Ուրբաթ, 22.11.2024, 04:20
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Հուլիս #04

ՆՈՍՏՐԱ
Պատուհանից այն կողմ գիշերն էր: Պատուհանից այն կողմ քաղաքի լույսերն էին ու անվերջ շտապող մեքենաների աղմուկը: Փոքրիկ մարդատարը քաղաքից դուրս էլ սլանում: Հեռանալուն համընթաց պայծառանում էին աստղերը: Հետզհետե մեքենան սուզվեց խոնավ խավարում, քաղաքը կորավ տեսադաշտից, ու հենց այդ պահին նրա առաջ խոյացան բուրգերը: Արինան դանդաղեցրեց մեքենայի խելակորույս ընթացքն ու սահուն արգելակեց բուրգերի առջև: Նրան արդեն սպասում էին:
-Տեսնո՞ւմ ես:
Հիացախառն հուզմունքում Արինան երկար ժամանակ լռեց, ապա գլխով լուռ հաստատական նշան արեց ու մոտեցավ բուրգին: Ցանկանում էր անձամբ շոշափել սև հսկայի մակերեսը: Ձեռքը բուրգից ներս սահեց, Վիկտորը նետվեց նրա ուղղությամբ ու ակնթարթորեն ետ քաշեց: Քիչ անց ձեռքն արդեն ծածկված էր այրվածքի հետքերով:
Արինան վախեցած հայացքը մռայլ հարցականով ուղղեց ընկերներին՝ հերթով մերթ մեկի, մերթ մյուսի աչքերին նայելով:
-Գիտեի՞ք, որ ներսում սարսափելի բարձր ջերմաստիճան է:
-Ընդհակառակը:
-Ո՞նց ընդհակառակը, Վիկ, նայիր ձեռքիս, վառված է, հասկանում ես, լրիվ այրվել է:
-Ցրտահարություն է, ոչ թե այրվածք, - սկսեց Վիկտորը ՝ վիրակապելով ձեքը, - քանի անգամ զգուշացրել եմ՝ ինքնագլուխ ոչ մի բան մի արա, բարեբախտաբար, ամենն ակնթարթներ տևեց, այլապես ձեռքդ կկորցնեիր, վարկենապես կսառցակալեր ու, լավագույն դեպքում, կմնար ներսում, վատթարագույն դեպքում սառցակալությունը կտարածվեր ամբողջ մարմնով:
-Բայց ո՞նց, անհնար է, - Արինայի արկածախնդիր տրամադրությունը փոխակերպվում էր անորոշ տագնապի: Սրտի անհանգիստ տրոփյունը վախի արտահայտություն էր տալիս դեմքին, որ նա տղաներից արդեն չէր էլ թաքցնում:
Արինան ինքնաբերաբար մի քանի անգամ շշնջաց՝ անհնար է, ապա պարզապես ճչաց, երբ Գարիկը նրան մոտեցրեց վիրակապած ձեռքը, ավելի ճիշտ, ձեռքի մնացորդը, քանի որ այն կար միայն մինչև արմունկը:
-Արտոն երեկ մեռավ հիվանդանոցում, - մռայլ վրա բերեց Գարիկը, - բժիշկներին ասացինք սառնարան վագոնում է մնացել, չհավատացին, ակնհայտ էր, որ ոչ մի սառնարան էդպես չի սառեցնում՝ վարկենապես: Քրեական գործը կարճվեց, համարեցին, որ դժբախտ պատահար է ու հանցավոր անփութություն կամ դրա նման մի բան էլ չկա, հիմա մեր իրավաբանն էլ կմիանա, կասի, թե ոնց ամեն ինչ կազմակերպեց իր հեղուկ ազոտի հեքիաթներով:
-Ինքը չի գա, - միջամտեց Վիկտորը, - երեկվանից անհետացել է, չեմ կարողանում կապ հաստատել հետը:
-Արտակը մահացել է, Էդիկը կորել, լավ էլի… Հիմա ի՞նչ, մնացել ենք երեքս:
-Չէ, Արին, ես երեկ նորից սոց. ցանցերը հեղեցեցի սև բուրգերի մասին հարցերով, լրիվ ձեռ էին առնում, բայց երեք հոգի գրեցին, որ տեսնում են սև բուրգեր, վաղը Սերգեյը կգա Հայաստան, ասում է Ռուսաստանում էլ կան, մեզ կմիանան նաև Արևն ու Ջեսսին: Արևին սրճարանում կհանդիպենք, վախենում է մենակ գալ: Ջեսսը կգա մի տաս րոպեից, խաղաղության կորպուսի կամավոր է, իրեն արգելված է առանց իրենց շտաբի կամ չգիտեմ ինչի համաձայնության քաղաքի տարածքից հեռանալ, բայց ինքը կգա: Ահավոր վախեցած է, ամերիկայում ընկերներն իրեն գժի տեղ են դրել, բուրգերի մասին ասել է տեղի խաղաղության կորպուսի ղեկավարությանը, հոգեբանի մոտ են ուղարկել: Ինքն էլ սկսել է ամեն ինչ արևահարությամբ բացատրել ու մտովի տանջվել, մինչև որ չի հանդիպել բուրգերի մասին գրածիս: Փաստորեն, ամբողջ աշխարհում իմ տվյալներով դեռևս ութ հոգով ենք բուրգերը տեսել, մեզնից մեկն արդեն չկա, մյուսն անհայտ կորած է, Գարիկի ձեռքն էլ ինքդ տեսար:
-Իմն էլ տեսա: Մի բան չեմ հասկանում, ինչի՞ ինձ հեռախոսով չասեցիք Արտակի ու Գարիկի պահով:
-Մտածում էի, որ ասենք, չես գա, - արդարացավ Գարիկը:
-Մենք պիտի հասկանանք, թե ինչ են այս բուրգերը:
-Վիկ, ես վախում եմ, ահավոր եմ վախում, - հեծկլտաց Արինան:
Ծանր լռություն հաստատվեց: Արինան սկսեց դողալ, Վիկտորը նրան ծածկեց թեթև ամառային կոստյումով ու մի կողմ քաշված շրխկացրեց կրակայրիչը, ծխի կապույտ մշուշը լողաց բուրգի ուղղությամբ ու անհետացավ սև զանգվածում: Գարիկը գրեթե հպվելու չափ բուրգին մոտեցած ուսումնասիրում էր աղոտ լուսնալույսից էլ ավելի սև թվացող մակերեսը:
-Ձեռքդ քիչ էր, ուզում ես քիթդ էլ կորցնե՞ս, - խայթեց Վիկտորը պարզապես ինչ-որ բան ասած լինելու համար, իսկ հետո էլի լռություն:
Արինան դանդաղ բարձրացավ, մեքենայից հանեց լուսանկարչական ապարատն ու այն մեկնեց Վիկտորին:
-Մի ձեռքով դժվար կլինի, - խեղճ ձայնով բացատրեց նա:
-Արին, ինձ լրիվ ապուշի տեղ ես դրե՞լ, նկարել եմ արդեն, չեն երևում:
-Հնարավոր է, ապարատի խնդիր լինի:
-Հնարավոր չէ, ինձանից բացի համ Գարիկն ապարատ ուներ, համ Արտոն, երկուսով էլ փորձել եմ:
-Հա, մենակ երեկ էստեղ լինեիր, - մռայլ վրա բերեց Գարիկը, - ձեռքս ներս տարա ու մի կերպ դուրս քաշեցի կիսամեռ Արտոյին, իսկ էս տականքն ու Էդիկը դրել, Արտոյի մեքենան էին քանդում, որ ապարատը հանեն, վերջը համ ապարատով փորձեցին նկարել, համ հեռախոսով, տեսան՝ չի ստացվում, նո՜ր հանգստացան, որոշեցին որ կարելի է բարի գտնվել, ինձ ու Արտոյին քաղաք հիվանդանոց հասցնել:
-Չէի սպասում, որ էդքան զզվելին ես, - Արինան նայեց ուղիղ Վիկտորի աչքերին, Վիկտորը հայացը չփախցրեց, հայացքների լուռ մենամարտում պարտված Արինան կախեց գլուխն ու սկսեց ատամներն իրար զարկելով դողալ:
Վիկտորը կամացուկ մոտեցավ նրան ու նստեց կողքին:
-Արին, եթե երեկ ես ու Էդը գոնե հեռավոր կերպով գիտակցեինք՝ ինչ կատարվեց Արտոյի ու Գարիկի հետ, մենք կխառնվեինք, բայց մենք պատկերացում անգամ չունեինք՝ ինչն ինչոց է, հասկանում ես, հենց իմ ուղեղին հասավ, որ…
Հեծանիվի կտրուկ արգելակման ձայնն ընդհատեց Վիկտորին:
-Բարև, - հնչեց ընդգծված անգլերեն առոգանությամբ հայերենը:
-Եկար, Ջես, ծանոթացիր՝ Արինան ու Գարիկը:
-Nice to meet you, - ասաց Ջեսն ու միանգամից լռեց՝ հայացքը Գարիկի վիրակապին:
Գարիկը հասկացավ հայացքի նշանակությունն ու մի քանի բառով պատմեց կատարվածը:
-How?- բացականչեց Ջեսսին, - անհնար է, ճանապարհին իմ աչքի առաջ մեքենան անցավ բուրգի միջով ու ոչինչ, հասկանում ես, ոչինչ էլ չեղավ, մեր քաղաքում էլ, ուր կամավոր եմ, մեկը կիսով չափ փիրամիդի մեջ էր ու էլի՝ ոչինչ:
-Այսի՞նքն, - միջամտեց Արինան:
-Դու՞ էլ, - արձագանքեց Ջեսսին՝ նկատելով Արինայի վիրակապը:
-Ես էլ:
-Ջեսս, մի շեղվիր, ո՞նց է հնարավոր, որ բուրգի մեջ մտնեն ու ոչինչ չպատահի:
-Չգիտեմ, Վիկտոր, ես դա տեսել եմ:
-Ջես, իմ ձեռքն էս բուրգն է կերել:
-Գարիկ, հիմարություն, - Ջեսը վարկենապես հայտնվեց բուրգի մոտ, մատերը զգուշորեն սահերցեց մակերեսից ներս ու ակնթարթորեն դուրս քաշեց:
-Հիմա հավատու՞մ ես:
Ջեսսին անտրամադիր գլխով արեց: Մատերի ծայրերը թեթև կարմրեցին, բայց վնասվածքը լուրջ չէր: Էլ ավելի լուրջ էր հոգեկան ցնցումը:
-I don’t belive, - վերջնականապես իր տեսակետն ամփոփեց Ջեսսին:

Արինան արթնացավ կեսօրից հետո հեռախոսի համառ զանգերից: Գարիկն էր: Մի քանի բառ փոխանակեցին. Արինան խոսելուն զուգահեռ հագնվում էր: Սերգեյն արդեն Հայաստանում էր, Ջեսսին խոստացել էր, որ մի ժամից կմիանա:
Արինան կես ժամում տեղ հասավ: Ինչ-որ անսովոր ջերմություն էր զգում իր նոր ընկերների հանդեպ: Համատեղ մղձավանջը նրանց իրար էր կապում: Ջեսսին եկավ խոստացածից ուշ: Բոլորը խոսքները մեկ արած տաք թեյ վերցրեցին՝ ասես վանելու իրենցից բուրգի սառն ուրվականը: Միայն Արևն էր ուշանում, իսկ Էդիկից նախկինի պես ոչ մի նորություն չկար:
-Երեկվանից մի միտք ունեմ, մի շատ հիմար միտք, բայց մտածում եմ մեր government, army միթե ոչինչ չեն իմանում սրանց մասին:
-Ջես, ո՞նց իմանան, եթե աշխարհում, ամենայն հավանականությամբ, միայն մենք ենք տեսնում, - ասաց Գարիկը:
-Բայց ինչո՞ւ հենց մենք:
-Հարց, որ բոլորն են տալիս: Արին, եթե ավելի խորը նայենք, մեր մեջ կա ներդաշնակություն, մեր հոգեկերտվածքն, աշխարհայացքը, մտավոր ունակությունները, ամենը մի այնպիսի փոխլրացնող մեխանիզմ է, որ մեզ դարձնում է պատրաստ համատեղ դիմակայելու մեծ վտանքների, երևի հենց դրա համար է, որ մենք ենք, - ասաց Վիկտորն ու այս անգամ ստիպված եղավ ասածը ոչ միայն Սերգեյի համար թարգմանել, այլև՝ Ջեսի:
Հետո խոսակցությունն աննկատ հեռացավ բուն թեմայից ու սկսեցին ինչից ասես խոսել, բացի բուրգերից:
Արևիկն, այնուամենայնիվ, եկավ: 15-16 տարեկան խուճուճիկ աղջնակ էր, չափազանց հասուն հայացքով ու չափազանց մանկական դեմքով: Ուղղակի սպանիչ հեգնանքով ժպիտ ուներ ու անսովոր ինքնավստահություն: Լայն փողքերով շալվարն ու կարճ, վառ նկարներով վերնաշապիկը նրան մուլտֆիլմի հերոսի կերպար էին հաղորդում. ոչ մի կերպ չէր ասոցիացվում այդ կենսախինդ աղջնակը բուրգերի սև մռայլության հետ:
-Բուրգերը որևէ կերպ չեն ճառագայթում, ներսում սարսափելի սառը ջերմաստիճան է, մակերեսը սև է, բայց տարօրինակորեն չունի սևին բնորոշ լուսաջերմակլանիչ հատկություններ, առաջին անգամ բուրգերը երևացել են, գոնե ես եմ տեսել, երկու օր առաջ, բուրգերի բարձրությունը մոտավոր 40-50 մետր է, հիմքի մակերեսը ևս 40-50 մետր քառակուսի: - Մի շնչով վրա բերեց Արևը: - Հիմա պատմեք դուք ինչ գիտեք:
-Պահո՜, էդքանը որտեղից գիտես, - զարմացավ Գարիկը:
-Ծիտիկն ասաց, - հեգնեց աղջիկը:
-Արև, պատահաբար էդ ծիտը Վիկը չի:
-Չէ, ես էլ եմ զարմացած՝ Արևը գիտի ավելին, քան մենք, մինչդեռ ոչ մի անգամ բուգերին չի մոտեցել:
-Ո՞վ ասեց, մոտեցել եմ, ու լա՜վ եմ մոտեցել, հարևանի զզվելի կատվին կապած մտցրել եմ բուրգի մեջ, հետո դուրս քաշել՝ սառցակալած: Խղճիս չնստեց՝ լացում էի… տվյալները ճառագայթման ու էլի էդպես չափելը դժվար չէր, ես ֆիզիկ եմ, դե ապագա ֆիզիկ, բայց էլի…
-Սպասիր, Արև, մի րոպե, ուզում ես ասել, որ կատուն սառցակալե՞ց:
Բոլորն իրար նայեցին, կենդանու հետ կապված դաժան փորձ իրենք էլ արեցին ու ոչինչ, կենդանին անվնաս վերադարձավ, բուրգը վնասում էր նրանց, ովքեր կարողանում էին այն տեսնել: Երբ այս ամենը բացատրեցին Արևին, նա ընդամենն անփույթ ասաց, որ ուրեմն Չավիկն էլ ուներ բուրգը տեսնելու մենաշնորհն ու ցուցադրական անտարբերությամբ ձեռքն առավ մենյուն:
-Հա, Վիկ, մոռացա ասել, որ դաստիարակված մարդիկ ընկերներին հանդիպման ժամանակ իրար հետ ծանոթացնում են:
Խումբը կրկին բուրգերի մոտ էր: Այս անգամ նրանց էր միացել նաև Էդիկը: Պակաս տարօրինակ չէր նրա պատմությունը: Արտի մահվան պատմությունն իրավապահների հետ հարթելուց հետո նա քնել էր, պառկել քնելու ու արթնացել միայն հինգ օր անց: Առաջինն, ինչ արել էր, զանգել էր Վիկտորին և ահա բոլորը նորից միասին են, նորից բուրգերի մոտ ու ոչինչ չեն կարողանում պարզել այդ տարօրինակ անոմալիայի մասին: Կրկին անիմաստ հետազոությունից հետո տուն էին վերադառնում: Այդ ժամանակ դեռ չգիտեին, որ հաջորդ օրը բուրգերն էլ չեն երևալու: Արևը չէր հանձնվում, ուզում էր մնալ, գրեթե ուժով Արինան տարավ նրան դեպի մեքենան:
-Սպասիր, տղաներին հաջող չեմ արել:
Մեքենայում միայն Արինան ու Արևիկն էին: Գրեթե ամբողջ ճանապարհին չէին խոսում:
-Խեղճ Վիկտոր, իրեն մեղավոր է զգում, երբ գնացի հրաժեշտ տալու, պատահաբար լսեցի, թե ոնց էր Էդիկին ասում, որ ինքն Արտակի մահվան մեջ մեղավոր չի, ուղղակի դա որևէ կերպ իրենով պայմանավորված չէր, ինչպես և Գարիկի ձեռքը:
-Ըհը, - իմիջիայլոց արձագանքեց Արինան:
Արինային նայելով՝ Արևը զգում էր, որ նա ինչ-որ բան է թաքցնում, արդեն երկրորդ օրն էր, ինչ Արինան հաճախ առանձնանում էր Վիկտորի հետ, երկար, լարված ինչ որ բան քննարկում, իսկ հետո վերադառնում անսվոր հուզված ու ապարդյուն անտարբեր ձևանալով: Արևը նաև մտածում էր, որ Արինան սկսել է խուսափել Էդիկից: Բայց աստիճանաբար նրա մտքերը կտրվեցին Արինայից, ապա նաև բուրգերից, նա աննկատ քնեց:
Բուրգերի անհետանալուց հետո մի ամիս խումբը հանգիստ չուներ: Սկզբում ամեն ինչից հոգնեցին հենց Էդիկն ու Վիկտորը: Աստիճանաբար մյուսներն էլ սկսեցին խաղաղվել: Առաջինն ապաքինվեցին Ջեսսի կարմրած մատերը: Նա նույն օրը մեկնեց Նահանգներ, ինչ Սերգեյը՝ Ռուսաստան: Արինան, Արևն ու Գարիկը դեռ որոշ ժամանակ համառում էին: Հետո Արինան ևս առօրյա հոգսերում թաղեց բուրգերի հիշողությունը: Գարիկի կորած ձեռքն ու Արևի անհանգիստ բնավորությունը նրանց դեռ էլի պահեցին որոնումներում, բայց ամեն ինչ ապարդյուն էր, չկար ոչ մի հետք, ոչինչ, ինչի վրա կարող էին հենվել, անգամ բուրգերի առկայության պարագայում ոչինչ չպարզվեց, ուր մնաց հիմա՝ երբ դրանք չքվեցին նույնքան անսպասելի, որքան հայտնվել էին: Գարիկը դեռ մի քիչ էլ համառեց, հետո մեկնեց արտասահման՝ ձեռքը բուժելու, ինչ-որ նոր մոդելի պրոթեզ տեղադրելու ու, ընդհանրապես՝ մոռանալու: Արևը մնաց մենակ, բայց չէր հանձնվում: Վիկտորի բջջայինի էկրանին օրեկան տասնյակ բաց թողնված զանգեր էին կուտակվում, Արևն էր:
Բուրգերի անհետացումից ամսիներ անց Վիկտորն ու Էդիկը հանդիպեցին Էդիկի գրասենյակում: Էդիկը ինչ-որ թանգարանային նմուշի ատրճանակ էր խնամքով մաքրում, երբ Վիկտորը ներս մտավ:
-Բարև, տեղավորվիր, հիմա սուրճ պատվիրեմ:
-Չէ, Էդ, մեր խոսակցությունը կարճ կլինի:
-Ինչի՞ մասին ես ուզում խոսել:
-Այն մասին, ինչի մասին խոսում էինք, երբ Արևը միջամտեց:
-Հիշեցրու:
-Արտի մահն ու Գարիկի ձեռքը:
-Մոռացիր այդ մասին, հերիք է քեզ տանջես, դժբախտ պատահար էր:
-Էդիկ, դու գիտես, որ այս ընթացքում ես դարձա առաջին կարգի մեդիում, որ կարողացա պատրանքներ ուղարկել անգամ օտար լեզվով մտածող մարդկանց ուղեղների ու անգամ կարողացա դա անել հազարավոր կիլոմետրերի վրա: Իմ ստեղծած պատրանքը ստիպեց Սերգեյին հասնել Հայաստան:
-Ե՞վ:
-Եվ այն, Էդ, որ այդքանով հանդերձ ես ի վիճակի էի լիովին անջատել սառույցի պատրանքը թե Արտի, թե Գարի ուղեղից, որ իրենց ոչ մի վնաս չլիներ ու ես անջատեցի, բայց , իրենք, մեկ է, վնասվեցին: Իրենց ինքնաներշնչանքը, մեղմ ասած, այնքան չկա, որ կարողանար իրենց այդ կարգի վնաս հասցնել: Էնտեղ երկու մեդիում կար՝ ես ու դու:
-Ուզում ես ասե՞լ, ես եմ սպանել Արտին:
-Չեմ ուզում ասել, ասում եմ:
-Ու հաշմանդամ դարձել Գարին:
-Էդ, ես չեմ հասկանում՝ ինչի՞:
-Բաներ կան, Վիկ, որ դու երկար ժամանակ չես հասկանա, հետո կսկսես հասկանալ, մեր գործում ամենակարևորը մարդկային կյանքի վրա թքած ունենալն է, այլապես զգացմունքները քեզ միշտ խանգարելու են նպատակին հասել: Արտը որոշ բաներ գիտեր, ուրիշ բաներ էլ կռահում էր, դրա համար էլ մեռավ, իսկ Գարիկը պիտի կորցներ ձեռքը, որ չկասկածեր, ավելի լավ էր ձեռքը կորցնել, քան կյանքը:
-Իսկ գուցե կազմակերպությունը վերջ տա ինքնադատաստաններին ու կամայականություններին, միայն պարզելու համար Արինան մեդիում է, թե չէ չարժեր մեկին սպանել, մյուսին հաշմանդամ դարձնել, այն էլ, որ, միևնույն է, պարզվեց՝ մեդիում չէ:
-Հա, ինքը չկարողացավ ինքնաներշնչանքով հաղթահարել սահմանը, թեսթը տապալեց, բայց խնդիրը միայն դա չէր, խնդիրը հենց քեզ որպես Նոստրայի անդամ թեսթի ենթարկելն էր: Նստիր, խոսենք:
Վիկտորն, այնուամենայնիվ նստեց ու գլուխն առավ ձեռքերի մեջ: Այս ամբողջ ընթացքում նա ուզում էր ասել, որ լրիվ պատահաբար գտել է բոլոր ժամանակների հզորագույն մեդիումներից մեկին, ով կարողանում է անգամ կենդանիների վրա ազդել, բայց այդպես էլ ոչինչ չասաց Արևի մասին: Կտրուկ ոտքի կանգնեց:
-Ես կոչնչացնեմ Նոստրան, Էդ, խոստանում եմ, կստեղծեմ իմ հակակշիռ թիմն ու կոչնչացնեմ կազմակերպությունը, հերիք եղավ, արդեն անում եք ավելին, շատ ավելին, քան կարելի է:
-Իսկ ո՞վ է որոշում ինչն է կարելի, ինչը չէ, - հեգնեց Էդիկը:
-Խիղճը:
-Գիտես ինչ, Վիկ, դու մեր ունեցած լավագույն պատրանքներ ստեղծողն ես, ամենալավը երբևէ եղածների մեջ, բայց դու մոռանում ես, որ մենք՝ մեդիումներս, էլի լիքը բաներ ենք կարողանում, որ դու դեռ չես կարողանում: Հիմա, օրինակ, դու կմոտենաս ինձ, կվերցնես այս ատրճանակը, կբացես բերանդ, փողը կտեղավորես այն անկյան տակ, որ գանգդ ցրիվ գա ու կկրակես:
Վիկտորը հիպնոսացածի պես տեղից վեր կացավ ու կրկնեց քայլերի նույն հաջորդականությունն, ինչ իրեն հրահանգել էր Էդը: Ցրիվ եկած գանգով դիակն ընկած էր Էդի ոտքերի մոտ:
-Գործն արված է,- ժպտաց Էդը:
Բազկաթոռին նստած Վիկտորը տեղից վեր բարձրացավ, մտքում հեգնեց Էդի արտահայտությունը՝ մենք կարող ենք ավելին, քան պատրանքներ ստեղծելն է: Շարժվեց դեպի ելքի դուռը: Հիմա, երբ իրեն մեռած են համարելու, ավելի հեշտ կլինի նրանց ոչնչացնելը:
-Գործն արված է, - արդեն մեքենայում ասաց Վիկն իր երկու թիմակից մեդիումներին՝ Արինային ու Արևին:

Վարդուհի Բադալյան
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 826 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ինչն է պակասում կայքին/ամսագրին?
պատասխանել է 54 մարդ
Առաջարկում ենք'