Հոդվածներ
Աթեիստը, Նարոն ու Աճպարարը
Աթեիստը, Նարոն ու Աճպարարը
Անցյալ տարի էր, որ «Ռոտոնդա»-ի ընկերներիս հետ մեկնեցի սահմանային Հայկաձոր գյուղ` ներկայացում խաղալու: Նարոն էինք խաղում, մեր այդքան սիրելի ու ծեծված Նարոն:
Առհասարակ «Նարո»-ն լավ, շատ լավ ներկայացում է: «Նարո»-ն էր, որ խաղացինք Մուրացանի հիվանդանոցի ու Հայկաձորի երեխաների համար: «Նարո»-ն էր, որ մինչև հիմա հիշում եմ ու չեմ մոռանում Ջուլիտ Մատինյանի շփոթված հորթուկին, որ ընկեր Մարինեի միջոցով դարձավ «ես»: Ես պիտի խաղայի Նարոյին, անկախ նրանից, որ այդ դեպքում երկու տղա-թիթեռնիկ էինք ունենում: Բայց հիմա խոսքը Նարոյի մասին չէ:
Հիմա խոսքը չեզոք գոտու եկեղեցու մասին է: Լավ եկեղեցի էր: Նարոյի նման` շփոթված ու իր թիթեռներին փնտրող: Թիթեռները մի օրվա կյանք ունեն, ու Նարոն դեռ չգիտի, որ այս թիթեռը բոլորովին էլ այն թիթեռը չէ: Որ այս օրվա ու այն օրվա մեջ հսկայական տարբերություն կա: Եկեղեցին մեզ էր ուզում: Մեզ` ինձ ու Սոնային, աթեիստներին: Գիտեմ, որ հիմարություն եմ դուրս տալիս, բայց ես հավատում եմ դրան: Մենք այն թիթեռներ էինք, որ շատ նման էինք նախորդ օրերի թիթեռներին ու եկեղեցին դեռ չէր հասկանում, որ այս օրվա ու այն օրվա մեջ հսկայական տարբերություն կա:
Մեզ հետ աճպարար Վարդան Ամիրյանն էր` «Լեոններ» բարեգործական միության անդամը: Նա էլ էր եկել Հայկաձոր` անվճար ներկայացում տալու: Մի քանի տարվա «թատերական» ստաժ ունեմ ու չեմ պատկերացնում, ոնց են վճարովի ներկայացումներ խաղում: Պաթոս չի, անկեղծորեն չեմ պատկերացնում: Բայց խոսքը իմ պատկերացնել-չպատկերացնելու մասին չէ:
Հայկաձորի երեխաները ծիծաղում էին ու խնդրում էին պարոն Ամիրյանին ֆոկուս անի ու մեզ եկեղեցուց անջատող դուռը բացի: Նա ժպտում էր ու ցածր ձայնով ասում.
-Բացելը բացեմ, էրեխեք ջան, բայց հետո մեզ կտանեն:
Սպասում էի, որ ինչ-որ մեկը կհարցնի «ուր», բայց ոչ մեկ չհարցրեց: Բոլորն էլ գիտեն, թե ուր են տանելու: Եկեղեցին սահմանի մոտ էր գտնվում ու առանց ռուս մաչալնիկի մեզ այնտեղ չէին թողնի:
Վաղուց է պետք քրեական օրենսգրքում հայրենասիրության մասին հոդված մտցնել:
Իսկ եկեղեցին հեռվում սպասում էր նախորդ օրվա թիթեռին, որ արդեն, երևի, գտել էր իր լույսը ու էլ հետ չէր գալու:
Մի տարի անցավ: Չնայած, որ շարունակում եմ աթեիստ մնալ, բայց չեմ մոռացել Հայկաձորի եկեղեցին:
Խոսում եմ Վարդան Ամիրյանի հետ, հարցազրույց եմ վերցնում: Չեմ կարող չհիշել այս դեպքերը:
-Եկեղեցիները պատահական տեղում չեն կառուցվում: Այդ վայրերը հատուկ էներգետիկ դաշտ ունեն, դա կապված է տիեզերքի ու մեր երկրագնդի մագնիսական դաշտի հետ:
Հաճախ են, չէ, աղաղակում սրա մասին: Ես էլ եմ լսել, որ ոչինչ պատահական չի: Ու չէի հավատում: Բայց պարոն Ամիրյանը, Հայկաձորի չեզոք եկեղեցին ու իմ փոքր-ինչ խախտված աթեիզմը, ստիպում են վերանայել ամեն ինչ, իսկ պարոն Ամիրյանը շարունակում է.
-Գիտես, երբ մոտենում էինք եկեղեցուն, ես տեսնում էի բոլոր Զատիկները, որ տոնել են այնտեղ, լսում էի բոլոր ձայները, որ լսել է եկեղեցին, զգում էի նրա պատմությունը:
Հավատում եմ: Անկեղծ հավատում եմ, չնայած որ կախարդներին ու էքստրասենսներին սիրում եմ միայն Տոլկինի ու Յեմեցի էջերում:
Գուցե իրոք ոչինչ պատահական չի: Պատահական չի, որ տարիներ առաջ, Վարդան Ամիրյանը` այդ ժամանակ դեռ բեմի հսկիչ երաժիշտը, կուլիսներից հետևելով Հարություն Հակոբյանին, նրա խորհրդով դարձավ աճպարար ու մի տարի առաջ մեր հետ գնում էր դեպի չեզոք գոտու եկեղեցին:
Լուսինե Քեշիշյան Աճպարարի մասին` առանձին
|
Բաժին` Ապրիլ #01 | Ավելացրեց` Tado-sempai | Հեղինակ`
|
Դիտվել է 634 անգամ|
|Վարկանիշ` 5.0/2 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|