Ողջույն, ընկերս:
Չգիտեմ, թե ինչ հրաշքով ես հայտնվել այս կողմերում, բայց ուրախ եմ քեզ տեսնել: Ու որպեսզի հասկանաս, թե ով ում «հորողբոր տղեն ա», համառոտ ներկայացնեմ մեր ու մեր ամսագրի մասին:
Մենք` Տադոն ու Մանուկը, երկար իրար միս ուտելուց հետո որոշեցինք, որ հետևյալ ծրագիրը իրականացվելու է: Հետագա մի քանի ամիսների ընթացքում, շարունակելով իրար միս ուտել, կազմեցինք ամսագրի մոտավոր պլանը ու, զինվելով ստեղնաշարով ու ականջակալներով, սկսեցինք բուն աշխատանքը:
Մինչ այս ծրագիրը երկու անգամ մեկնարկել է, բայց անհաջողութուն է կրել. հիմնական պատճառը «ընթերցողների դեֆիցիտն էր»: Սակայն այդ անհաջողություններն էին, որ այժմ օգնեցին Տադոյին` գլխավոր խմբագրին, և Սոնային` նախկին գլխավոր խմբագրին, կազմել «պողպատյա խորագրեր»: Դե, այսքանը պատմության դասագրքից: Անցնենք խորագրերին ու մեզ` կազմակերպիչներիս.
Անձնակազմի մասին.
Յան Քեշիշյան (Տադո): Իրական անունը հայտնի է, բայց չենք ասի: Տադոն մեր ամսագրի գլխավոր խմբագիրն է, բայց մինչև հիմա պարզ չէ` նա մեր ամսագիրը խմբագրո՞ւմ է, թե՞ հակառակը: Խրոնիկական ծուլության պատճառով, նա հազվադեպ է լինում գրասենյակում և քիչ է աշխատում լրագրողների ու ընկերների հետ առերես: Սակայն դրա փոխարեն կառավարում է ամսագրի կայքն ու ամսագիրը իր սիրելի վիրտուալ իրականությունում:
Սոնա Արսենյան: Սոնան մեր ամսագրի ամենակարևոր դեմքերից մեկն է: Նրա անունը վստահ կարելի է դնել ստեղծողների շարքում: Սոնայի գրչին են պատկանում ամսագրի հոդվածների մեծ մասը, հիմնական վազվզոցն ու կազմակերպչական աշխատանքները: Խորագրերն ու առանցքային մասերը Տադոն անպայման քննարկում է Սոնայի հետ. շատ գաղափարներ պատկանում են նրան:
Մանուկ Նիգոյան: Չնայած, որ Մանուկը Սևակյան փառատոնի ու Ընթերցասերների Միավորման նախագահն է, բայց նրա լիազորությունները մեր ամսագրի վրա չեն տարածվում: Մենք հաշվի ենք առնում Մանուկի կարծիքը, մտքերը, առաջարկները` հարգելով նրան` որպես մարդ և ծրագրի նախաձեռնող, սակայն այստեղ նրա լիազորությունները ավարտվում են: Ամսագրում Մանուկը շարքային լրագրող է: Նրան է պատկանում «Ռենեսանս» էջի բացման գաղափարը:
Սամվել Մինասյան: Մեզ հետ է ամսագրի մանկությունից (կարելի է ասել, ամսագրի «քավորն է»): Մեր ակումբի հիմանդիրներից մեկն ու ամսագրի լավ ընկերներից է: Նրան է պատկանում պատմական էջի բացման գաղափարը, որի պատասխանատուն ու հիմնական լրագրողն է:
Ամսագրի խորագրերի մասին.
-Փնտրվում են... Էջի պատասխանատու. Սոնա Արսենյան Այս էջում կլնինեն հոդվածներ հայտնի և անհայտ գրողների ու կարդացողների մասին, ինչպես նաև թարմ, դեռ տաք նորությունները: Դրանք համեմված կլինեն ոչ միայն աղով ու բիբարով (հատկապես բիբարով), այլև ֆորումում քննարկված թեմաների ու նորությունների վերաբերյալ քոմենթներով (թարգմանված հայերեն): -Դոմինանտ Էջի պատասխանատու. Յան Քեշիշյան (Տադո) Այնքան էլ էջ չի: Այստեղ ներառվում են ամսագրի այն նյութերը, որոնք կազմում են մեծամասնություն և համապատասխանում են ինչ-որ դոմինանտ թեմայի:
-Վենդետտա. Էջի պատասխանատուն վերջերս զոհվեց, բոլորովին վերջերս Ռազմաճակատ է` բառի ամենախորը թաքնված իմաստով: Հարավ-արևմուտքում լայն տարածում է գտել Դոսոտևսկենց տոհմը` Գայ Ֆոքսի գլխավորությամբ: Գայը պատկանում է արական սեռին, ի մեծ ցավ վերջիններիս, դեռ ամուսնացած չի, չունի հետևորդներ, բայց ունի երկար սև մազեր ու գիտի այկիդո, թեքվանդո, կունգֆու ու էլի շատ վախենալու բառեր: Անկեղծորեն հավատում է, որ պատժին հետևում է հանցանքը: Ավելի հարավ-արևմուտք ավելի լայն տարածում է գտել Շեքսպիրյան տոհմը` Դոն Կիխոտ XXI-ի գլխավորությամբ: Դոնը նույնպես ամուսնացած չէ, ունի հետևորդներ ի դեմս Սամվելի, բայց չունի երկար սև մազեր ու չգիտի վախենալի բառեր, սակայն դրա փոխարեն գիտի ուրիշ բառեր: Վստահ է, որ ձեր մահվան պատմությունից ավելի տխուր պատմություն չկա: Իսկ հյուսիս-արևելքում ու ավելի հյուսիս-արևելքում ոչ-ոք տարածում չի գտել: Գայն ու Դոնը անդարդ մարդիկ են ու, ինչպես բոլոր անդարդ մարդիկ, ունեն մի մեծ դարդ - ստեղծել այդ դարդը: Իսկ դարդ ստեղծելու ամենակարճ միջոցը հարևանի հետ պատերազմելն է, ինչն էլ անում են Դոնն ու Գայը` մեր ամսագրի ռինգում:
-1000 ու 1 գիշեր Էջի պատասխանատու. Յան Քեշիշյան (Տադո) Տադոն մի ընկերուհի ունի` գեղաչյա (ու ոչ միայն «աչյա»)Հիկարու Հիմեն: Ասեմ, որ այս արտասովոր աղջիկը Շահրեզադե արքայադստեր մոտակա բարեկամներից մեկն է, իսկ ավելի կոնկրետ` տատիկի մորաքրոջ հաևանուհու աղջկա ընկերուհին (բայց Շահրեզադեն նախընտրում է, որ Հիկարուն իրեն կարճ ասի` տատիկի մորաքույր ջա~ն): Իր այս ազգականի պես Հիկարուն շատ հեքիաթներ գիտի: Տադոն մեծ ջանասիրությամբ թարգմանում է Հիկարուի` ճապոներեն մրթմրթած հեքիաթները «մարդկային լեզվով» ու հրատարակում մեր ամսագրում: Մենք չենք դավաճանի Հիկարուի տատիկի մորաքրոջը` Շահրեզադեին, ով երբեք չէր ավարտում սկսած հեքիաթը:
-Պատմությունն իմ աչքերով Էջի պատասխանատու. Մինասյան Սամվել Մեր լավ ընկերն ու պատմագետը` Սամվելը, տվյալ բաժնի լիակատար տերն ու տիրակալն է ու ազատ ստեղծագործում է պատմության վերաբերյալ:
-Ռենեսանս Էջի պատասխանատու. Մանուկ Նիգոյան Մենք՝ հավատարիմ մնալով «Ռենեսանսյան» սկզբունքներին, մեր հոդվածներում կցուցաբերենք անկեղծություն, հումանիստական աշխարհայացք և բոլոր այն պահանջները որոնց բավարարման շնորհիվ մենք կկարողանանք բացահայտել համաշխարհային մշակույթի և բոլոր ժամանակների հասարակությունների խոշորագույն այս ժամանակաշրջանն իր խոշորագույն դեմքերով: Կփորձենք բացահայտել այս ժամանակաշրջանի մշակույթի առեղծվածային գործիչներին:
-Քամելեոն Էջի պատասխանատու. Յան Քեշիշյան (Տադո) Ինչը չգիտեինք` ուր խցկել, խցկել ենք այստեղ (անկեղծությունը լավ բան է):
-Սևակյան փառատոն Էջի պատասխանատու. Արսենյան Սոնա Սևակի ու Սևակյան փառատոնի մասին:
-կոՄԻՔՍ Էջի պատասխանատու. Յան Քեշիշյան (Տադո), Արսենյան Սոնա Հայ ֆոտոշոփերների (ու ոչ միայն) աշխատանքները:
-MaxiBlog Էջի պատասխանատու. Յան Քեշիշյան (Տադո) Տարբեր բլոգերից հավաքած հետաքրքիր ստեղծագործություններ, մեջբերումներ:
-Նավթալին Էջի պատասխանատու. Արսենյան Սոնա Կան նյութեր, որոնք լավն են, պուպուշն են, հետաքրքիր են, բայց գրվել են Քրիստոսից առաջ, այսինքն՝ արդեն հնացել են: Հենց մեր նախաջրհեղեղյան ժառանգությունը պահպանելու համար է այս էջը՝ հնացած հոդվածների պահոցը:
-Լուսնի լույսի տակ Էջի պատասխանատու. Յան Քեշիշյան (Տադո) Շատ սրտաճմլիկ պատմությունները հատուկ ենք առանձնացրել, որ թույլ նյարդեր ունեցող մարդիկ իմանան ու չկարդան: Պարտադիր չէմ որ դրանք մաքուր ռոմանտիկա լինեն:
|