Ուրբաթ, 22.11.2024, 04:37
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Մայիս #02

Ի՞նչ են ուզում կեռասները
Ի՞նչ են ուզում կեռասները

-Տատի~կ, Տատի~կ, - լացելով ներս վազեց Աշոտիկը:
-Ի՞նչ է պատահել, փոքրիկս, - անհանգստացավ Տատիկը, գրկեց թոռնիկին:
-Շունը ինձ բակում կծեց, - կմկմաց Աշոտիկը և ցույց տվեց <<վիրավոր>> ձեռքը:
-Խե~ղճ երեխա: Արի, արի կեռաս կեր, - Տատիկը թոռնիկին մոտեցրեց սեղանին, որի վրա` մեծ ու գեղեցիկ ափսեում կարմրին էին տալիս հասած կեռասները: - Կեռաս կեր:
-Բայց, Տատի~կ, - Աշոտիկը իր մե~ծ, միամիտ աչքերը հառեց Տատիկի բարի աչքերին, - եթե ես կծեմ կեռասը, նրա ձեռքն էլ կցավա, ինչպես իմ ձեռքը: Չէ՞:
-Չէ~, անուշս, - ծիծաղեց Տատիկը, - չէ~: Կեռասները ուզում են, որ իրենց ուտեն:
Աշոտիկը ապշած նայեց Տատիկին, հետո սեղանից <<աչքով անող>> կեռասներին, հետո նորից Տատիկին. չհավատաց:
-Բայց…
-Բայց ինչո՞ւ է այս տիկինը որոշում մեր փոխարեն, - ասաց հասուն մի կեռաս իր ընկերներին: - Նա ի՞նչ գիտի, ինչ են ուզում կեռասները:
-Ճիշտ է, - ճչաց մի փոքրիկ կեռաս, որ պառկած էր նրա կողքին, - այնպես է ասում, կարծես ինքն է կեռաս և ոչ թե մենք:



-Բայց ինչո՞ւ եք բողոքում, - միաբերան ասեցին անբաժան Քույրիկ-երկվորյակները, - ի՞նչ վատ է, որ Աշոտիկը մեզ անուշ անի:
-Ճի~շտ է, նա լա~վ երեխա է: Թող անուշ անի, - շշնջաց մի կեռաս, որին նոր էին սառնարանից հանել, և նրա ձայնը կտրվել էր, մրսել էր:
-Ես էլ եմ սիրում Աշոտիկին, - ասաց Հասուն կեռասը, - բայց իմ կարծիքով ինչ-որ մեկի ստամոքսում հայտնվելը ամենափայլուն ապագան չէ:
-Ճիշտ է, - ճչաց Փոքրիկ կեռասը:
-Ի՞նչն է ճիշտ, - միջամտեց անպոչ մի կեռաս, որ չգիտեր` արա՞տ է դա, թե՞ առավելություն, ամաչե՞ր, թե՞ հպարտանար: - Վա՞տ կլինի, եթե անուշիկ մի բալիկ շաքարով ու շոկոլադով քեզ անուշ անի:
-Դա շատ ավելի հաճելի է, քան եթե քեզ թռչուններն են կտցահարում, - ձայն տվեց մի կեռաս, որին այգեպանը հազիվ էր փրկել թռչուններից:
-Ի՞նչ տարբերություն, ում ստամոքսում <<կկնքես մահկանացուն>>, - ասաց Հասուն կեռասը:
-Ճիշտ է, - ճչաց Փոքրիկ կեռասը:
-Իսկ ես կուզենայի, որ ինձ թռչունները կտցահարեին, - ասաց երազկոտ մի կեռաս:
-Այ քեզ հիմա~ր, - բարկացավ Փրկված կեռասը:
-Այո~, - շարունակեց Երազկոտ կեռասը, - նրանք կկտցահարեին ինձ, և ես կթռչեի նրանցից յուրաքանչյուրի հետ:
-Իսկ մենք կուզենայինք հայտնվել կեռասով թխվածքում, - միաբերան ասեցին Քույրիկները:
-Կեռասով թխվածք գոյություն չունի, - շշնջաց Մրսած կեռասը. նա կարծում էր, որ եթե սառնարանից է եկել, ուրեմն գիտի խոհարարական բոլոր հմտությունները:
-Կամ էլ մուրաբայում, - շարունակեցին Քույրիկները:
-Չեմ հասկանում, մի՞թե բոլորդ ուզում եք հայտնվել ինչ-որ մեկի ստամոքսում, - վրդովվեց Հասուն կեռասը:
-Իսկ դու ի՞նչ ես ուզում, - հարցրեցին բոլորը միաբերան, նունիսկ Փոքրիկ կեռասը, որ մինչ այդ ամեն ինչում համաձայն էր Հասուն կեռասի հետ:
-Ես կուզենայի, - սկսեց Հասուն կեռասը, - շա~տ կուզենայի ընկնել ծառի ճյուղից հողի մեջ:
-Ինչպիսի~ անկում, - զարհուրեց Երազկոտ կեռասը և փակեց իր երազկոտ աչուկները:
--Անօգուտ, անօգտակար, - արհամարհանքով գոչեցին Քույրիկները:
-Ձրիակեր, - բարկացավ Փրկված կեռասը:
-Ճի՞շտ է, - կմկմաց Փոքրիկ կեռասը:
-Ինչո՞ւ անօգուտ, - ժպտաց Հասուն կեռասը: - Իմ կորիզը կընկներ հողի մեջ, և նրանից ծառ կաճեր: Եվ ամեն գարուն այդ ծառը կծաղկեր, ես կծաղկեի: Եվ ամեն ամառ իմ ամեն ճյուղին հարյուրավոր փոքրիկ կեռասներ կբացեին իրենց աչուկները: Հետո նրանք կաճեին ու կընկնեին այգեպանի զամբյուղի մեջ: Պատկերացնո՞ւմ եք, ինչքան թխվածք և մուրաբա կստացվեր այդ պտուղներից, իմ պտուղներից, ինձնից: Աշոտիկին էլ կմնար: Այ դա փայլուն ապագա կլիներ:
-Ճի~շտ է, - գոչեց Փոքրիկ կեռասը:
-Է~, շատ դժվար է, - բողոքեցին Քույրիկները:
-Ճաշակին ընկեր չկա, - ժպտաց Երազկոտ կեռասը:
-Լավ, Տատիկ:
Տատիկը վերջապես համոզեց թոռնիիկին, որ կեռաս ուտի: Աշոտիկը մոտեցավ սեղանին, երկար նայեց ափսեից <<աչքով անող>> կեռասներին, մտածեց, մտածեց ու ընտրեց:
-Ճակատագիրը դաժան է ոչ միայն մարդկանց հանդեպ, - շշնջաց Երազկոտ կեռասը:
<<Այլ նաև կեռասների>>, - մտածեց Մրսած կեռասը. նրա ձայնը վերջնականապես կտրվեց, և նա այլևս չէր կարող խոսել, նույնիսկ շշնջալ:
-Ցտեսությո~ւն, - արցունքները սրբեցին Քույրիկները:
-Ցտեսությո~ւն, իմ Հասուն ընկեր, - ճչաց Փոքրիկ կեռասը:
-Ցտեսություն, իմ լավ ընկերներ, - ասաց հեռացող Հասուն կեռասը. հենց նրան էր ընտրել Աշոտիկը: - Ցտեսություն: Հուսով եմ, որ երբ Աշոտիկը ուտի ինձ, նա կորիզը պատուհանից դուրս կնետի, և այն կընկնի հողի մեջ: Եվ նրանից մի մե~ծ ծառ կաճի: Ամեն գարնանը այն կծաղկի, իսկ ամռանը համով կեռասներ կտա: Տատիկը դրանցից թխվածք ու մուրաբա կսարքի, իսկ Աշոտիկը շաքարով ու շոկոլադով կուտի: Մի քիչ էլ թռչունները կկտցահարեն: Ցտեսությո~ւն:

Սոնա Արսենյան
Բաժին` Մայիս #02 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 1125 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'