Ուրբաթ, 22.11.2024, 08:41
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » 2012 թվ. » Ապրիլ #01

Դժվար է Աստված լինել…
Դժվար է Աստված լինել…
(հատված Ստրուգացկի եղբայրների համանուն գրքից)

…Դուրսը շարունակվում էր ապստամբությունը, հրդեհ էր, աղմուկ, խառնաշփոթ… Իսկ այստեղ` մռայլ ամրոցում, զրուցում էին բժիշկ Բուդախը և ազնվազարմ դոն Ռումատան…

-Մարդու բնո՞ւյթը… - դանդաղ ասաց Բուդախը: - Մարդը մի զարմանալի հատկություն ունի` հարմարվել: Բնության մեջ չկա մի այնպիսի երևույթ, ինչին մարդը չկարողանար հարմարվել: Ո՛չ ձին, ո՛չ շունը, ո՛չ էլ մուկը այդպես չեն կարող: Երևի Աստված, երբ ստեղծում էր մարդուն, կռահել էր, ինչ տանջանքներ են սպասում նրան, դրա համար էլ Նա մարդուն տվեց համբերության մի մեծ պաշար: Դժվար է ասել` դա լա՞վ է, թե՞ վատ: Եթե մարդն այդ համբերությունը չունենար, բոլոր բարի մարդիկ վաղուց արդեն զոհ կգնային, և աշխարհում կմնային միայն չար ու անսիրտ մարդիկ: Մյուս կողմից, անընդհատ համբերելն ու հարմարվելը մարդուն դարձնում են անխոս, անասուն, որը կենդանիներից միայն մարմնի կառուցվածքով է տարբերվում: (Թերևս այդ պարագայում կենդանիներն ավելի կատարյալ են:) Եվ ամեն նոր օր կծներ չարիքի և բռնության նոր սարսափ…

-Երևի… հավանաբար, դուք իրավացի եք, պատվելի Բուդախ, - ասաց Ռումատան: - Բայց ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք դուք` գիտուն մարդիկ, հոգու ծառաներն ու գերագույն գիտելիքի պահապանները, այդքան խեղճ: Ինչո՞ւ եք դուք անտրտունջ թողնում, որ ձեզ արհամարհեն, բանտ նետեն, այրեն խարույկների վրա: Ձեր կյանքի իմաստը գիտելիքն է, բայց ինչո՞ւ այդ գիտելիքը զենք չի դառնում չարի դեմ պայքարում:

-Դուք տարօրինակ հարցեր եք տալիս, դոն Ռումատա, - մտախոհ ասաց Բուդախը: - Չարի դեմ պայքար: Բայց ի՞նչ է «չար»: Յուրաքանչյուրն այդ յուրովի է հասկանում: Մեզ` գիտնականներիս համար չարը տգիտությունն է, բայց եկեղեցին քարոզում է, որ տգիտությունը երանություն է, իսկ գիտելիքը` չարիք: Ստրուկների համար չարիք է հարբած, դաժան տերը, իսկ արհեստավորի համար` ժլատ վաշխառուն: Ուրեմն ո՞րն է «չարը», որի դեմ պետք է պայքարել: Հը՞, դոն Ռումատա: - Բուդախը տխուր նայեց զրուցակցին: - Չարն անհաղթ է: Ոչ ոք չի կարող անգամ պակասեցնել նրա քանակն աշխարհում: Մարդը կարող է բարելավել իր սեփական ճակատագիրը, բայց միշտ ուրիշների ճակատագրի հաշվին: Եվ միշտ էլ կլինեն քիչ թե շատ դաժան տիրակալներ, և միշտ էլ կլինի տգետ ժողովուրդ, որ հիանալու է իր բռնակալներով և ատելու է ազատողին: Չէ՞ որ ստրուկը շատ ավելի լավ է հասկանում իր` նույնիսկ ամենադաժան տիրոջը, քան փրկչին: Գիտե՞ք` ինչու: Որովհետև ցանկացած ստրուկ շատ լավ է պատկերացնում իրեն տիրոջ փոխարեն, բայց քչերը կկարողանան պատկերացնել իրենց անշահ ազատողի դերում: Այսպիսին են մարդիկ, դոն Ռումատա, և այսպիսին է մեր աշխարհը:

-Աշխարհն անընդհատ փոխվում է, բժիշկ, - ասաց Ռումատան: - Չէ՞ որ մի ժամանակ չկային թագավորներ…

-Աշխարհը չի կարող հավերժ փոխվել, - հակառակվեց Բուդախը, - որովհետև ոչինչ հավերժ չէ, նույնիսկ փոփոխությունները… Մենք չգիտենք կատարելության օրենքները, բայց վաղ թե ուշ կհասնենք կատարելության: Վերցնենք, օրինակ, մեր հասարակությունը: Մի՞թե դուք չեք տեսնում, ինչ կատարյալ է մեր համակարգը: Ներքևում գյուղացիներն ու արհեստավորներն են, նրանց վերևում` ազնվականները, հետո` հոգևորականները, և վերջապես` թագավորը: Ինչպիսի ներդաշնակություն, ինչպիսի կարգ ու կանոն: Էլ ի՞նչ կարելի է փոխել այս ադամանդում, որը մշակել է երկնային ոսկերիչը: Պարկից թափված ցորենը հավասար շերտ չի ստեղծում, այլ ընկնելով դառնում է բուրգ: Ամեն հատիկ կառչում է մյուսից, որ ներքև չընկնի: Այդպես էլ մարդկությունը:

-Մի՞թե դուք իսկապես այս աշխարհը կատարյալ եք համարում, - զարմացավ Ռումատան:

-Իհարկե ոչ, իմ բարի ընկեր, ես էլ շատ բան չեմ ընդունում այս աշխարհում: Բայց ի՞նչ արած… Երևի երկնքում այլ բան է որոշված…

-Իսկ ի՞նչ, եթե հնարավոր լիներ փոխել ճակատագիրը:

-Դա կարող են անել միայն երկնքում:

-Ուրեմն պատկերացրեք, որ դուք Աստվածն եք…

Բուդախը ծիծաղեց:

-Որդիս, եթե ես կարողանայի պատկերացնել այդ, ես իրոք աստված կլինեի:

-Լավ, իսկ եթե դուք կարողանայիք խորհուրդ տալ Աստծուն:

-Երանի ձեր երևակայությանը, - ժպտաց Բուդախը: - Լավ: Ես կասեի ամենակարողին. «Արարի՛չ, ես չգիտեմ քո ծրագրերը: Գուցե դու չես կամենում մարդկանց բարի ու երջանիկ դարձնել: Կամեցիր այդ: Այնքան հեշտ է հասնել դրան: Պարզապես տուր այդ մարդկանց հաց, միս և գինի, տուր նրանց հագուստ և օթևան: Թող անհետանան սովն ու կարիքը և այն ամենը, ինչ բաժանում է մարդկանց»:

-Ու վե՞րջ, - հարցրեց Ռումատան:

-Ձեր կարծիքով դա քի՞չ է:

Ռումատան օրորեց գլուխը.

-Աստված կպատասխաներ ձեզ. «Դա չի օգնի մարդկանց: Քանզի ձեր աշխարհի ուժեղները թույլերից կխլեին այն, ինչ ես տվել էի նրանց, և թույլերը դարձյալ դժբախտ կմնան»:

-Ես կխնդրեի Աստծուն պահպանել թույլերին: «Պատվիրի դաժան տիրակալներին, որ մոռանան դաժանությունը», - կասեի ես:

-Դաժանությունը ուժ է: Մոռանալով դաժանությունը` տիրակալները կկորցնեն իրենց ուժը, և այլ դաժաններ կփոխարինեն նրանց:

Բուդախն այլևս չէր ժպտում:



-Պատժիր դաժաններին, - խիստ ձայնով ասաց նա, - որ ուժեղները չճնշեն թույլերին:

-Մարդը թույլ է ծնվում: Նա ուժեղ է դառնում, երբ շուրջը իրենից ուժեղներ չկան: Երբ դաժան ուժեղները պատժվեն, նրանց տեղը կանցնեն ուժեղները թույլերից: Նույնպես դաժան: Այդպես ես ստիպված կլինեմ պատժել բոլորին, իսկ ես չեմ ուզում այդ:

-Դե, ուրեմն այնպես արա, որ մարդիկ ամեն ինչ ստանան ու չխլեն իրարից այն, ինչ դու շնորհեցիր:

-Ոչ… - հառաչեց Ռումատան: - Երբ մարդիկ, առանց աշխատելու, իմ ձեռքից ստանան ամեն ինչ, նրանք կմոռանան աշխատանքը, կկորցնեն կյանքի համը և իմ տնային կենդանիները կդառնան, որոնց ես ստիպված կլինեմ հավերժ հագցնել ու կերակրել:

-Միանգամից ամեն ինչ մի տուր, - գոչեց Բուդախը: - Տուր քիչ-քիչ, կամաց-կամաց, աստիճանաբար:

-Աստիճանաբար մարդիկ իրենք էլ կվերցնեն այն ամենը, ինչ նրանց պետք է:

Բուդախը շփոթված ծիծաղեց:

-Ինչպես տեսնում եմ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ… Բայց կա ևս մի հնար: Նա առաջ եկավ,-Այնպես արա, որ մարդիկ ամենից շատ սիրեն աշխատանքն ու գիտելիքը: Որ գիտելիքն ու աշխատանքը նրանց կյանքի միակ իմաստը լինեն:

-Ես կարող եմ այդպես անել, - ասաց Ռումատան: - Բայց արժե՞ արդյոք զրկել մարդկությանը իր պատմությունից: Արժե՞ արդյոք մի մարդկությունը փոխարինել մյուսով: Չի՞ նշանակի այդ ջնջել մի մարդկություն և նրա փոխարեն ստեղծել մեկ ուրիշը:

Բուդախը լռեց: Ռումատան սպասում էր:

Վերջապես Բուդախը շշնջաց.

-Ուրեմն, Աստված իմ, ջնջիր մեզ և ստեղծիր ավելի կատարյալ… կամ էլ… Ավելի լավ է, թող մեզ և թույլ տուր, որ ինքներս շարունակենք մեր ճանապարհը:

-Ես… ես խղճում եմ ձեզ… - դանդաղ ասաց Ռումատան: - Ես չեմ կարող այդպես վարվել…

Թարգմանեց Սոնա Արսենյանը
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
Դիտվել է 736 անգամ| |Վարկանիշ` 5.0/4
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Ապրիլ #01 [23]
Մեր ամսագրի անդրանիկ համարը` Ապրիլ 2012, կամ #Ապրիլ 01, կամ ուղղակի Ապրիլ :)
Մայիս #02 [23]
Մեր ամսագրի երկրորդ համարը` Մայիսը
Հունիս #03 [14]
Հուլիս #04 [23]
Օգոստոս #05 [23]
Սեպտեմբեր #06 [23]
Reading Hall [5]
Հայաստանի պատանի ընթերցասերների միավորման կողմից իրականացված գրքի երևանյան տոն:
Հոկտեմբեր #07 [22]
Նոյեմբեր #08 [16]
Դեկտեմբեր #09 [23]
Ապոկալիպսիս [5]
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Գնահատիր ամսագիրը
պատասխանել է 74 մարդ
Առաջարկում ենք'