Հոդվածներ
Սպասում
Ինչ ազատ է օդը ջրհեղեղից առաջ, ինչ թեթև է օդը ջրհեղեղից առաջ. հատկապես այն մտքից, որ հիմա ինչ-որ տեղ իր առաքելությանը հավատարիմ մի Նոյ աշխարհը փրկելու պատրաստություն է տեսնում, և նրա ճակատագրական ցուցակներում դու չկաս` ինքնաոչնչացման ակնհայտ վարքագծով պոետոզավր: Նախաջրհեղեղյան խոնավ մթան մեջ թախիծը աղվամազոտ տառապյալներ է որսում, քրտնած լուսամուտների հետևում ժամսլաքի ուղղությամբ անշտապ մերսում սկսնակ պոետների քունքերը` նրանց ականջներին տաքուկ փսփսալով «Սեր» բառի բազմակի հոլովումներով սրտաճմլիկ բաներ: (Խուճապի մատնվելն այնքան հեշտ է- մենք բոլորս այնքան վաղուց ենք սպասում, որ արդեն մոռացել ենք` ինչի): Մանուկ հասակում մարդկությանն այցելած աշխարհի վերջի մասին սարսափելի երազները դեռևս շարունակում են «բօ» անել ամեն հարմար առիթով, ամեն անձրևից առաջ… էհհ… ջրհեղեղի վախից մեզ միայն ջրհեղեղը կփրկի, որն ուշանում է: Օրվա գյուտը. մեդիտացիայի համար ամենահարմար տեղը ատամնաբույժի աթոռն է: Անձրևի տակ մոռացված թվանոց դագաղի կափարիչը անջրաթափանց է ու մեծամիտ: Աղբահանության ոլորտում զբաղված մեկը մթան մեջ դատարկ շշերը ձայնով տարբերելուց մասնագիտական բերկրանք է ապրում: Մարդավարի հղի մի Աստղիկ հաշվարկում է, որ այսքան թրջվելուց հետո հաստատ ջրհոս է ծնվելու: Բազմահազար պատշգամբներում գլխիվայր թառած չղջիկները դանդաղ սկսում են ամանորյա բաստուրմայով լցնել Սուրբ Ծննդյան անցուդարձն ու այս անգամ էլ, ինքնասպանությունների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, ջրհեղեղը հետաձգվում է անորոշ ժամանակով: Սպասո´ւմ ենք:
|
Բաժին` Ապոկալիպսիս | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 673 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|