Հոդվածներ
Պատանեկություն
Լև Տոլստոյ. <<Պատանեկություն>> Գլուխ առաջին. <<Երկար ճամփորդություն>>
/կրճատումներով/ Չէ, ես տխուր չեմ: Մտովի ոչ թե նայում եմ այն ամենին, ինչ թողնում եմ այստեղ, այլ այն եմ տեսնում, ինչ սպասում է ինձ: Որքան ավելի ենք հեռանում այն բոլոր առարկաներից, որ լուռ վկաներն էին այն ծանր հիշողությունների, այդքան ավելի աղոտ են դառնում այդ հիշողությունները և արագ իրենց տեղը զիջում մի ուրախալի գիտակցությանը, որ կյանքը լի է թարմությամբ ու հույսով:
Չեմ ասի, որ ուրախ էի. խիղճս կտանջեր, եթե ուրախանայի: Բայց մեր ճամփորդության այս չորս օրերը հազվադեպ լավն էին ու հաճելի ինձ համար: Աչքիս առաջ այլևս չկար մայրիկի սենյակի փակ դուռը, որի կողքով անցնելուց անգամ սարսռում էի: Չկար դաշնամուրը՝ փակ կափարիչով, որին ոչ ոք չէր համարձակվում մոտենալ: Չկային սգո սև հագուստները և այն ամենը, ինչ միանգամից հիշեցնում էր ինձ անդառնալի կորուստը և ստիպում խուսափել կյանքի ցանակցած նշույլից՝ վախից, որ անարգանքի կմատնեմ մայրիկի հիշատակը: Այստեղ, ընդհակառակը, նոր տեսարաններն ու երևույթները անընդհատ գրավում են իմ ուշադրությունը, իսկ գարնան բնությունը ներշնչում է գոհունակություն՝ ներկայի հանդեպ, և լուսավոր հույս՝ ապագայի:
Առավոտ շատ շուտ անխիղճ (ինչպես բոլոր մարդիկ, որ նոր պաշտոն են ստացել) և չափից ավելի ջանասեր Վասիլը քաշում-գցում է վերմակս և հավաստիացնում, որ ամեն ինչ պատրաստ է. ժամանակն է ճամփա ընկնել: Որքան ուզում ես կծկվիր, խորամանկիր կամ բարկացիր, որ գոնե մի քառորդ ժամով երկարացնես առավոտյան քաղցր քունը, միևնույն է Վասիլն անսասան է և պատրաստ է թեկուզ քսան անգամ քաշել վերմակը: Ստիպված վեր ես թռնում ու վազում բակ՝ լվացվելու:
Արևը հենց նոր բարձրացավ արևելքը ծածկող մեծ սպիտակ ամպի վրա, և շրջակայքը լուսավորվեց հանգիստ-ուրախ լույսով: Շուրջս ամեն ինչ այնքան չքնաղ է, իսկ հոգիս՝ թեթևացած և հանգիստ…
Ես չէի հասցրել աղոթել հյուրատանը: Բայց արդեն մի անգամ չէ, որ նկատել եմ, որ այն օրը, երբ ես ինչ-ինչ պատճառներով մոռանում եմ կատարել այդ ծեսը, ինձ հետ մի դժբախտություն պատահում է: Եվ ես փորձում եմ ուղղել սխալս: Հանում եմ գլխարկը, շրջվում կառքի մի անկյունը, շշնջում աղոթքի բառերն ու խաչակնքվում վերարկուի տակ այնպես, որ ոչ ոք դա չնկատի: Բայց հազար ու մի տարբեր առարկաներ շեղում են իմ ուշադրությունը, և ես ցրված կրկնում եմ աղոթքի միևնույն բառերը:
Ճանապարհի կողքը արահետ կա: Եվ ահա այդ արահետին հայտնվում են ինչ-որ դանդաղ շարժվող մարդիկ: Ուխտավոր կանայք են: Նրանց գլուխները փաթաված են կեղտոտ
թաշկինակներով, մեջքին՝ հյուսած ճամպրուկներ, ոտքերը փաթաթել են կեղտոտ սռնապաններով:
Հավասարաչափ թափահեարելով ձեռնափայտերը և մեկ-մեկ նայելով մեզ՝ նրանք ծանր քայլերով առաջ են շարժվում մեկը մյուսի հետևից: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ո՞ւր են գնում, ինչի՞ համար և երկա՞ր է շարունակվելու նրանց ճամփորդությունը: Մեր կառքը սլանում է նրանց ընդառաջ: Երկու վայրկյան, և նրանց՝ հետաքրքրությամբ մեզ նայող դեմքերը, մի-երկու արշին հեռավորության վրա, արդեն կորան: Տարօրինակ է թվում այն, որ նրանք քեզ հետ ոչ մի կապ չունեն, և գուցե էլ երվեք չես տեսնի նրանց:
Վերջապես երևում է գյուղը, ուր կճաշենք ու կհանգստանանք: Արդեն զգում եմ գյուղի հետը – ծխի, խեժի և բլիթների հետը: Լսում են խոսակցության ձայներ, ոտնաքայլեր և անիվների ճռռոց: Զանգակներն արդեն այնպես չեն զրնգում, ինչպես բաց դաշտում, և երկու կողմից անցնում են հյուղեր՝ ծղոտե կտուրներով, փորագրված մուտքերով և փոքրիկ պատուհաններով, որոնցից երևում են կանանց դեմքերը: Ահա գյուղի երեխաները՝ հագներին միայն վերնաշապիկներ:
Տպռռո՜ւ: Դարպասները ճռռում են, և մենք մտնում ենք բակ:
Չորս ժամ հանգիստ և ազատություն… Թարգմանեց՝ Արսենյան Սոնա
|
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 1177 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|