Հինգշաբթի, 21.11.2024, 23:06
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հունիս #03

Քննություն


Պատկերացնենք, որ ես ես չեմ: Որ նման էլ չեմ ինձ: Ասենք, 17 տարեկան եմ, արական սեռի ներկայացուցիչ եմ, նոր եմ ավարտել դպրոցը և երազում եմ բանակ գնալու մասին:
Ասենք, բանակում հետաքրքիր ոչինչ էլ չկա: Բայց բանակը ինձ համար փրկություն կարող է դառնալ: Փրկություն ԲՈւՀ-ից:
Դուք չեք հավատա, բայց այդպես էլ է պատահում:
Հենց սկսվեց ուսումնական տարին, սկսվեց նաև ուսումնական <<Առմագեդոնը>>:
-Սովորի, պարապի, կարդա, տնից դուրս չգաս, համակարգիչը անջատի, ընկերների հետ երկար մի խոսա, ժամանակ չունես: Դու պիտի պարապես, պարապես, պարապես:
Ու ես պարապ-ում էի, այսինքն՝ պարապ էի:
Ասենք, ես սովորել չեմ սիրում (մի մոռացեք, որ ես ես չեմ), ԲՈւՀ ընդունվելու մասին երբեք չեմ երազել, հակառակը, անընդհատ նվնվում էի, որ դպրոցական տանջանքի 10 տարիներից հետո էլ ես չեմ ազատվի իմ այն անիծյալ իրավունքապարտականությունից, որը կոչվում է սովորել:
Չէ, ավելի լավ է բանակ գնալ:
Բայց ինձ ոչ ոք չի հասկանում: Ընտանիքը, բարեկամները, հարևանները, հարևանների բարեկամները՝ մարդիկ, ում չեմ ճանաչում ու չեմ էլ տեսել, բոլորը խոսում են իմ քննություններից, հաջողություն են մաղթում, քաջալերում՝ <<Անպայման կհանձնի>>, երբեմն նույնիսկ խորհուրդներ են տալիս, խորհուրդներ, որոնց շնորհիվ իրենք ժամանակին գամեցին իրենց բուհական նստարաններին: Ինձ արդեն թվում է, որ այս քննությունների շնորհիվ ես հանրաճանաչ անձնավորություն եմ դարձել: Բայց դա էլ ինձ չի ուրախացնում. ասենք, ես բոլորովին էլ փառասեր չեմ, հայտնի լինել չեմ ուզում և դա ինձ համար զարմանալի չէ:
Զարմանալին այն է, թե ինչո՞ւ են բոլորը-բոլորը այդքան հետաքրքրված ինձանով: Եվ ինչո՞ւ են բոլորը կարծում, որ ինձանից լավ գիտեն, թե ինչ եմ ես ուզում իմ սեփական կյանքից: Զարմանալի է և վիրավորական:
Բայց բոլորից շատ վիրավորվում մամայից: Մամաս, որ ամենահարազատ մարդն էր աշխարհում ու բոլորից լավ էր հասկանում ինձ, հանկարծ դարձավ իմ ազատության թիվ մեկ թշնամին:
Եվ ահա, ամեն օր նորից ու նորից.
-Շուտ վեր կաց, համակարգիչը մի միացրու, տնից դուրս մի արի, պարապի, պարապի, պարապի...
Նա ամեն կերպ ինձ տանջում է: Քաշում է վերմակս, որ արթնանամ, ամեն օր գրասեղանին է դասավորում գրքերս, որ անպատճառ պարապեմ, երբեմն գողանում է բջջայինս, որ ինձ <<չանհանգստացնեն>>: Իսկ ես ուզում եմ, շատ եմ ուզում, որ ինձ անհանգստացնեն: Բայց չէ, մամայի ստեղծած դժոխքում կոմմունիկացիայի մասին խոսք անգամ լինել չի կարող:
Ես չեմ դիմանում, սկսում եմ բղավել, ասում, որ նա չի հարգում ինձ, իմ ազատ տեղաշարժվելու և ինչ ուզում եմ անելու իրավունքը: Նա սկսում է լաց լինել, ասում է, որ ամեն ինչ անում է ինձ համար, իսկ ես այդքան անշնորհակալ դուրս եկա: Հետո ամեն ինչ հանդարտվում է: Ես կեսժամով ստանում եմ հեռախոսս, փռվում թախտին ու ստուգում հաղորդագրությունները (ճարահատյալ ընկերներս զանգելու փոխարեն SMS են գրում՝ հույս ունենեալով, որ հազար տարի հետո ես այն կկարդամ): Մաման նստում է գրասեղանի մոտ, ստուգում կոնսպեկտներս, երբեմն նշումներ անում իմ տետրում, երբեմն էլ ինքն է սկսում կոնսպեկտել իմ փոխարեն, որ ինձ հետո հեշտ լինի:
Ես չեմ հասկանում, ինչի համար է նա այդ ամենն անում: Ի՞նչ է ուզում նա ինձանից: Ինչո՞ւ են այդ քննությունները այդքան կարևոր նրա համար:
Իսկ սրտի խորքում Խիղճս ինչ-որ բան է հուշում ինձ, կարծես ես արդեն քննություն եմ հանձնում և սա միակ հարցն է, որի պատասխանը չգիտեմ, և միակ հարցը, որի պատասխանը պետք էր իմանալ:
<<Մի՞թե չես հասկանում: Քեզ համար այս քննությունը մոծակի խայթոցի պես մի բան է՝ ոչինչ չնշանակող, բայց անչափ տհաճ մի բան: Դու լավ գիտես, որ քննությունով կյանքը ոչ սկսվում է, ոչ վերջանում: Չես հանձնի, կգնաս բանակ: Հետո նորից կփորձես: Դու դեռ երիտասարդ ես, և բոլոր ճանապարհները բաց են քո առաջ:
Իսկ նա՞: Քեզ թվում է այս 10 տարիների ընթացքում դո՞ւ էիր սովորում: Բայց իրականում և այս 10 տարվա ընթացքում, և քո ողջ կյանքում դու ոչինչ չէիր անում: Այդ քեզ համար էին անում, քեզ էին անում: 17 տարի մայրդ օրեցօր ստեղծում էր քեզ, ստեղծում այնպիսին, ինչպիսին դու կաս հիմա: Գիտե՞ս, մարդ չեն դառնում, մարդ <<սարքում>> են. կրթություն, դաստիարակություն, միջավայր - սրանք են ստեղծում մարդուն, իսկ սրանց էլ իր հերթին քեզ համար մայրդ է ստեղծել:
Եվ հիմա դպրոցն ավարտեցիր: Համարվում է, որ արդեն մարդ ես, և ոչ թե երեխա:
Դու կավ չես արդեն, որից կարելի է ցանկացած բան սարքել, այլ քանդակ, որին սարքել են այդ կավից:
Իսկ գեղեցի՞կ է արդյոք այդ քանդակը:
Եթե ոչ, ո՞վ է մեղավոր:
Արդյո՞ք քանդակագործի մեղքը չէ դա:
Իսկ ո՞վ է քանդակագործը:
Մի՞թե մայրդ չէ:
Իսկ հիմա մի լավ մտածիր. ձեզնից երկուսից ո՞վ է քննություն հանձնում: Դո՞ւ, որ լավ գիտես, որ այս քննություններով կյանքը ոչ սկսվում, ոչ ավարտվում : Թե՞ մայրդ, որ պիտի աշխարհին հանձնի իր 17 տարվա չարչարանքի արդյունքը:
Իսկ եթե այն անիմաստ էր... այդ չարչարանքը... և այդ 17 տարիները... քո ամբողջ կյանքը...>>
...Մայրիկս ապուր է եփում ինձ համար. պատրաստվում է քննությանը: Ես անփութորեն թերթում եմ կոնսպեկտներիս տետրը: Լուսանցքում նկարել էի Միքելանջելոյի Դավիթին, իսկ մաման այդ նկարի տակ մի երկու բանաձև էր ավելացրել:
Ուրեմն այսպես են ստեղծվում քանդակները: Այսքան սիրով և հոգատարությամբ: Էլ ինչո՞ւ եմ գնում ծրագրավորման ֆակուլտետ: Ավելի լավ է դառնամ քանդակագործ:
Մեկ անգամ էլ եմ նայում Դավիթի նկարին: Վատ չի ստացվել: Մտովի պատկերացնում եմ, ինչպես կարելի է քնդակել կրկնօրինակը: Հետո պատկերացնում եմ, ինչ կարելի է փոխել այս քանդակում, որ համապատասխանի կատարելության մասին իմ պատկերացումներին:
Մաման աղ է ավելացնում ապուրի մեջ. նա էլ իր քանդակն է ստեղծում...
Լավ, ժամանակն է վերադառնալ: Ես ես եմ և խիղճ չունեմ: Խիղճս ճշմարտություն էր ասում: Ճշմարտություն, որն այնքան էլ չի վերաբերում ինձ (ասենք, ես բանակի մասին չեմ երազել և միշտ աշխատել եմ չբարկացնեմ մամային): Բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն: Իմացեք այն...

Սոնա Արսենյան
sona-ari.blogspot.com
Բաժին` Հունիս #03 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 552 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Այլ քաղաքակրթությունների ճարտարապետությունն ավելի ակնահաճո է?
պատասխանել է 14 մարդ
Առաջարկում ենք'