Հոդվածներ
Լավատեսություն
Լավատեսություն
Ես նարինջ եմ: Ծնվել եմ Պարսկաստանում: Ապրել եմ մի հսկա այգում, ուր ինձ նման կային շատ շատերը: Ես ունեի ջուր և արև. էլ ին՞չ է անհրաժեշտ ինձ նման անհատականությանը: Հերթական բերքահավաքն էր : Ես դեռ փոքր էի, ու ինձ չկտրեցին, մնացի ծառի վրա՝ նախանձելով նրանց, որ մեծ աշխարհ էին դուրս գալիս: Եվ, իհարկե, որպես օրենք, իմ օրն էլ եկավ: Դա ասես իմ ավարտական երեկոյի խնջույքը լիներ: Անհամբերությանս սահման չկար. սպասում էի արկածների ու անակնկալներ: Հիմա եմ հասկանում ընկերոջս խոսքերը՝ վերջացավ ուրախ կյանքը: Իհարկե, այդ պահին խոսքերը ինձ խորթ թվացին և նույնիսկ վիրավորական. չ՞է որ իմ ապագան առջևում էր…. Մեզ հրաշալի կողովներով տանում էին դեպի մեքենա, և իմ առաջին ցնցումը եղավ այն պահը, երբ բարձունքից մեզ նետեցին մեքենայի մեջ (ճիշտն ասած՝ մինչև հիմա ցավում է կճեպս): Եվ ճանապարհ ընկանք: Մի քանի օր անդադար գնում էինք: Տեղ հասանք, և նորից ԱՐԵՎ...Այս անգամ ես համոզված էի՝ ամեն ինչ լավ լինելու: Մեզ հավաքեցին և տարան մի սենյակ, ուր իմ մեջքին փակցրին նշան. սա կարծես զվարճալի էր , բայց ո՞վ կարող էր գուշակել, որ դա մեր մահապատժի ստորագրությունն էր...
Ուշադրությունս զբաղեցնում էին մի քանի փոքրիկ արևներ, որոնք փակցված էին առաստաղին: Նրանք գեղեցիկ էին , բայց չէին ջերմացնում... Պիտակավորվոլուց հետո նորից մեքենա: Ես սկսում էի չսիրել մեքենաները. Այդ ցնցումից ստամոքսս ցավում էր: Մեզ տարան մի հսկայական խանութ: Պաստառներից հասկացա, որ ես հայրենիքիցս հեռու էի. Հայասանն էր: Եվ հենց այստեղ ինձ պատեցին կարոտն ու վախը: Սակայն այս ամենը շատ շուտ անցավ, երբ տեսա մի հմայիչ օրիորդի , որը յուրաքանչյուրիս վերցնում էր , ձեռքով շփում և զգուշությամբ դնում պարկի մեջ: Եթե դուք լսեիք մեր ոգևորության ձայները... Ահռելի հերթը սպասում էր մի քանի երանելի վայրկյաններին: Հետո մեզ խմբավորեցին և փակցրին գինը՝ կյանքի գինը: Այսքան տպավորություններց հետո իմ աչքերը անմիջապես փակվեցին, և ես խոր քուն մտա, երբ անջատվեցին լույսերը: Հաջորդ առավոտյան վաղ արթնացանք: Սկսվեց մարդկանց հոսքը: Մեզ դիտում էին, շոշափում, վերցնում էին կամ վայր նետում: Եվ խանութը ինձ թվում էր հեքիաթային մի վայր, որտեղից դեռ պետք է շարունակվեր ճանապարհորդությունը: Եվ, իհարկե, ինձ տանելու օրն էլ եկավ: Մի տղամարդ, վերցնելով պարկը, գնեց ինձ և ընկերներիս: Այնուհետև նույն տաղտկալի ճանապարհը մեքենայով: Եվ վերջապես հասանք: Փոքրիկ աղջիկը ինձ դիմավորեց մի այնպիսի ուրախությամբ, որ իմ թախիծը անմիջապես անցավ: Ես սկսեցի ծրագրեր մշակել, երազել իմ ապագա օրերի մասին Եվ նորից ցնցում. Մեզ սառնարան նետեցին: Ճիշտ է, սկզբում չգիտեի, որ դա սառնարան է. Ես ավելի ուշ հասկացա, բայց փաստը մնում է փաստ. ես ամբողջ մարմնով դողում էի: Ի՞նչ պատահեց ինձ հետ, երբ ընկերոջս տարան. ես տխրեցի՞ կամ հուզվեցի՞: Ոչ՜, սիրելինե՜րս, ես հիմարաբար շարունակում էի լավատեսությամբ սպասել իմ հերթին. Հիմա՜ր նարինջ... Ավելի ուշ ես հիշեցի տանը լսածս խոսքերը՝ վերջ ուրախ կյանքին: Եվ ես հիմա եմ հասկանում, թե ինչ է լինելու ինձ հետ, թե ինչու ուրախացավ աղջիկը, ինչու էր օրիորդը շոյում ինձ, և ինչու փոքրիկ արևները չէին ջերմացնում...
Սուսաննա Ասրյան
|
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 884 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|