Երկուշաբթի, 20.11.2017, 18:43
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » «Մեր խոսքը» մրցույթ » 8-րդ մրցույթ

Վարդուհի Բադալյան: Անդունդ: 1-ին հորիզոնական
Ես նայում եմ անդունդին, անդունդն` ինձ: Զգում եմ սառը, խավար հայացքը, փշաքաղվում: Անդունդը խորն է, խորհրդավոր: Ոմանք այս անդունդը տիեզերք են կոչում: Բայց թե սա տիեզերքն է, որտե՞ղ են աստղերը: Իսկ գուցե՞ սա վերջն է, գուցե՞ այստեղ ավարտվում է սահմանը, նյութը սպառվում է և սկսվում է դատարկությունը` սև ու խոր, սկսվում է անդունդը: Որքա՜ն իրական է զգացածս:
Տիեզերանավը լուռ սահում է անդունդի միջով: Ուսի վրայով նայում եմ ետ` ընկերներիս ուղղությամբ: Նրանք տիեզերքում, թերևս, ավելի շատ են եղել, քան երկրի վրա, բայց էլի գունատ են:
Ինչու՞ են նրանք վախենում:
Սկսում եմ կռահել, որ դեռ երբեք նրանք նման երևույթի ականատես չեն եղել: Հնարավոր էլ չէր թռչել աստղազարդ տիեզերքով, և ահա քեզ դատարկություն: Ինձ միշտ թվում էր, թե դատարկությունը սպիտակ է ու լուսավոր, բայց, փաստորեն, այն սև է` ամենախավար քարանձավից էլ սև, ամենաականակիր գիշերից էլ մռայլ:
Շարունակում եմ նայել տիեզերանավի անձնակազմին:
Բժիշկը, պարզ է, պետք է վախենա, նա առանց այս խավարի էլ էր վախենում տիեզերքից, թռչելուց… Նավապետին եմ նայում: Գոնե նա չպետք է վախենար. կոփված մարդ է, բայց մոխրագույն աչքերի երբեմնի վստահ հայացքն այժմ սարսափած է: Մեր անձնակազմի տեխնիկական պատասխանատուն էլ իր սարքերին նայելուց է վախենում. նավի բոլոր սարքավորումները մեռյալ անշարժության մեջ են` ոչինչ ցույց չեն տալիս:
«Լա՜վ է». մտածում եմ: Բոլորը խուճապի մեջ են, երկարատև թռիչքն, առանց այդ էլ, լարվածություն էր առաջացրել` արդեն ատելությամբ էինք իրար նայում: Հարկավոր է մի փոքրիկ առիթ, և նյարդերը տեղի կտան: Լա՜վ է:
- Մենք հասանք աշխարհի վերջին, - ասում եմ ու ձայնս, բնականաբար, դողում է, ես էլ եմ դողում, անգամ մեր տիեզերանավը, այն էլ է դողում: Չէ-որ հասել ենք աշխարհի վերջին:
- Հիմարություն, - ասում է կապիտանը:
- Ոչ մի հիմարություն էլ չկա, սա ՍԱՀՄԱՆՆ է:
Բժիշկը խուճապահար նայում է անհասկանալի, սև անհունությանը: Նա սիրում է կյանքը, նա վախենում է մահվան թագավորությունից: Մոտենում ու ձեռքս դնում եմ ուսին:
- Սա վերջն է, - շշուկը պաղ է, մածուցիկ, թունոտ:
- Չէ, Արե՛ն, սա վերջը չէ, աշխարհը դեռ գոյություն ունի, դեռ երկար կապրի, - նյարդային վրա է բերում մեր բժիշկը` Չեզարե Մեդիչին:
- Սա ժամանակի վերջը չէ, այլ տարածության, - ասում եմ ես:
- Եթե չափումներից մեկը չկա, նշանակում է մյուսները ևս գոյություն չունեն, - փիլիսոփայում է Դեվիդ Սիմսոնը` սարսափած հայացքն իր սարքերին:
Առաջին անգամ թռիչքի երեք ամիսների ընթացքում իբր-թե հունից դուրս եմ գալիս: Կողքից էլ այդ անհայտ, անանուն, անսովոր դատարկությունը: Ժամանակն է Դեյվին հասկացնելու` ով ով է:
- Լռի՛ր, Դե՛յվ, դատարկաբանում ես:
- Ինքդ լռի՛ր, քեզ բոլորից խելոքի տեղն ես դրել: Ոչ մեկս էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց մյուսներին էլ չենք վախեցնում:
- Ասում եմ, սա վերջն է, հասել ենք տիեզերքի սահմանին: Վերջ` վյուն , եչ, րա, ջե:
- Ոչ մի սահման էլ չկա, հնարավոր է, մեզ ձգում է սև խոռոչը, - միջամտում է բժիշկը:
- Խե՜ղճ մենք, գերադասում ենք սև խոռոչի բերանն ընկնել, միայն թե ոչ ինչ-որ անհայտ, անբացատրելի դատարկություն, - մրթմրթում է Դեյվը:
- Սև խոռոչ չէ, դա հաստատ, - ասում է կապիտան Թեոդոր Թոլքինը:
- Լավ, Թեդ, իսկ ի՞նչ է, - նրա վրա է իր խոշոր, կանաչավուն աչքերը հառում Չեզարեն:
- Չգիտեմ, բայց ամեն ինչ էլ իր բացատրությունն ունի: Թե հանգստանանք, սրա բացատրությունն էլ կգտնենք:
- Սա մի բացատրություն ունի` վերջ, աշխարհի վերջը, - նյարդային վրա եմ բերում ես:
- Եթե բախտ վիճակվի երկիր վերադառնալ, - բորբոքվում է Դեյվը, - այդ դոկտոր-պրոֆեսորի գլուխը կջարդեմ: Երբ քեզ ուղարկում էր մեզ հետ, ասում էր` լավագույն հոգեբանն ես: Այնինչ, առաջին կարգի պանիկիստ ես:
- Ի՞նչ: Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
- Ներմուծված բառ է, նշանակում է խուճախպի մեջ ընկնող, - իր խելքով` բացատրում է Չեզարեն, - ու, գիտես ինչ, Դեյվը ճիշտ է, պանիկիստ ես:
- Ես նման պարագայում մեկ այլ ներմուծված բառ կօգտագործեի` պրովոկատոր, - ասում է կապիտանը:
- Թե՜դ, դու էլ ես, ուրեմն, իմ դե՞մ, - բորբոքվեցի ես:
- Ես, երևի, միակ մարդն եմ այստեղ, որ առայժմ քո կողմից եմ, բայց դեմ եմ աշխարհի վերջի մասին քո այդ անհեթեթ, սադրիչ տեսությանը:
- Բայց չէ՞ր կարող, չէ, տիեզերքը մի ակնթարթում վերցնել ու չքանալ: Գուցե և, ճիշտ, աշխարհի վերջն է, - հանկարծ իմ տեության հետևորդը դարձավ Չեզարեն:
- Վերջի՜ն մարդիկ, - հեգնանքով ծոր տվեց Դեյվը:
Դեյվի այդ բառերից հետո նավապետի հայացքում սարսափի, ատելության, լքվածության, մենակության խառնուրդ հանդիսացող ինձ անհայտ մի զագացողության քաոս բռնկվեց: Նա անսպասելի այնպիսի հզոր հարվածով Դեյվին գետին տապալեց, որ խեղճի բերանից կարմիր շատրվան ժայթքեց: Բժիշկն անգամ չօգնեց. քարացած նայում էր սևին:
Ես էլ Դեյվին օգնելու ցանկություն չունեի: Առանց իմ օգնության էլ կապրեր: Զգուշավոր հեռվորության վրա մերթ ուղեկիցներիս էի նայում, մերթ տիեզերանավի աղոտ լույսին, մերթ սևին:
Նավապետն ու բժիշկն անհեթեթ վեճ էին սկսել:
- Օգնի՛ր նրան, - գոռում էր նավապետը:
- Դու ես քիթն ու մռութը ջարդել, դու էլ օգնիր:
- Բժիշկը դու ես:
- Ես եմ, բայց ես առաջադրանքը կատարելիս առաջացած վնասվածքներն եմ բուժում, իսկ նա արնահոսում է ծեծկռտուքի պատճառով:
- Օգնի՛ր, հիմար:
- Ինքդ ես հիմարը, քեզ զսպել չգիտես:
- Նա Տիեզերական ակադեմիայում ինքնատիրապետման հատուկ պատրաստություն է անցել, - միջամտում եմ ես:
- Էլ ինչի՞ն է հատուկ պատրաստությունը, եթե կատաղում ու մարդկանց վրա է հարձակվում: Ոչ մի բան էլ դրանց չեն սովորեցնում: Դեբիլանոց է ու ոչ թե Տիեզերական ակադեմիա:
Բժիշկը Թեդի թույլ տեղին կպավ, կյանքի գնով էլ լիներ, կապիտանը կպաշտպաներ իր ակադեմիայի պատիվը:
- Ձեզ պես անասունները բառերը չեն հասկանում, դրա համար էլ հագցնում եմ:
- Հա՞: Դե հագցրու՛, տեսնեմ:
Շուտով նրանց լեզվակռիվը վերաճեց բռնցքամարտի: Այդ պահին կատարվեց այն, ինչը կռահել չէի կարող: Մի դիպուկ հարվածով բժիշկը գետին տապալեց երեք, թե չորս մարտարվեստի տիրապետող նավապետին: Դեյվը պառկած տեղից սկսեց քրքջալ: Նավապետը վեր թռավ, ոտքով հարվածեց Դեյվին ու բժշկի վրա գրոհեց` նրան իր ծանրությամբ ճզմելով:
- Վե՛րջ, - գոռացի ես:
- Չէ, սա վերջը չէ, աշխարհը դեռ կա, - Դեյվի ծիծաղը զսպված հեծկլտոցի փոխվեց:
- Իհարկե, աշխարհը դեռ կա: Իսկ հիմա բոլորդ վերջ տվեք ու ինձ լսեք:
- Հիմա ի՞նչ, - մռնչաց նավապետը:

Խավարը չքացավ, մենք հայտնվեցինք սովորական, միջին չափսի, լուսավոր սենյակում` դեմ դիմաց նստած: Հարյուրտասներկուերորդ հարկում էինք, երկիրը չէր երևում, բայց երկինքը երևում էր ու այն կապույտ էր, ոչ թե սև` առանց աստղերի, այլ կապու՜յտ: Երևում էր մեր հին, բարի արևը:
- Կարող եք հանել էմոգրաֆը, -ասացի:
Տղաները շփոթված էին: Ես շատ բան ունեի բացատրելու: Նախ պետք է ասեի, որ մեր թռիչքը երեք ամսվա փոխարեն երեք րոպեից էլ քիչ է տևել: Էմոգրաֆը, կամ ինչպես ծերուկներն են սիրում ասել` հուզագիրը, երկու գործառույթ ունի. նախ, այն ուղեղին ազդակներ է ուղարկում ու ցանկացած մտացածին իրավիճակ իրական է թվում, հետո այն գրանցում է տվյալ իրադրությունում անձի հոգեկան վիճակը, կողմնորոշվելու արագությունը, ինքնատիրապետումը, գիտելիքների պրակտիկ կիրառումը և այլն:
Էմոգրաֆն օգտագործելիս հոգեբանի մասնակցությունը պարտադիր է: Հոգեբանը միակ մարդն է, ով գիտի կատարվածի անիրական լինելը, վերահսկում է իրավիճակն ու բարդությունների դեպքում սարքն անջատում: Հոգեբանը, բացի այդ, միայն սարքի ստեղծած իրավիճակով կարող է չբավարարվել ու ինքն էլ, անհրաժեշտության դեպքում, մասամբ ուղղորդում է մասնակիցների վարքագիծը:
Մեր փորձարկման մասնակիցները Թեդը, Չեզան ու Դեյվն էին, հոգեբանն, արդեն պարզ է, որ ինքս:
Ես պարզապես ստիպված էի սադրանքների դիմել, քանի որ էմոգրաֆի առաջադրանքը միջին բարդության էր, իսկ այն առաջադրանքը, որով տղաները թռչելու էին` կյանքի ու մահվան հարց:
Այս ամենը տղաներին բացատրեցի:
- Դուք տապալեցիք առաջադրանքը, - հանդիսավոր հայտարարեցի ես, - անգամ կապիտանը, որ նկատում էր իմ գործողություններում թաքցրած սադրանքը, դրան զոհ գնաց: Դուք լավագույնն էիք, բայց դուք առաջադրանքը տապալեցիք: Հանձնախումբը, երբ ծանոթանա էմոգրաֆի ցուցումներին, ձեզ թռչելու թույլտվություն չի տա: Այդ դեպքում ոչ մի նավ չի թռչի այդ անիծյալ նվաճողներին ընդառաջ, և կմնա միայն մի աննշան հույս, որ նրանք մեր արեգակնային համկարգը կշրջանցեն:
- Չեն շրջանցի, - նյարդային վրա բերեց Դեյվը:
- Ուրեմն, մեր բարձր հուզականության պատճառով երկիրը դատապարտվա՞ծ է, - թերհավատորեն ինձ նայեց Չեզան:
- Այդպես չպիտի լիներ, այդպես չի լինում: Մի՞թե, իրոք, ելք չկա, - հարցրեց մռայլադեմ Թեդը:
- Ելք կա, - հուսադրեցի ես: - Տղաներ, եթե հրաշք տեղի ունենա. հանձնախումբը դրական պատասխան տա, կկարողանա՞ք թռիչքի ժամանակ ձեզ տիրապետել, երաշխվորու՞մ եք, որ ինչ էլ կատարվի, նման պատահար թռիչքի ժամանակ չի լինի, - հարցրեցի` հերթով նրանց նայելով:
- Այո, դե գիտես:
- Միանշանակ:
- Ճիշտ այդպես:
Ամեն ինչ կարծես կորած չէր: Խավարից դուրս էր լողում հույսի շողը: Ուրեմն լավ կլինի:
- Նորից հագեք էմոգրաֆներն ու թույլ մի տվեք պատրանքը ձեր բանականությանը հաղթի: Լիովին տիրապետեք հույզերին, իմ սադրիչ գործողություններին ուշադրություն մի դարձրեք: Նախկին ցուցմունքներն արդեն ջնջեցի, նորերը ձեզանից են կախված:
- Այս անգամ կստացվի, - ասաց Թեդը:
- Դուք լավագույններն եք, միայն դուք եք, որ թիմ եք: Ես դա զգում եմ, գիտականորեն հիմնավորել չեմ կարող, բաց գիտեմ, - ստեցի ես` այլընտրանք չտեսնելով:

Հանձնախումբը դրական եզրակացություն տվեց: Բայց կասկածներ կային, որ տղաները չափազանց հուզական բնավորություն ունեն ու ամեն ինչ փչացնելու բացառիկ տաղանդ: Առանձին - առանձին նրանք հոյակապ կադրեր էին, բայց որ նրանք թիմ չեն, դա առանց էմոգրաֆի էլ պարզ էր:
- Դուք կթռչեք նրանց հետ, - որոշեց հանձնախմբի նախագահը, -ապահովագրությունը չի խանգարի:
- Ե՞ս:
- Այո, Արեն, Դուք: Այս ամբողջ ընթացքում նրանց հետ Դուք եք վարել նախապատրաստական աշխատանքները: Լավագույնս գիտեք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Ավելի հարմար թեկնածու պարզապես չունենք:
- Պարոն Չան, ես չեմ կարող թռչել:
- Ինչու՞:
- Տիեզերքում ցուրտ է, - մտքովս անցած առաջին հիմարությունը վրա բերեցի ես:
- Իմ ննջարանում նույնպես ցուրտ է, բայց ես քնում եմ:
Ես գիտեի, որ մեր հանձնախմբի նախագահը հումորի զգացողությունից լիովին զուրկ է, բայց, սովորոբար, նա չէր էլ փորձում կատակել: Իսկ երբ փորձում էր, ես կատաղում էի:
Այժմ էլ նրա անհեթեթ կատակը ինձ հունից հանեց: «Ինքնատիրապետում» ասացի ինքս ինձ, խորը շունչ քաշեցի և սկսեցի:
- Հասկանում եք, պարոն Չան, ես վախենում եմ, լուրջ բան չկա, պարզապես տիեզերքում առաջացող հնարավոր բոլոր ֆոբիաները հատուկ են իմ էությանը: Հիվանդություն է, ինչ արած:
- Բավական է ծամածռվեք, աշխարհի ապագան է որոշվում, իսկ Դուք կատակներ եք անում:
- Աշխարհի ապագան է որոշվում ու հատկապես դրա համար է, որ ես չպիտի թռչեմ, միակ գործը, որ կարողանում եմ անել, էմոգրաֆով աշխատելն է, իմ դիպլոմն էլ այդ մասնագիտացվածությամբ է, էլ ի՞նչ եք պահանջում ինձանից:
- Թռչե՛լ:
- Ես թռչուն չեմ:
- Կդառնաք, հանուն երկրի փրկության կարելի է և թռչուն դառնալ:

Լռեցի: Շուրջս ևս ճնշող լռություն էր: Հանձնաժողովի անդամներն իրար էին նայում: Նորան ու Հարրին հեռախոսները ձեռքերին սեղանի տակ հաղորդագրություններ էին փոխանակում, երևի, քննարկում էին, թե ինչ են պատրաստելու ընթրիքին: Լեյլան ու Ջեկը գրեթե ագրեսիվ իրար էին նայում, իսկ Չանի կատաղած հայացքը հոշոտում էր ինձ:
- Իսկ եթե մեկ ուրիշը թռչի, - անսպասելի ինձ պաշտպանեց Լեյլան` տիկնիկի արտաքինով բայց բնավ ոչ տիկնիկային ուղեղով գեղեցկուհին:
- Սիրելիս, ես հասկանում եմ, Դուք անտարբեր չեք նրա նկատմամբ, բայց պարզապես անհրաժեշտություն է, որ նա թռչի, - նախագահի տեսակետը պաշտպանեց Ջեկը:
Լեյլան նկատելի կարմրեց:
- Ի՞նչ է նշանակում «Դուք անտարբեր չեք նրա նկատմամբ» արտահայտությունը, ի՞նչ իրավունք ունեք խառնվելու նրա անձնական կյանքին, - կատաղեց Հարրին, - անմիջապես ներողություն խնդրեք օրիորդից:

Ծիծաղս հազիվ զսպեցի՝ Հարրին ամեն ինչ անում է կնոջ աչքին ասպետ երևալու համար, բայց ամեն անգամ սոսկ խանդի առիթ է տալիս: Այս անգամ էլ թատրոնը չուշացավ:

- Հարրի, իսկ քեզ ինչու՞ է դա հուզում, - միջամտեց Նորան:
- Այո, Հարրի, ինչու՞ է դա քեզ հուզում, - անհեթեթ թատերականությամբ վրա բերեց Ջեկը:
- Որովհետև, ի տարբերություն ոմանց, նա բարեկիրթ է, - ասաց Լեյլան:
- Իսկ քեզ ոչ-ոք չի հարցնում,- վրդովվեց Նորան:
- Մի հարձակվիր աղջկա վրա, - հանկարծ բարիանալ որոշեց Ջեկը՝ պաշտպանելով Լեյլային:
- Նորան ոչ ոքի վրա էլ չի հարձակվում, - կիր հերթին կնոջը պաշտպանեց Հարրին:
Ես լուռ հետևում էի նրանց` չկարողանալով թաքցնել ժպիտս: Մեր հանձնախմբում կրքերը եռում էին: Ջեկը սիրում էր Լեյլային, Լեյլան` նրան: Որպես իսկական սիրահարված գեղեցկուհի նա ամեն ինչ անում էր, որ Ջեկը խանդի:
Հարրին, որքան էլ տարօրինակ էր, սիրում էր կնոջը` Նորային, Նորան` նրան, բայց քանի որ նա աշխարհի ամենախանդոտ կինն էր, գեղեցկուհի Լեյլայի ներկայությունը ստիպում էր նրան թունավորել թե սեփական կյանքը, թե Հարրիինը:
Միայնակ Չանը, որ վատ հոգեբան չէր, շատ լավ գիտեր` ինչն ինչոց է: Նման կրքերի բովում ավելի էր սրվում մենակության զգացումը և նա ավելի ու ավելի էր չարանում նրանց վրա, ու աշխարհն էլ սկսում ատել ինձնից ոչ պակաս:
Հոգեբանի մասնագիտությունը նրանց չէր օգնում. նրանք լավագույն խորհրդատուներն էին, բայց սեփական կյանքում, չգիտես ինչու, իրենց խորհուրդներով չէին շարժվում ու ամենաանշան առիթով սկսվում էր վեճերի անիմաստ շղթան:
Այս անգամ վեճը վերաճեց գոռգոռոցների:
- Վերջ տվեք անհեթեթ վեճերին, - միջամտեց հանձնաժողովի նախագահը:
- Տեսնում եք, որտեղ էլ որ հայտնվեմ, րոպեներ անց վեճ ու կռիվ է սկսվում, ուրեմն ինչպե՞ս կարող եք երկրի փրկության կարևորագույն առաքելությունը վստահել ինձ նմանին, - նորից սկսեց ես:
- Դժվարությամբ, բայց կարող եմ,- կատաղությունից Չանի շունչը կտրվում էր:
- Լավ, կթռչեմ, միևնույն է առանց ինձ ոչինչ չեք կարողանում, - ասացի ես ու վեր կացա:
- Ու՞ր:
- Թռիչքի պատրաստվելու: Մի շաբաթում թռչուն դառնալը հեշտ գործ չէ:
Գնալուց առաջ չմոռացա աղմուկով վրա բերել դուռը: Ժպտացի` լսելով Չանի մրթմրթոցը: Մի քանի րոպե աննպատակ ետ ու առաջ արեցի միջանցքի երկայնքով ու սենյակ վերադարձա:
- Պարոն Չան, իսկ եթե, այնուամենայնիվ, ուրիշը թռչի:
- Լսեք, Արեն, Դուք, հնարավոր է, աշխարհի լավագույն հոգեբանը դառնաք, բայց այժմ սկսնակ եք և ես կարող եմ ինչպես աջակցել Ձեզ աննկարագրելի բարձունքներ նվաճելու…
- Ասենք, տիեզերքը:
- Մի միջամտեք… Այսպես, ինչպես աննկարագրելի բարձունքներ կարող եմ Ձեզ խոստանալ, այնպես էլ կարող եմ Ձեր կարիերան կործանել, Ձեզ դարձնել ոչինչ, ճզմել:
- Եվ, իհարկե, որոշեցիք ինձ ճզմել` տիեզերք ուղարկելու միջոցով: Ախր, ես զզվում եմ հնարավոր բոլոր թռիչքներից, կյանքումս միայն տաս անգամ եմ ինքնաթիռ նստել: Երևի, միակ մարդն եմ, որ չի մեկնել Լուսին զբոսաշրջության: Թռիչքը ես մի քիչ այլ կերպ եմ մեկնաբանում, իմ թռիչքները մտքի տիեզերքում են:
- Թռիչքից վերադառնալու հաջորդ օրն իսկ, անկախ արդյունքից, Դուք կստանաք տիեզերական հոգեբանի որակավորում:

Տիեզերական հոգեբա՜ն: Այս որակավորման համար երկրի լավագույն հոգեբանները տարիներով գլուխ են կոտրում, ինչպես նաև հնարավոր բոլոր գերատեսչությունների դռները: Դա համար մեկ մասնագիտությունն էր, ամենահարգի մասնագիտությունը 23-րդ դարում: Տիեզերական հոգեբանն էր Երկրի ներկայացուցիչը բոլոր արտերկրային հանդիպումներում: Ծերուկ Չանը լավ հոգեբան էր, գիտեր` ինչպես գայթակղել մարդկանց: Մի բան նա, այնուամենայնիվ, աչքաթող էր արել: Հենց տարաբնույթ մոլորակներ որպես երկրի դեսպան մեկնելու հնարավորությունն էր գայթակղում մարդկանց, իսկ ես նման խայծը կուլ չէի տա:
- Ինձ էմոգրաֆի կոորդինատորի աշխատանքն ավելի է դուր գալիս:
Այստեղ Չանը պայթեց:
- Արեն, որոշումը վերջնական է: Այս առաքելության համար նոր կադր պատրաստելու ժամանակ չի մնացել, Երկիրը վտանգի մեջ է: Եթե հրաժարվեք թռչել, Ձեզ կկապկպենք ու տիեզերանավ կնետենք` արհամարհելով մարդկանց իրավունքները պաշտպանող բոլոր հնարավոր հռչակագրերն ու օրենքները:
- Կապկպեք, եթե կարողանաք գտնել, ես հենց նոր որոշեցի անհետանալ:
- Կգտնենք, մի անհանգստացեք:
- Ես թռչել չեմ կարող:
- Իսկ ես չեմ կարող հավատալ, որ Հայկի եղբայրը կարող է նման թուլամորթ լինել:
Ավագ եղբորս մասին հիշեցումը բավական էր, որ հունից դուրս գայի, առանց այդ էլ ամեն օր, ամեն վայրկյան նա աչքերիս առաջ էր: Մերթ չափազանց սիրում էի նրան, մերթ` ատում:
- Մնաք բարով, - նետեցի ես` փորձելով հանգստություն պահպանել:
Դուրս եկա ու անգամ մոռացա դուռը նրանց երեսին շրխկացնել: Հրեշներ էին նրանք: «Գրողի տարած ոչխարնե՛ր». մտածեցի, «Անասուննե՛ր», գոռացի բարձրաձայն, բայց դա ինձ չհանգստացրեց:
Որոշեցի մի բան խմել: Մի շիշ գարեջուր գնեցի, մի մեծ կում արեցի ու զզվեցի` կյանքից զզվեցի: Շիշն ամբողջ ուժով խանութի ցուցափեղկին նետեցի, ահազանգը միացավ, չգիտես որտեղից հայտնվեցին համազգեստով շները: Արդեն չէի հիշում, որ երեխա ժամանակ ոստիկան էի ուզում դառնալ, ու առանց խղճի խայթի նրանց այդ հին, վաստակած անունով էի կոչում: Աշխարհն ինձ զզվելի էր թվում, ու բոլոր մարդիկ էլ նույնպես:
- Դուք ձերբակալված եք, - ասաց սպայի համազգեստով անճոռնին:
- Արժանի եք, թող գան այդ տիեզերական նվաճողները, թող ոչնչացնեն այս զզվելի մոլորակը, առանց այդ էլ այն ոչինչ է, - պոռթկացի ես:
- Ի՞նչ, - շփոթվեց ոստիկանության սպան:
- Ոչինչ, - ասացի , - դու ոչինչ ես, ու ոչինչ է նաև քո մոլորակը:
- Դուք ձերբակալված եք, - կրկնեց նա, - կարդալ գիտե՞ք:
- Միակ բանը, որ ես գիտեմ` այն է, որ Հայկն իր կյանքի հետ իմ կյանքն էլ խորտակեց, իսկ կարդալ չգիտեմ, չեմ իմացել և չեմ էլ ուզում իմանալ:
Այստեղ այդ ապուշը լրիվ շփոթվեց: Եթե ասեի` կարդալ գիտեմ, նա ինձ կտար ձեռքում պատրաստի պահած գրքույկը, որտեղ թվարկված էին իմ իրավունքները, բայց քանի որ նրա կյանքում, թերևս, առաջին անգամ ձերբակալվածն ասաց` կարդալ չգիտեմ, նա շփոթվեց: Սկսեց արագ-արագ թարթել աչքերը «Բալիկ» մակնիշի տիկնիկի պես, հետո սկսեց ինքը կարդալ իմ իրավունքները:
- Դուք իրավունք ունեք…
- Իսկ ես իրավունք ունեմ ազատվելու իմ իրավունքների այդ ավելորդ թվարկումից:
- Ես պարավոր եմ Ձեզ իրազեկել Ձեր իրավունքների մասին:
- Լավ, տվեք, ես կկարդամ:
Նա ինձ մեկնեց «իմ իրավունքները» և թեթևացած շունչ քաշեց: Լուռ հետևեցի նրան, նստեցի ոստիկանական մեքենայի հետևի նստատեղին ու կարգադրեցի`
- Հյուսիսային Պողոտա, Ոստիկանության շենք:
- Տաքսիում չեք:
- Ծառայողական մեքենա՞ս է, լավ, այդ դեպքում տուն քշեք:
Ոստիկանը չարացած լռեց:
Ես կատաղած էի. իմ եղբայրը մոլորակի ամենաճանաչված դեմքերից էր, մեռել էր հերոսի մահով ու հետմահու նախագահը նրան կրկնակի հերոսի կոչում էր շնորհել, քանի որ նա հաջողացրել էր հերոսի կոչում ստանալ դեռ կյանքի օրոք: Ավելի անհեթեթ մահ, քան նրա մահն էր, հնարավոր չէ պատկերացնել: « Հայկն, իր կյանքը զոհելով, հարյուրավոր կյանքեր փրկեց: Նա ապացուցեց, որ «ԱՅԳ 001» - ով հնարավոր չէ տիեզերական հեռավոր թռիչքներ կատարել», իր հիմար ճառում այդ օրն ասաց նախագահը:
Ինչպիսի՜ հերոսություն: Հայկը միշտ, ամենուր խցկվում էր: Տիեզերանավը կարող էր և առանց օդաչու թռչել, բայց ո՜չ, նա համառեց ու ինքն էլ թռավ` այն փորձարկելու: Փորձարկումը ապացուցեց, որ անգամ ամենապստիկ երկնաքարը` մի քանի սանտիմետր տրամագծով, կարող է բզիկ-բզիկ անել տիեզերանավը: Եվ, ահա, իմ եղբայրը հերոս է: Մինչև հիմա էլ ինձ թվում է` նրան կրկնակի հերոս ճանաչելու ներկայացումը տիեզերանավն արտադրողների սցենարն էր, որ մերոնք նրանց դատարան քարշ չտային: Բայց դա արդեն անցյալ էր, ու Չանի կողմից ամենավերջին ստորությունն էր ինձ Հայկի անհեթեթ մահի մասին հիշեցնելը: Մայրիկը մինչև հիմա էլ ուշքի չի գալիս:
Մայրիկի տխուր դեմքը պատկերացնելը կատաղության նոր ալիք առաջացրեց իմ մեջ: Ու այդ պահին ուշադրությունս կրկին գրավեց ոստիկանության սպան, որ լուռ վարում էր մեքենան: խեղճը, երևի աշխարհի ամենադժբախտ մարդկանցից էր, քանի որ ձեռքիս տակ էր ընկել կատաղության պահին:
- Մի քիչ դանդաղ վարեք մեքենան, ստամոքսս լավ վիճակում չէ, հետո տհաճություններ կունենաք:
- Ներեցեք, ի՞նչ ասացիք, - հնարավոր ամենաբարեկիրթ տոնով անդրադարձավ նա ինձ:
Այդ ավելորդ քաղաքավարությանն ավելի բորբոքեց իմ զայրույթը, ես վեճ էի ուզում, ուզում էի օգտագործել իմ բոլոր հոգեբանական գիտելիքները` նրան ինքնաոչնչացման ամենավերջին աստիճանին հասցնելու համար: Ողջ մարդկությունն այդ պահին հանձինս նրա իմ թշնամին էր:
- Խուլ ես, ի՞նչ է, չգիտեի, որ խուլերին ոստիկանությունում աշխատանքի են ընդունում, - մարտահրավեր նետեցի ես:
- Խուլ չեմ, պարզապես ուշադիր չէի, - նեղացավ նա:
- Իսկ ինձ թվում էր, թե շան համար ամենակարևոր հատկնիշը ուշադիր լինելն է` հանկարծ ու մի կարևոր ապացույց չհոտոտեցիր: Չէ, պետք է ուշադիր լինեք, թե չէ ո՞նց եք ձեր պարտականությունները կատարելու, - մանկավարժի տոնով նրան խրատել սկսեցի ես:
- Պարտավոր չեմ ամեն թափթփուկի ուշադրություն դարձնել, - բարկանալ սկսեց ոստիկանը:
- Ընդհակառակը, հենց թափթփուկներին պետք է ուշադրություն դարձնեք, չէ որ հենց նրանք են խախտում օրենքները: Աշխարհի կարգն է` թափթփուկները որսում են թափթփուկներին:
- Ի՞նչ ես ուզում:
- Չթռչել:
- Ի՞նչ:
- Դե ես էլ հենց դա եմ ասում, որ չգիտեի, թե խուլերին ոստիկանությունում աշխատանքի են վերցնում:
- Լսեցի, պարզապես չհասկացա` ինչ ես դուրս տալիս, - նա նորից սկսեց բարկանալ:
- Դե դու ուր, հասկանալն ուր, իզուր էլ քո նմաններին շուն են ասում, շները խելոք, հասկացող կենդանիներ են:
- Երիտասարդ, Ձեր նման վարքը ծանրացնում է հանցանքը, - ինքնատիրապետումը վերականգնեց նա:
- Ապուշ ես, էլի, ես այնպես եմ պատժված, որ մահապատիժը դրա համեմատ հեչ է:
Մի որոշ ժամանակ նա լռեց, բայց հետո ձերդ գերազանցություն հետաքրքրասիրությունն իր խոսքն ասաց:
- Ի՞նչ էիք ուզում դրանով ասել, - ոստիկանի զուսպ տոնը ծիծաղելու աստիճան կեղծ էր:
- Էլ խու՞լ չես: Հիմա էլ ապուշ-ապուշ ես խաղում, զվարճալի է:
- Քեզ ինչի՞ տեղ ես դրել, - կրկին բարկացավ նա:
- Թռչունի:
- Ի՞նչ ես դուրս տալիս:
- «Ապուշ - ապուշ 2»: Ամսի երկուսից բոլոր կինոթատրոններում, - շարունակեցի նվագել նրա նյարդերին:
Նա այլևս ոչինչ չասաց: Սարսափելի կատաղած էր: Ինչքան շատ էր նա կատաղում, այնքան ավելի խաղաղվում էի ես:
- Ծարավ եմ:
Լռություն:
- Ծարավ մեռնում եմ:
Լռություն:
- Ես կյանքի իրավունք ունեմ:
Լռություն:
- Լուրջ եմ ասում, սարսափելի ծարավ եմ:
- Հասնում ենք:
- Ծարա՛վ եմ, ծարա՛վ եմ, ծարա՛վ եմ, ծարա՛վ եմ, ծարա՛վ եմ, ծարա՛վ եմ…
- Ծարավ ես, շիշը ապակուն չնետեիր:
Կեցցեմ ես, նա կրկին խոսում է:
- Ես դա դիտմամբ չարեցի, ինձ վիրահատել ու արհեստական ձեռք են դրել` պրոթեզ: Ժամանակ առ ժամանակ ապստամբում է ու համը հանում:
- Հետաքննությունը կպարզի` դիտմամբ արեցիք, թե` ոչ:
- Ո՞վ է հետաքննությունը:
- Հիմա էլ դուք եք ապուշ-ապուշ խաղում:
Նա, երևի չնկատեց, որ հունից դուրս եկավ ու հիմար բան ասաց:
- Ահա՜, ուրեմն ճիշտ էի, մեր ոստիկանները հանցագործներին բռնելու փոխարեն ապուշ-ապուշ են խաղում, - անմիջապես առիթից օգտվեցի ես:
- Վե՛րջ տվեք:
- Ծարա՜վ եմ:
Երբ տեղ հասանք, ես իջա մեքենայից ու ոստիկանության շենք մտա սովորական, շարքային ոստիկան ռոբոտի ուղեկցությամբ: Այդ պահին իմ զոհի դեմքին երանության արտահայտութուն էր: Ավելի զվարճալի արտահայտություն հայտնվեց նրա դեմքին, երբ հարցաքննության ժամանակ եկավ Չանը և, ինչ-որ թղթեր դեմ տալով, ինձ դուրս բերեց այնտեղից:
- Թռչու՞մ ես, - հարցրեց Չանը:
- Ո՛չ, - պատրաստակամ ասացի ես:

- Մայրիկին չասեք, որ տիեզերք եմ թռել, ասեք շատ կարևոր առաջադրանք ունեմ կատաղած գժերի հոգեբուժարանում, ասեք Անտարկտիդայում կամ Արկտիկայում հոգեբանական փորձեր եմ անում աբորիգենների հետ, ինչ ուզում եք հորինեք, միայն թե չասեք, թե տիեզերք եմ թռչում, - իմ վերջին կարգադրությունն արեցի ես ու տիեզերանավ մտա:
Չեզարեն եկավ իմ հետևից, Թեդն ու Դեյվն արդեն ներսում էին: Զզվանքով էի նրանց նայում, ասես, այդ խեղճերն էին իմ բոլոր դժբախտությունների մեղավորը: Դեյվի երիտասարդ, գեղեցիկ դեմքն անզգա արձան էր թվում, Թեդի կարճ կտրած ու խնամքով հարդարված բեղնումորուքը` նախնադարյան անհեթեթություն: Փորձեցի ինչ որ խոցելի բան գտնել նաև բժշկի արտաքինում, բայց, շուռ գալով ու նրա կատվային աչքերին հանդիպելով շփոթվեցի` նրա աչքերում քարացել էր սարսափը:
- Ինչի՞ց ես վախենում:
- Թռչելուց:
- Թռիչքը հաճույք է, Չեզե՛, ոչ թե սարսափ, - խրախուսում եմ նրան (այ թե ինձ լսե՜ր Չանը: Կկախեր, ոչ, կգլխատեր կամ կքառատեր, կամ էլ բոլորը միասին: Բայց դա արդեն կարևոր չէ: Թռչում ենք. ես այլընտրանք չունեմ), - Չեզե՛, չվախենա՛ս:
- Ճիշտ է ասում, մի՛ վախեցիր, - հորդորում է Թեդը:
Նավ բարձրացող Չանը լսում է այս վերջին արտահայտությունն ու չարացած ինձ նայում.
- Կրկին կրկես ես սարքել:
- Ի՞նչ կրկես, - գրեթե միաժամանակ ասում են տղաները:
- Էական չէ, եկել եմ հրաժեշտ տալու, եթե ինչ որ բան եք կամենում, ասեք:
- Ես ասելիք ունեմ:
- Արեն, խնդրում եմ, բավական է, դու մարդկանց կյանքը թունավորելու բացառիկ տաղանդ ունես, ապացուցեցիր, կեցցես, հիմա հանգստացիր:
- Բայց և այնպես…
- Վերջ տուր, - գոռաց Չանը, - ես էլ սիրով այլընտրանքի դեպքում ուրիշին կուղարկեի, այլընտրանք չկա, հասկացի՛ր:
- Դե, լսե՛ք, վերջապե՜ս, - ի պատասխան գոռացի ես, - կարևոր բան եմ ասում, այլապես երկիրն ինքս կպայթեցնեմ` ցանկացած նվաճողից էլ շուտ:
Չանը մի պահ լռեց, աչքերն ավելի կլորացան ու բերանն էլ կլոր բացվեց: Քանի լռում էր, հարմար առիթ էր խնդրանքս ասելու, թե չէ որ նորից սկսեր գոռգոռալ, ոչինչ էլ չէր ստացվի:
- Ես հիմա լիովին սթափ, խիստ մտհոգված, ավելի քան լուրջ հայտարաում եմ, որ իմ թռիչքի մասին մայրիկը չպետք է իմանա: Ամբողջ աշխարհը Հայկին հերոսացնում էր, մայրիկը` դատապարտում: Նա արդեն ծեր է ու հիվանդ, ինչ էլ որ լինի, չասեք նրան, որ եղբորս պես գլուխս առել տիեզերք եմ փախել, դա մահացու հարված կլինի: Մի բան մտածեք, ասեք որ ընդհատակյա հետազոտող խմբի հետ եմ աշխատում, ասացեք չքվել եմ գրողի ծոցը, բայց միայն ոչ տիեզերք:
Քար լռության մեջ բոլորն ապշած ինձ էին նայում: Նրանց հայացքներն ինձ տանջում էին, լռությունն` առավել ևս:
- Հասկանալի՞ էր:
- Հասկացա, - հաստատեց Չանը, - մի մտահոգվիր, դու միայն հետևիր, որ տղաների նյարդերն ամուր մնան ու, եթե կարողանաս, նվաճողների հետ լեզու գտիր, եթե ոչ` վերացրեք դրանց էսկադրիլը:
- Ճիշտ այդպես, - Թեդի պես չոր հաստատեցի ես` մտածելով, թե ինչպե՞ս կարող է մեր անհեթեթ քառյակը սպառազինման նման խղճուկ պաշարով պայթեցնել համընդհանուր թշնամու հրոսակները:
Չանը մտազբաղ դուրս եկավ: Հուսով եմ, նա բավարար չափով հմուտ հոգեբան էր, հասկանալու համար, որ ես ոչ թե կրկես եմ սարքում, այլ տառապում եմ ու մի քար էլ ինքն է ավելացնում իմ տառապանքին: Հուսով եմ` կհասկանա, որ հիմար կատակները ոչ թե էություն են, այլ դիմակ, ինքնապահպանման բնազդ: Չանը լավ մարդ է, չէի ուզի՝ իմ մասին վատ կարծիք կազմեր: Չէ որ, հնարավոր է, վերջին անգամ էինք հանդիպում:
Հիշեցի, թե ինչպես էի ատում նրան ու նորից մի ցավեցնող ժպիտ սողաց շուրթերիս:
- Այդ ինչ կրկեսի մասին էր ասում: Ինչու՞ էր սատանայի պես չարացած: Այդ ինչպե՞ս է, որ մայրդ թույլ չի տալիս տիեզերք թռչես: Իսկ դու, ինքդ, Հայկին դատապարտու՞մ ես: Ինչի՞ ես լռում, - հարցերի կարկուտով վրա տվեց Դեյվը:
- Հերթով, Դեյվ, ու հետո, - ասացի նրան ու մտա իմ խուցը:



Ինչու՞, Հա՛յկ, ի՞նչ վատ բան էի քեզ արել: Քո պատճառով ես տիեզերագնաց չդարձա: Քո մահը ինձ գամեց Երկիր մոլորակին: Հիմա էլ, երբ իրականանում է իմ երազանքը, ես տիեզերք եմ թռչում, ինձ դավաճան եմ զգում: Հայկ, ես կմեռնեմ, եթե իմ այս արաքի մասին լուրերը մայրիկին հասնեն: Նրա յուրաքանչյուր արտասուքը մի կաթիլ թույն կլինի իմ երակներում: Չե՞ս լսում, մեռա՞ծ ես, իսկ քեզ ո՞վ էր խնդրում…:
Աչքերս լցվում են:

Ամբողջ կյանքում առաջին համարի ներքո Հայկն էր, իսկ ես` անդաստիարակ Արենս, միայն հոգսերի աղբյուր էի:
- Արե՛ն, կարո՞ղ ես թվարկել քսանմեկերորդ դարի լավագույն սցենարիստներին:
Իհարկե ոչ, Արենը ֆիլմեր չի դիտում, նա համակարգչային խաղերի հիվանդ է:
- Իսկ դո՞ւ, Հայկ:
Եվ ահա նա թվարկում է բոլոր անունները` թե այբբենական կարգով, թե ըստ ժամանակագրության: Գիտություն, ցանկացած բնագավառ, և բոլոր հարցերին էլ նա պատասխանում է, իսկ ես` ոչ:
Մեծերի համար միևնույն էր, որ նա ինձանից չորս տարով մեծ է ու չորս տարուց ես էլ այդ ամենը կիմանամ: Ապուշ կարծրատիպ` Հայկը ամենագետ է, Արենը` տխմար: Այդ ամբողջ աշխարհն է տխմար, ողջ երկրագունդը, բոլոր մարդիկ, ու ես էլ մյուսներից ոչնչով լավը չեմ: Ավելի վատն եմ, քանի որ, տեսեք - տեսեք, ես ֆիլմեր չեմ նայում:
Մի ժամանակ գիրք կարդացող ակնոցավորներին ծաղրում էին: Չէ - որ ֆիլմեր նայողներն էլ ժամանակակից կրծողներն են, ուրեմն, ինչու՞ նրանց չեն ծաղրում, օրինակ են բերում: Միայն ֆիլմերով չէ, որ ճանաչում են աշխարհը: Ես աշխարհը ուսուցանող խաղերի միջոցով եմ ճանաչել, ինչ գիտեմ, գիտեմ կենդանի փորձով, թեորեմներն ինքս եմ ապացուցել, պատմության դասերին մասնակից եմ եղել:

- Իմ խաղերն ամեն ինչ, Հա՛յկ, քո ֆիլմերից լավ են սովորեցնում:

Փոքր ժամանակ նախանձում էի նրան: Հետո, երբ նա աստղանավորդ դարձավ, յուրաքանչյուր նոր օր մայրիկը փնովում էր նրան ու ինձ գովում: Արդեն չգիտեի՝ ինչ եմ զգում, բայց նախանձը, երևի, դեռ կար: Ես մայրիկի սիրելին էի, «այդ ապուշ տղայից հազար անգամ խելոք». ինչպես աում էր մայրիկը:
«Չե, տղաս, դու դրա նման հիմար չես, կարգին մարդ կդառնաս, նորմալ մասնագիտություն կունենաս». ասում էր մայրիկը ու նրա հանկարծահաս ուշադրությունից ես ինձ ոչ թե ավելի լավ էի զգում, այլ զգում էի ամենադժբախտ մարդն աշխարհում:
Եվ ահա, չափահասության նախօրէին, երբ վճռականություն հավաքեցի մայրիկին ասելու, որ տիեզերագնաց եմ ուզում դառնալ, ինչ - որ համազգեստավոր բերեց եղբորս մահվան բոթը: Այդպես էլ մայրիկին չասացի իմ որոշման մասին: Ընտրեցի հոգեբանի «նորմալ մասնագիտությունը» և խաչ քաշեցի իմ բոլոր երազանքների վրա: Անգամ Լուսին չթռա. հանկարծ մայրիկը չանհանգստանա: Ու նախանձել քեզ, Հայկ, ես դադարեցի, հասկացա, որ սիրում եմ քեզ ու շատ եմ սիրում, բայց ներել քեզ ես չեմ կարող, երբեք չեմ ների, քանի որ քո պատճառով է, որ հիմա, երբ իրականանում է իմ երազանքը, ես ինձ աշխարհի ամենադժբախտ մարդն եմ զգում, ինձ զգում եմ դավաճան:
- Չե՛մ ների, - ասացի բարձրաձայն ու ներս խցկվեց Դեյվի հետաքրքրասեր գլուխը:
- Ու՞մ չես ների:
- Ինքս ինձ, Դեյվ, ինձ չեմ ների, մայրիկին երդվել էի, որ չեմ թռչի, երբեք չեմ թռչի: Նա անգամ ինքնաթիռ թույլ չէր տալիս նստել, իսկ ես, ահա, տիեզերանավում եմ:
- Ոչինչ, Արեն, թռիչքի ընթացքում մենք քնած կլինենք ու հիշողություններն այդքան էլ ծանր չեն լինի: Դու ուժեղ ես, շատ ավելի ուժեղ, քան կարծում ես, կդիմանաս, - հոգեբանի պարտականությունն իր վրա վերցրեց Դեյվը:
- Շնորհակալությու՛ն, Դե՛յվ:
Անկեղծ ու ջերմ հնչեց իմ «շնորհակալությունը»£ Հիմա, երբ ինքս ինձ եմ սկսել ատել, նրանց այլևս չեմ ատում:
- Բարի գիշե՛ր, - ասաց Դեյվը:
- Բարի գիշե՛ր, անուշ-ապուշ երազներ, - բարեմաղթեցի նրան` շատ լավ իմանալով, որ տիեզերական քնի ժամանակ երազներ չեն լինում:
Դեյվը լայն ժպտաց ու դուրս եկավ:
Ես դեռ որոշ ժամանակ տարվեցի իմ մտքերով: Հետո սկսեցի իմ փոքրիկ խցիկն ուսումնասիրել: Տարօրինակ է, բայց ինքնաբերաբար ինչ-որ ֆիլմ սկսեցի դիտել:
Ժամեր անց, երբ բոլորս արդեն քնած էինք, մեր տիեզերանավն արագացրեց ընթացքն ու մենք սլացանք նվաճողներին ընդառաջ: Ես զգում էի, որ մենք հաղթելու ենք, ես գիտեի, որ մեզ մեծ գործեր են սպասվում, բայց ինձ անհայտ էր, որ այսպես են ծնվում առասպելները…
Բաժին` 8-րդ մրցույթ | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 241 անգամ| |Վարկանիշ` 5.0/1
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Ի՞նչ տարբերակով եք սիրում կարդալ գեղարվեստական գրականություն
պատասխանել է 28 մարդ
Առաջարկում ենք'