Օրիգինալ լինելու ուղիներ մի՛ փնտրեք: Մյուսներից տարբեր լինելն անխուսափելի է, երբ մարդ չի մտահոգվում այդպիսինը լինելու համար: Մի՛ փորձեք շլացնել բուրժուային: Չի՛ ստացվի: Նա միայն վախենում է, երբ իր գրպանին են սպառնում: Մի՛ աշխատեք նեղություն տալ ընթերցողին, ո՛չ փնտրեք, ո՛չ էլ հայցեք նրա օգնությունը: Երբեք մի՛ գրեք մտածելով քննադատության, բարեկամների կամ հարազատների, անուշիկ հարսնացուի կամ կնոջ մասին: Մի՛ մտածեք անգամ ենթադյալ ընթերցողի մասին: Ոչ մի բանի մի՛ զոհաբերեք գրականության անկեղծությունը: Ո՛չ քաղաքականությանը, ո՛չ հաղթանակին: Միշտ գրե՛ք այն լուռ ու անողոք ուրիշի համար, որ կրում ենք մեր ներսում, և հնարավոր չի լինի խաբել: Մի՛ հետևեք մոդաներին, աղերսեք սուրբ ուսուցչին մինչև երրորդ աքլորականչը: Մի՛ սահմանափակվեք արդեն հռչակ ձեռք բերած գրքերը կարդալով: Պրուստն ու Ջոյսն արհամարհված էին, երբ քթները դուրս հանեցին, այսօր հանճարներ են: Մի մոռացեք իրավացիորեն հայտնի արտահայտությունը՝ երկու անգամ երկու հավասար է չորսի: Բայց՝ իսկ եթե հանկարծ հի՞նգ լիներ: Մի՛ արհամարհեք արտասովոր շարադրանքով թեմաները, ինչպիսին էլ լինի նրանց ծագումը: Գողացե՛ք, եթե դրա անհրաժեշտությունը կա: Միշտ ստե՛ք: Մի՛ մոռացեք, որ Հեմինգուեյը գրել է. «Ես իմ վեպի անգամ արդեն պատրաստ հատվածներն ընթերցեցի, որն, ըստ էության, ամենանվաստ բանն է, մինչև ուր կարող է իջնել գրողը»: