Հոդվածներ
Game Over
(Հոդվածը կարդալուց առաջ խորհուրդ կտամ կարդալ այս էջը)
Կիրակի օր է… Աչքերս բացում եմ, անմիջապես միացնում եմ համակարգիչը և քնաթաթախ աչքերով հետևում` ինչպես են միանում ինտերնետ մոդեմի բոլոր չորս լույսերը: Հետո նոր գնում եմ լվացվելու, մինչև համակարգիչս <<Welcome>> է ասում` ինքն էլ չգիտի, թե ում:
Այսպես է, սիրելիներս: Ես, ինչպես և իմ հասակակիցներից շատերը (եթե ոչ բոլորը), արդեն հասցրել եմ խճճվել համաշխարհային ցանցում: Ի~նչ արած, ինտերնետում չես ձանձրանա: Ոմանք արդեն մշտական գրանցում ունեն սոցիալական կայքերում, ոմանք պատվավոր մասնակիցներն են ֆան ֆորումների, ոմանք էլ արդեն սովորություն են դարձրել հարևանների հետ շփվել Skype-ով: Եկեք խոստովանենք, որ վիրտուալ իրականությունը շատ ավելի կատարյալ է ու հաճելի, քան մեր` <<իրական>> իրականությունը:
Վիրտուալ իրականության մի առանձին <<խավ>> են գեյմերները: Հաստատ գիտեք, ովքեր են գեյմերները: Երևի ծանոթ գեյմեր էլ կունենաք:
Շատերը (հիմնականում մեծահասակները) արհամարհում են գեյմերներին, նախատում նրանց, որ <<խաղերից բացի ոչ մի հետաքրքրություն չունեն>>: Դուք հանկարծ այդպիսի սխալ չանեք: Կարծում եք հե՞շտ է համակարգչային խաղերի հաղթող դառնալ: Իհարկե` ոչ:
<<Բոնուսներ կուլ տվող կլորակների>> դարն արդեն վաղուց անցել է, իսկ <<տետրիսով>> հիմա միայն նորածիններն են խաղում: 21-րդ դարի համակրգչային խաղերը ավելի շատ հոլիվուդյան ֆիլմերի են նմանվում: Խաղը ստեղծելու համար պակաս մասնագետներ չեն աշխատում` ծրագրավորողներ, սցենարիստներ, դիզայներներ, նկարիչներ, պրոդյուսերներ, նույնիսկ կոմպոզիտորներ: Համակարգչային խաղերը մեր դարում խաղ ու պար չեն: Պրոդյուսերները պահանջում են, որ խաղն անթերի լինի: Սյուժեն պետք լինի հետաքրքիր, կերպարները` համոզիչ, վիրտուալ աշխարհը, ուր զարգանալու են իրադարձությունները, գրավիչ: Պատահական չէ, որ այս խաղերը հետագայում կարող են դառնալ ֆիլմ: Չե՞ք հավատում: Իզուր: Հիշեք`<< Mortal Combat>>, <<Tek Ken>>, <<Street Fighter>>, <<Prince of Persia>>,<< The Sands of Time>> ֆիլմերը: Դրանք բոլորը համակարգչային խաղերի հիման վրա են ստեղծվել: Ընդ որում շատ հաճախ Հոլիվուդյան ֆիլմը ավելի թույլ ու անհետաքրքիր է, քան նրան <<ծնող>> խաղը:
Համակարգչային խաղերը համացանցում <<բնակվում են>> ոչ միայն հազարավոր սերվերներում, այլ նաև իրենց համար ստեղծված հատուկ կայքերում և ֆան ֆորումներում: Լավագույն գեյմերները հոդվածներ են գրում սիրված խաղի մասին, խորհուրդներ տալիս նորեկներին, իսկ ամենաբարի <<մասնագետները>> նույնիսկ YouTube-ում են տեղադրում իրենց պատրաստած վիդեոները, այսպես ասված <<գեյմփլեյները>> (gameplay): Հեռուստատեսությունում նույնիսկ հաղորդումներ են պատրաստում համակարգչային խաղերի մասին (օրինակ` «Икона видеоигр» /MTV/), ամսագրերում` հատուկ էջ հատկացնում: Հարց է առաջանում. ինչո՞ւ են մարդիկ այսքան ժամանակ վատնում <<խաղերի>> վրա:
Իրականում համակարգչային խաղերը շատ առավելություններ ունեն: Նրանք զարգացնում են երևակայությունը, տրամաբանությունը, օգնում են հանգստացնել նյարդերը, լիցքաթափվել: Խաղեր կան (սիմուլյատորներ), որոնց շնորհիվ մարդիկ հետո ավելի հեշտ են սովորում մեքենա կամ ինքնաթիռ վարել: Կան հատուկ տրամաբանական խաղեր` գլուխկոտրուկներ, որոնք մաթեմատիկայի դասի պես բարդ են և նույնքան օգտակար: Շատերի կողմից սիրված ստրատեգիաները`մարտավարությունները, սովորեցնում են ճիշտ կառավարել, այնպես, որ դրանք նույնիսկ երկրի նախագահի համար կարող են օգտակար լինել: Սպորտային խաղերը զարգացնում են թիմային մտածելակերպը, իսկ ֆայտինգները օգնում են ազատվել բացասական հույզերից: Օնլայն`առցանց, խաղերն այս ամենից բացի նոր ծանոթությունների վայր են դառնում: Ի՞նչ վատ է, որ ձեր երեխան խաղերով լցնի իր ազատ ժամանակը, ոչ թե <<հեռուստատեսության կողմից հարգված>> սերիալներ նայի:
Մյուս կողմից համակարգչային խաղերը շատ վտանգավոր են: Երբեմն դրանք կախվածություն են առաջացնում: Մարդիկ մոռանում են ամեն ինչ` դասերը, աշխատանքը, ընտանիքը, ընկերներին: Խաղացողն արդեն չի ուզում վերադառնալ <<իրական>> աշխարհ, դառնում է ագրեսիվ, շուտ գրգռվող: Եղել են դեպքեր, երբ որևէ ֆայտինգի չեմպիոն դառնալուց հետո, մարդիկ դուրս են եկել փողոց և խաղը շարունակել այնտեղ` արդեն կենդանի մարդկանց հետ: Բնականաբար արյուն է թափվել:
Եվրոպայում արդեն կան հատուկ հիվանդանոցներ, որտեղ բուժում են համակարգչային խաղերից: Հայաստանում այդպիսի հիվանդանոցներ չկան, բայց կան խորդանոցներ, ուր մայրիկները թաքցնում են համակարգչի մկնիկը կամ նոութբուքը, որ երեխաները կտրվեն խաղերից ու հիշեն դասերը: Այնքան էլ արդյունավետ <<բուժում>> չէ, բայց ի~նչ արած…
Եզրակացություն: Համակարգչային խաղերը չարիք չեն, թե չէ ինչո՞ւ էին այդքան մասնագետներ տանջվելու դրանք ստեղծելու համար: Պարզապես ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Թե չէ երբ մայրկը մոռանա, որ խորդանոցում է թաքցրել համակարգչի Videocard-ը, արդեն հաստատ կլինի Game over Forever:
Արսենյան Սոնա <<Լուսաստղ>> ամսագիր
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 541 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|