Հոդվածներ
Այսօրվա գիտնականի վիճակը
Որպեսզի տրամադրվեմ, համակողմանի տեղեկություններ հավաքեմ առաջադրված հարցի մասին, ընտանիքում առայժմ չունենք գիտնական, դիմեցի համացանցին: Տեղեկությունները շատ էին, բոլորը` մռայլ, վտանգավոր լարվածությամբ լի:
Պարզվեց, որ մեծ թվով տաղանդավոր գիտնականներ 90-ականների սկզբներին լքեցին Հայաստանը, քանի որ ապրելու հնարավորություն չունեին։ Իսկ այսօրվա գիտնականների վիճակը հոդվածներից մեկը ձևակերպել էր «ողբերգական». «… անգամ ստալինյան ռեժիմի, ցարի օրոք ամենաբարձր աշխատավարձը ստանում էր գիտությունների դոկտորը, 1,5 անգամ ավելի նախարարներից, շրջկոմի քարտուղարներից, 4 անգամ ավելի ուսուցիչներից: Այսօր գիտաշխատողը 10 անգամ պակաս աշխատավարձ է ստանում, քան նախարարը»: Անկախությունից ի վեր պետությունը ոչ մի դրամ չի հատկացրել գիտական սարքավորումների վերազինման, արդիականացման համար, ԳԱԱ գիտական հիմնարկների, գիտական սարքավորումների 80 տոկոսը 10-12 տարվա վաղեմության է։ Այսպիսի պայմաններում խոսել գիտության և կրթության զարգացման մասին` դժվար է։ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր` «Օդից գիտության արդյունքներ չեն լինում» հոդվածում նշել է. «Այժմ մեր կարևորագույն անելիքներից մեկն այն է, որ բարձրացնենք գիտական աշխատանքի և գիտական աշխատողի հեղինակությունը, որպեսզի երիտասարդը բուհն ավարտելուց հետո զբաղվի գիտական գործունեությամբ, ոչ թե գնա առևտրի կամ այլ ոլորտ կամ ընդհանրապես երկիրը լքի:»
«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հեռուստատեսությամբ արել էր հետևյալ հայտարարությունը. «Հայաստանում գիտությունը կարող է ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ» և մեկնաբանել էր այսպես. «Գիտական աստիճան ունեցող երիտասարդ տաղանդավոր գիտնականներից շատերի աշխատավարձը մինչև 32.000 դրամ է: Վտանգավոր ահազանգ է նաև այն, որ դրսում բարձրարժեք, որակյալ կրթություն եւ գիտական աստիճան ստացած մեր երիտասարդները տեղ չեն գտնում ոչ Երևանի պետական համալսարանում, ոչ էլ որեւէ ԲՈՒՀ-ում»:
Իսկ ես ճանաչու՞մ եմ որևէ գիտնականի: Այո՜, ճանաչում եմ գրականագետ, գրականության քննադատ, գրականության պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին: Արդեն, երևի, հինգերորդ տարին է, միասին հանգստանում ենք Սևանա լճի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանը: Նրա հետ զբոսնել ենք, որի ընթացքում ներկայացրել է շրջապատի յուրաքանչյուր քարն ու շենքը, ծաղիկն ու թռչունը, թուփն ու ծառը… Ես նրան հարցախեղդ էի անում, պատասխանում էր հաճույքով, հետո ինչ-որ ժամանակ անց ինքն էր հարցեր տալիս, որ տեսնի` հիշու՞մ եմ իր բացատրածը: Ու երբ իմանում ես, թե որքան աշխատավարձ է ստանում այս գիտնականը, սարսափում ես: Ինչ առաջարկ անեմ, նույնիսկ չգիտեմ, դա ոչ իմ անելիքն է, ոչ դասարանցուս, ոչ ուսուցչիս, ոչ էլ գիտնականի: Պիտի մտածի ու այդ ուղղությամբ աշխատի պետությունը` պետական մոտեցում է անհրաժեշտ` այսինքն` գնահատի գիտնականի աշխատանքը` նրան վարձատրելով, գովաբանելով, դպրոցներում ու ԲՈՒՀ-երում հանդիպումներ, հարցազրույցներ կազմակերպելով, համապատասխան աշխատանք տրամադրելով: Գիտնականին չպետք է հետաքրքրի իր ֆինանսական վիճակը, որպեսզի տրվի իր խելահեղ գործունեությանը, ստեղծի, արարի, մտածի: Յուրաքանչյուր աշխատող, ձգտող մարդ ունի վերելք աշխատանքում, ձեռքբերման գագաթնակետ, իսկ յուրաքանչյուր գիտնականի ձեռքբերումը ոչ միայն իրենն է, այլ` բոլորինս:
Այսօրվա գիտնականի վիճակը տեսնող աշակերտը չի ձգտի դառնալ գիտնական: Ափսոս…
Իսկ թե ինչու մենք չենք ճանաչում մեր ժամանակների, մեր կողքին ապրող գիտնականներին` մեղավոր ենք բոլորս` մենք, գիտնականները, բայց ամենաշատը` մեր ու նրանց միջև կանգնած միջնորդները` լրագրողները, հաղորդավարները, անտարբերությունը:
|
Բաժին` Հոկտեմբեր #07 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 535 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|