Հոդվածներ
Հարգել Բարին, սիրել Չա՞րը
Նիկոլաս Ալան Կոպե
Այսպիսի բան դեռ մտքովս չէր անցել: Ու երևի հենց այդ պատճառով էլ երեկ վերջ ի վերջո անցավ: Չե՞ք նկատել, որ մենք ապրում ենք պարադոկսների աշխարհում: Ինչ-որ բան ենք ասում, բայց անում ենք լրիվ հակառակը՝ մեր գործերով ժխտելով մեր իսկ համոզմունքները: Եվ մեր ամբողջ մորալը հենց մարդու այդ պարադոկսային բնույթի վրա է կառուցված: Այ տեսեք, մանկուց մեզ սովորեցնում են, որ ստել չի կարելի, որ չի կարելի <<չարություն>> անել, հստակ սահմանումներ են տալիս չարին և բարուն ու սովորեցնում, որ ճիշտը բարին է և որ միշտ պետք է ընտրել բարին: Ինչո՞ւ են բոլոր հեքիաթները հեփիէնդ ունենում: Որ մեր գլուխներում մեծ-մեծ տառերով տպվի. ԲԱՐԻՆ ՄԻՇՏ ՀԱՂԹՈՒՄ Է ՉԱՐԻՆ: Եվ որ մենք սիրենք այդ բարի կոչվածը (թեկուզ հենց նրա մշտնջենական հաղթանակների համար), որը հեքիաթներում հստակ սահմանում ունի: Իսկ իրականո՞ւմ... Իսկ իրականում մեծանալով մենք միանգամից մոռանում ենք հեքիաթների բոլոր դասերը, ավելի ճիշտ ոչ թե մոռանում ենք, այլ հասկանում ենք, որ դրանք մեզ այդքան էլ դուր չեն գալիս: Որ իրականում այդ չար կոչվածը շատ ավելի գրավիչ է, քան բարին, որը, անկախ ամեն ինչից, իբր միշտ հաղթում է: Չե՞ք մտածել, որ Եվան լսեց Սատանային, որովհետև նա, թերևս, ավելի գեղեցիկ էր, քան Ադամը: Չե՞ք հիշում, ինչպես էիք փոքր ժամանակ մուլտերում առանձնահատուկ ուշադրություն դարձնում չար կերպարներին: Իսկ հետո, երբ մեծանում էիք, ասում էիք. <<Ես ի՞նչ մեղք ունեմ, որ, ի տարբերություն բոլորի, սիրում եմ չար պերսոնաժներին>>: Հետո էլ հանկարծ հասկանում, որ դուք ոչ թե ի տարբերություն բոլորի եք սիրում չար կերպարները, այլ բոլորի պես եք հավանում նրանց: Ու որ խեղճ բարի հերոսը վերջ ի վերջո մնում է մենակ: Հիշո՞ւմ եք, ինչպես մեր սիրված ֆիլմերից մեկում չար պերսոնաժն ասաց հերոսին. <<Սկզբում մարդիկ ուզում են տեսնել հերոսի հաղթանակները, իսկ հետո արդեն գալիս են տեսնելու, ինչպես է նա զոհվում>>: Ախր այդպես է, որ կա: Մեզ ասում են՝ մի՛ ստիր, մանկուց են ասում, բայց մենք բոլորս միասին ստում ենք ինքներս մեզ, ասելով, որ սիրում ենք բարին: Չէ՜, մենք չարն ենք սիրում: Դրա համար էլ աշխատում ենք ավելի վատը երևալ, քան կանք իրականում: Բայց այդ ամենի հետ միասին այնպես է ստացվում, որ իրականում մենք ավելի լավն ենք, քան փորձում ենք ցույց տալ: Ուրեմն ի՞նչ, մենք իսկապես հարգում ենք Բարին, բայց սիրում ենք Չա՞րը: Էլի մի բան ենք ասում, անում ենք ուրիշը: Ժխտում ենք ինքներս մեզ, սիրում պարադոկսը: Ես, օրինակ, շատ եմ սիրում ժխտել ինքս ինձ, որովհետև կարծում եմ, որ միայն այդպես կհասնեմ ինչ-որ ճշմարտության: Բայց դե ամբողջ մարդկությունը հո չի՞ կարող իր բարոյականությունը կառուցել նման ինքնաժխտման վրա: Է՜հ, իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ է. Բարին էլ, Չարն էլ պետք են մեզ, թեկուզ հենց նրա համար, որ հասկանանք՝ ո՞րն է Բարին, ո՞րը Չարը: Ես ընտրում եմ Բարին, թերևս այդ ընտրությունը իմ փոխարեն շատերն են արել, բայց դե ես չեմ դժգոհում: Բայց դրա հետ մեկտեղ խոստովանում եմ. հիանում եմ չար հանճարով: Լույսի մասին ավելի լավ պատկերացում ես ունենում հատկապես երբ մութ է: Ես էլ սիրում եմ մթությունը:
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 592 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|