Հոդվածներ
Միամիտ հանճարը
Երբեմն այնպես է պատահում, որ մարդ կանգնում է մի պահ փողոցում և մտածում. «Արդյոք ի՞նչ կպատահեր, եթե այս տերևը չընկներ այնտեղ, որտեղ հիմա է ընկած, կամ, ասենք, այն փաթիլը ընկներ ոչ թե այս, այլ մեկ ուրիշ տերևի վրա. երևի ոչ մի առանձնահատուկ բան»: Իհարկե, մեկ տերևով կամ փաթիլով ո՛չ աշունը կփոխվի, ո՛չ ձմեռը: Աշունը էլի կմնա գունավոր և կամակոր, ձմեռն էլ՝ սփրթնած ու սառը: Բայց ա՛յ, երբ տերևի ու փաթիլի փոխարեն գողացված ոսկե զարդն է հայտնվում ոչ այնտեղ, ուր պետք է լիներ, շատ բան կարող է փոխվել դրա արդյունքում: Եվ այդ զարդն այնուամենայնիվ հայտնվել էր այս միամիտ և կյանքից անտեղյակ մարդու գրպանում: Բայց մինչև պատմելը, թե ինչ է լինելու նրա հետ ժամեր անց, պարզենք, թե ում թեթև ձեռքով և ինչպես է այդ զարդը իր համար որպես ժամանակավոր կացարան ընտրել հենց այդ գրպանը: Վաղ առավոտյան, երբ դեռ անգամ թռչունները չէին հասցրել մի կարգին ողջունել արևին, ոտիկանատան դուռը ուժգին բախեց մի մոխրագույն մազերով, կարճ բեղերով, միջահասակ տղամարդ՝ կլորավուն ակնոցով, որ ամուր նստած էր նրա կլորիկ քթին և քթի պես կլորավուն այտերին: Հերթապահող ոստիկանը, դժկամորեն մի կողմ նետելով իր քնաթաթախ երազները, ընդունեց նրան: Պարզվեց, որ այդ մարդու՝ տատիկից ժառանգություն ստացած թանկարժեք ոսկե զարդը գողացել են: Նրա նկարագրության համաձայն գողացողը մի աղքատիկ տեսքով, մաշված հագուստով, սփրթնած երիտասարդ էր, ով մոտեցել էր նրան, փող խնդրել. և մինչ տղամարդը ձեռքը տարել էր դեպի դրամապանակը, ուշադրությունից բաց թողնելով վերարկուի գրպանը, ճարպիկ գրպանահատը թռցրել էր այնտեղից ոսկե զարդն ու հրթիռային արագությամբ անհետացել: Ոստիկանը գրանցեց նրա պատմածը և խոստացավ զբաղվել այդ հարցով, և տղամարդը հեռացավ: Այժմ վերադառնանք այս փողոց և հետևենք իրադարձությունների զարգացմանը, որոնք տեղ էին գտել այստեղ՝ այս միամիտ զոհի ներկայությամբ րոպեներ առաջ: Այս մարդը, ով, իմիջիայլոց, նույնպես մոխրագույն մազեր ուներ և կլորավուն ակնոց, որ հենված էր նրա սրածայր ուղիղ քթին, այնքան միամիտ էր, որ նրան կողոպտելու համար գրպահանատին բավական կլիներ նրան պարզապես բարևելն ու մի հարց տալը: Խորասուզված իր անհասկանալի մտքերի հորձանուտում՝ նա դանդաղորեն քայլում էր փողոցն ի վար՝ առանց շտապելու, ինչպես մեկը, ով այնքան ժամանակ ուներ իր տրամադրության տակ, որ չգիտեր՝ ինչպես այն ծախսել: Եվ իր մտքերի հենց կենտրոնից նրան դուրս քաշեցին ոստիկանների բղավոցի ձայները: Նա շրջվեց և տեսավ հենց այն աղքատ և սփրթնած գրպանահատին, ով փախչում էր ոստիկաններից՝ ձեռքում ամուր պահած հենց այն ոսկե զարդը: Իհարկե, վերջին պահը տղամարդը նեղություն չկրեց նկատել, և երբ գողը նրան հպվելով շարունակեց վազել, նա չնկատեց նաև, որ այդ ոսկե զարդն արդեն իր գրպանում էր: Գողն անհետացավ, իսկ ոստիկաններն էլ նրա ետևից՝ չիմանալով, որ այն, ինչ իրենք փնտրում էին, այդքան մոտ էր իրենց այդ պահին: Իսկ տղամարդը կրկին վերադարձավ իր մտքերի՝ անվերջ պտտվող հորձանուտը և էլ այնտեղից դուրս չգալով՝ հասավ տուն: Մտնելով ներս՝ նա հանեց վերարկուն և կախեց զգեստապահարանում և անցնելով իր սովորական զբաղմունքին՝ սկսեց նկարել: Հաջորդ առավոտյան նա հագավ իր վերարկուն և դուրս եկավ փողոց՝ գնալով փողոցն ի վեր՝ դեպի իր հարազատ մետրոյի կայարանը: Ճանապարհին նա հասցրեց մտածել իր մտքերի հորձանուտում հայտնված մի շարք բաների մասին: Նա մտածեց՝ ինչ է ուտելու ճաշին, մտածեց՝ ինչու ինքը չի սիրում փողոցում թափառող շներին, մտածեց՝ ինչու է արևն ուժը կորցնում, երբ ամպերը (թեկուզ թափանցիկ) փակում են նրա ճանապարհը, անգամ մտածեց՝ ինչու է ինքը ամեն անգամ կանանց և աղջիկներին զիջում ճանապարհը մետրոյում. մի խոսքով՝ նրա մտքով անցավ գրեթե ամեն բան՝ բացի այն բանից, թե նա ինչու ձեռքը երբեք վերարկուի գրպանը չի տանում: Եվ երբ նա սկսում էր մտածել այն մասին, թե ինչու են կատուներն ու շները ոխերիմ թշնամիներ, երկու բան տեղի ունեցավ. նա հասակացավ, որ մի քանի քայլից նա կհասնի մետրոյի կայարանին և զգաց, թե ինչպես է մի տղա նրան ինչ-որ բան ասում. -Ներեց՛ք, պարոն, կարելի՞ է Ձեզ մի հարց տալ,- դիմեց նրան տղան, որն այն երիտասարդ գրպանահատի նման ցնցոտիներով էր և սփրթնած (բայց դե այդ մարդու մտքով անգամ չանցավ նրանց նմանությունը նկատել): -Հարցրո՛ւ, տղա՛ս,- քաղաքավարիորեն պատասխանեց նա: -Ձեր կարծիքով վագրերը սև են դեղին գծերով, թե՝ դեղին՝ սև գծերով: Այս հարցը կարծես ծնկի բերեց տղամարդու ողջ բանական միտքը: Նա երկար ժամանակ մտածեց այս հարցի շուրջ. «Իսկապես... ինչու՞ ես երբեք չէի մտածել սրա մասին»: Նա մի պահ իրեն ոչնչություն զգաց այս հարցի պատասխանը չգտնելու համար, մի քանի րոպե շրջվեց, վերև նայեց, հետո ետ շրջվեց, որ տղային ասեր, որ իր կարծիքով վագրերը դեղին են սև գծերով, երբ զարմանքով տեսավ, որ տղան արդեն փախչում էր հեռու: «Երևի նա ավելի շուտ հասկացավ պատասխանը: Ես այնքան հիմար եմ: Ամեն ինչի մասին մտածել եմ, իսկ սա՝ մոռացել»,- մտածեց նա ու մտավ մետրո: Վայրկյաններ անց փողոցում բոլորովին այլ տեսարան էր. սփրթնած տղայի ձեռքից սահեց ու ընկավ մի ոսկե զարդ՝ հենց նոր գողացված ակնոցով տղամարդու գրպանից, բայց ամենավատն այն էր, որ դա տեղի ունեցավ հենց ոստիկանի աչքի առաջ: Տղայի պատիժն անխուսափելի էր: Եվ մինչ ոստիկանը նրա թևից բռնած քարշ տալով տանում էր մոտակա ոստիկանական բաժին, տղան բղավում էր. -Դուք չեք հասկանում... սա ես այն մոխրագույն մազերով մարդու գրպանից եմ հանել... -Այո՛, այո՛... նա ակնոց էլ ուներ, չէ՞... -Այո՛... կլորավուն ապակիներով ակնոց... -Առանց քո ասելու էլ ես դա գիտեմ. նա է մեզ դիմել սրա համար,- ասաց նա՝ ցույց տալով զարդը: -Բայց ես նոր եմ նրան տեսել. նա այնտեղ էր՝ մետրոյի կայարանում: -Այդ հեքիաթները կպահես միամիտների համար:
Օրեր անց ակնոցով նկարիչը նկարեց և ցուցահանդեսի ընթացքում հանրության դատին ներկայացրեց իր գլուխգործոցը՝ «Դեղին վագրը՝ սև գծերով»...
Ռիմա Խաչատրյան
|
Բաժին` Հուլիս #04 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 643 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|