Հոդվածներ
Հե՜յ, Նոյ
-Դե բավական է, - նեղսրտեց երկինքն ու թքեց Երկրի վրա: Տեղաց մի երկու ժամանոց անձրև: Մի տարափ զայրույթ, նախատինք ու թուքումուր տեղաց: Մարդիկ փախեփախ եղան, փորձեցին պատսպարվել ու գլուխները փախցնել: Մի քանի րոպեում փողոցը դատարկվեց. <<Լա՛վ, երևի այս անգամ հասկացան>>, - մտածեց երկինքը, քաշեց իր ծիածանի վարագույրը՝ որպես հաշտության դրոշակ, ու փակվեց իր մեջ: Չանցած որոշ ժամանակ՝ այս ու այնտեղ գլուխներ ծիկրակեցին թաքստոցներից: Մարմնավաճառը պայուսակն ուսին գցած՝ սկսեց ճեմել իր բաժին տարածքում: Նրան մոտեցավ ոստիկանը, պահանջեց իր բաժինը: Սակարկեցին. կինը փող պարտք մնաց: Մի կերպ բարիշեցին, որոշեցին, որ կինը մարմնով կվճարի: Հետո գողը երթուղային տաքսում չքմեղ ժպիտով առաջարկեց պահել կնոջ պայուսակը. ծանր է, չէ՞. վերջապես կին է իր առջև կանգնած, պետք է օգնել կանանց, մանավանդ երևում է՝ աշխատող կին է: Ու մինչ աշխատող կինը ցրված հայացքով մի կերպ տեղավորեց իր հոգնածությունը մեկ ուրիշ ուղևորի նստատեղի մեկ երրորդին, <<մեծահոգին>> սահուն դուրս սողոսկեց երթուղայինի դռնից՝ կնոջն ի սպառ ազատելով պայուսակի ծանրությունից... Մի ուրիշ տեղ շաղված աչքերով թմրամոլը հարձակվեց մոր վրա, այնքան քաշքշեց, որ քիչ մնաց խեղդամահ աներ: Հետո հաջողացրեց մոր վզից պոկել ոսկե շղթան Հիսուսի պատկերով, հրեց նրան հատակին ու փախավ դուրս... Երկինքը տեսավ այս ամենը, նոթերը կիտեց, մռայլվեց, հետո չդիմացավ, պոռթկաց՝ դե հերի՛ք եղավ, ու մի հինգ ժամանոց լուտանք թափեց վերևից: Բայց ո՞վ էր լսում: Հիմա ո՞վ է բարոյախրատական նախատինքին ականջ դնում, մանավանդ, երբ դա վերևներից է... Իսկ մարդիկ ցածում գտան ձևը. ազատեցին իրենց չոր գլուխները պաշտպանիչ հովանոցով ու անհաղորդ վերևներին՝ իներցիայով շարունակեցին իրենց անելիքները ցածում: Պե՞տք էր ինչ-որ ձևով գլուխը պահել... <<Լա՛վ, - մթնեց երկինքը, - ուրեմն դուք բանի տեղ չե՛ք դնում իմ ասածները, այլևս չե՛ք վախենում իմ պատժից, մոռացե՞լ եք, հա՞ այն հինը, որից հետո երկար ժամանակ ձեզ մարդավայել էիք պահում>>... Բազում նախազգուշացումներից հետո, որոնց, միևնույն է, մարդիկ ականջ չէին դնում, երկինքը որոշեց նորից կիրառել իր արդեն վաղուց փորձված մեթոդը՝ Ջրհեղեղը: Իր տնօրինության տակ գտնվող օվկիանոսների ու ծովերի մակարդակն էլ (համբերության) այլևս ափեափ լցված էր և պատրաստ՝ ծայրեծայր լվանալու կեղտոտված Երկիրը... Ամեն բան արդեն պատրաստ էր. մնում էր լոկ մեկ կարևոր հարց լուծել՝ Նոյի հարցը: Նրան էլ պետք է որոշ ցուցումներ տալ, հետո նոր միայն սկսել գործը: Այսուայն կողմ նայեց, սակայն Նոյը չերևաց ոչ մի տեղ: Երկինքը պրպտեց աշխարհի չորս դին, տեսավ բյուր Նորեր, Նորոներ, Նոբելներ, բազում այլ խաղաղասեր ինքնակոչեր, բայց Նոյին չգտավ... Հին պատժամիջոցը պատրաստ, սակայն չկար Նոյը՝ միակ երկնահաճո գոյությունը Երկրի երեսին... Երկինքը մի պահ կարկամեց՝ ինչպե՞ս վարվել, հո չէ՞ր թողնելու լվացված, նոր Երկիրն առանց մարդու: Այնժամ որոշեց գոնե Նոյի նման մեկ ուրիշին վերցնել, բայց ոչ էլ Նոյանման որևէ մեկին գտավ: Ա՛յ քեզ փորձանք, ի՞նչ է, վերացա՞վ Նոյի տեսակը Երկրի երեսից... Երկինքը խեղճացավ, բարակեց ու մի կուշտ լաց եղավ Երկրի վրա, Երկրի համար: Հետո ապսպրեց Երկրի ողջ գնդով մեկ. -Հե՜յ, Նո՛յ, հենց գաս, ամեն ինչ նորից ենք սկսելու, ավելի լավ է լինելու, քան նախորդ անգամ, քեզ ու քո սերունդներին հրաշալի ապագա է սպասվում, միայն թե արի՛ դու, հե՜յ, Նո՛յ...
Արմենուհի Սիսյան
|
Բաժին` Ապոկալիպսիս | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 699 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|