:
Արսենյան Սոնա
|
Բաժին` Օգոստոս #05 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 490 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|