Ուրբաթ, 19.04.2024, 01:29
Ողջույն, Անցորդ: Լավ օր եմ ցանկանում: Ժպտա:


Հոդվածներ

Գլխավոր » Հոդվածներ » «Մեր խոսքը» մրցույթ » 8-րդ մրցույթ

Տաթև Ոսկանյան: Պատուհանագոգի աղջիկը: 3-րդ հորիզոնական
Երբեմն հանճարեղ մաեստրոյի ` կյանքի նորարար մտքերն ու գաղափարներն էլ են սպառվում : Մի՞թե դա լավագույն հնարավորություններից մեկը չէ ` մարդկանց ստեղծագործական միտքը մարզելու համար : Գուցե մի օր թելերը կտրվեն, ու խամաճիկներին իմպրովիզներ պետք գան: Ուստի կարելի է եզրակացնել, եթե կյանքը մեզ տանում է դեպի լճացում, դա միգուցե նրա ` նոր տեսակի ձկներ բուծելու մտահղացումն է: Եվ նա ուզում է իր ամառանոցը կառուցել լճի ափին և սուրճի գավաթը ձեռքին ամեն առավոտ հիանալ մեր ` անճարությունից ծնված , գեղեցկությամբ :
Ուստի երբ ջրերի հոսքը կանգնում է, մի շտապեք գոլորշիանալ :
-Կարծես սպառվեցին նորի պաշարներդ, սնանկ կյանք: Նստած փորձում ես մի տեղից կսմթել մի նոր բան: Ավաղ, դու դեռ չծնված, արդեն հին պատմությունն ես կրկնում, բերանդ չբացած, կրկնվում ես: Դե լռիր վերջապես, գրողը տանի , այսուհետ ես եմ խոսելու,- Այսպես Դարեալան պոռթկաց ,- Ի գործ, անթել խամաճիկ :
Տարիներ էին անցել այն օրից, ինչ պատանեկան միամտությամբ նա իր գործելու բոլոր հնարավորությունները հանձնել էր անգործ պատահականությանը : Չէ որ Նա , ևս կյանքի «նորարարություններից» մեկի արդյունքն էր, թեև ոմանք կարծում էին, թե նրա կեցությունը դուրս է ամենայն օրինաչափություններից:
Նա զգում էր , վերջին ժամանակներս ինչ-որ բան անընդհատ ճնշում էր , քունքերին թպրտացող զարկերակների նման հիշեցնում իր գոյության մասին, ուզում էր դուրս գալ , ազատվել … Բայց ոչ մի շարժ: Դա առաջին դեպքը չէր: Բայց առաջ այն դուրս էր գալիս ներսից ` ժպիտի, լացի, անտարբերության ու ամենակարևորը , զգայական դրսևորումներից մեծագույնների` սիրո , ատելության միջոցով , իսկ հիմա … Դա առաջին դեպքը չէր, որ ինչ որ մոռացված երկրի, անշուք քաղաքի արվարձաններից մեկում, կամ միգուցե , ինչ-որ հեռավոր գյուղում, մի տան , հյուղակի ստվերոտ սենյակում նստած, մեկը կարծում է, թե ինքը նորն է զգում և դա այս հնացած մոլորակում, առաջին դեպքն է : Ծիծաղելի է, բայց նա դա զգում ու ներկայացնում է ամենայն լրջությամբ: Ջանք չի խնայում, ավելի անկեղծ, պարզ, հասարակ թվալու համար : Իսկ իմաստալիցն ու խորհրդավորն ինքնին ստացվում են : Դե ընթերցող արի ու մի ձանձրացիր այս կրկնությունից: Մի երկու բառով ապտակ հասցրու գրողի հիշատակին, կամ կենդանության օրոք գնա , գտիր ու բառերի փոխարեն ինքդ ապտակիր, հետո էլ թեթևացած մտիր կրկնությանդ շրջապտույտի մեջ : ՈՒղղակի ապրիր:
Այն, ինչը նա զգում էր մարդկային մտքի բառարաններում բնավ ներկայացված չէր որպես սեր: Խոսքը բնավ սիրուն չէր վերաբերում: Զգալ, դա դեռ չի նշանակում կրկնվել :
- Ամեն օր կռվում ես ինքդ քո դեմ: ՈՒ պետք չէ հավատալ , թե քո և անձիդ միջև կանգնած է երրորդը: Սուտ է: Հիմա ես պտտում եմ գրիչս մատներիս արանքում … Ահա և գաղտնիքը : Միգուցե շատ հին եմ այս նոր ժամանակների համար: Լավ փորձեմ այլ կերպ: Ահա , մատներս սահում են համակարգչի ստեղների վրայով ու ճերմակ էկրանին ես կյանքն եմ ուզում տեղավորել , բայց տարակուսում եմ. երբեմն սևն ու սպիտակը տաղտկալի են թվում, գունավոր կյանքը թողած ով կվազի սրա հետևից, մանավանդ եթե մեծ կյանքի փորձով, իմաստությամբ չես փայլում, էլ չեմ ասում մնացած փոքրիկ կարևորությունների մասին: Եթե ասեն` պարզությանդ մեջ է խորհրդավորությունդ, ուրեմն պետք է հասկանալ, ստում են: Ոչ ոք դեռ չի բացահայտել ինչումն է մտքի գրավչության գաղտնիքը : Ախր ես երկու բան կարող եմ միայն , թեև դեռ վստահ չեմ իրոք ստացվում է , թե դա ինձ է թվում ` ապրել ու գրել ապրելու մասին :
Այս մտքերը կարծես մեխեր էին շարում նրա ուղեղում , իսկ կողքից հնչեցված կարծիքները , ընկերների , մարդկանց , գրքերի, ֆիլմերի, բառարանների ու հանրագիտարանների բառերը և իմաստությունները մուրճի նման այդ մեխերը խորացնում էին նրա գիտակցության խորքերը : Եվ նա վճռեց.
-Ես չեմ լինի նա , ով իրականում չկա , ով հորինվածք է: Իսկ ով ասաց, որ ամեն զգացող պիտի գրի : Դա թերևս համաշխարհային աղետի բերի : Ես կլռեմ: Թող այս անգամ էլ կյանքը խոսի :
Իսկ ճակատագիրը, առիթը բաց չի թողնում մեզ զարմացնելու համար : Աստված մի արասցե, թե դու սկսել ես մտածել ավելի վաղ, քան կարելի է . դու դեռ քսանամյա մի արարած ես, (արարված կատարելության նմանությամբ, թեև որոշ դետալներում պիտի խոստովանես, եղել են վրիպումներ) թարմ սրտով ու հարթ ճակատով, որը կյանքը դեռ չի հասցրել կնճռոտել, բայց այնուամենայնիվ դու մտածում ես ու զգում: Անխոս, դա քեզ վրա էժան չի նստի: Կյանքը վրեժխնդիր մի բան է, որ իր հետ ոտք մեկնողների ոտքը, անխոս, մի ջրափոսում , կարծես թե զոհի անզգուշությամբ , կոտրում է :
Նրա անունը, ուներ տարօրինակ պատմություն, ու յուրահատուկ խորհուրդ, իր հարազատ լեզվով, սակայն դա մեզ դեռ չի հուզում այնքան, որքան որ պետք է …Անցնենք առաջ : Դարեալան ապրում էր մի երկրում, որտեղ պատմությունը կանգ էր առել : Թեև ամեն օր հեռուստացույցով , ռադիոյով ու տարբեր աղբյուրներով որոշները կոկորդ էին պատռոււմ ժամանակի նորարարության մասին :
Այս երկրի բնակիչները պնդում էին, թե փառահեղ անցյալ են ունեցել, թեև ներկան խղճալի վիճակում էր: Բայց այն փաստը , որ դա մի երկիր էր, հարուստ չհղկված ալմաստներով , խոսում է տեղացիների պնդումների օգտին: Այնտեղ մարդկանց երակներում հոսող արյան մեջ հոգին էր լուծված , աչքերում կրակ կար, բայց նրանք ոչինչ վառել ու մոխրացնել այդպես էլ չէին սովորել: Նրանց աչքերում վառվող կրակը նման էր արևին ` այնքան մեծ էր, բայց այնքան հեռու…որ միայն ճառագայթներից կարելի էր ենթադրել, թե գոյություն ունի : Այնտեղ մարդիկ սիրում էին լույսը, գիտությունը, միտքը , ու ամենակարևորը, մարդուն , բայց արևից էներգիա ստանալ, այդպես էլ չսովորեցին… Այնտեղ ընդունված էր զսպել հասարակ մարդկային կիրքը ու դա վերածելով մի այլ բանի, դրսևորել , բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակներով, միայն թե այդ ամենի շարժիչը չկոչվեր կիրք , իսկ այն կրողը ` թուլակամ տարփասեր: Առավել միամիտներն ու հասարակները դա դրսևորում էին իրենց առօրյայում, աշխատանքում, գյուղացիները հող մշակելով, այգին ոռոգելու համար դրացու հետ կռիվ տալով, քաղաքացիները և ունևորներն իրենց շուրջ շքեղություն սփռելով, տնային տնտեսուհիները դրանով համեմում էին իրենց ստեղծած խորտիկները, սկեսուրները քննադատում էին հարսներին, հարևանները բամբասում էին իրենց նորաոճ հարևանուհուց , ով անգամ մեքենա էր վարում և պատկերացնում եք, ամուսնուն ինքն էր աշխատանքի տանում իր մեքենայով(դա իսկական պայթուցիկ կայծ էր տեղացի, անգործ ու բամբասկոտ կանանց համար): Քաղաքական գործիչները հնարավորինս շատ , հնարավորիս հմտորեն ստում էին, սիրահարները դրանով հերոսություններ էին անում, կոտրելով այգու ամենաբարձր խնձորենու ճկված ճյուղը (թեև դա էլ նորաձև չէր ): Որոշները բարձր երաժշտության տակ հնարավորինս արագ վարում էին իրենց դեգրադացված կյանքի բարձրագույն պարգևները ` թանկարժեք մեքենաները , իսկ առավել զգայունները կիրքը վերածում էին արվեստի : Ասում են, այդ ազգի ամեն մի ներկայացուցչի աչքերում Աստված մի բեկոր էր թողել Ադամի ու Եվայի փշրած երկնքից : Իսկ ինչ է արվեստը, եթե ոչ մի փոքրիկ բեկոր գեղեցկությունից, որը նույնացվում է երկնքի հետ :

Կյանքը Դարեալայի ներաշխարհը ձևավորեց ամենապարզ ու ամենաբարդ դետալներից : Զարմանալիորեն նրան հուզում էր գրեթե ամեն ինչ : Ամեն բան, ինչը հասու էր մարդկային գիտակցությանը : Նրա ներաշխարհը ներդաշնակ էր, թեև այնտեղ Աստծուց մինչև սատանա իրենց հետքն ունեին: Էլ չեմ ասում այդ երկու վերջնակետերի միջանցքում եղած ամեն հետաքրքիրն ու անհետաքրքիրը :

“2”
Մի երեկո հերթական բուռն առօրյայից հետո, գրեթե ուժասպառ, Դարեալան վերադարձավ տուն : Սկզբում ընթրեց , հետո սովորության համաձայն համբուրեց հայրիկին: Մայրիկի հետ սկսեցին վիճել. այդ վեճերը վաղուց էր ,ինչ սովորական էին դարձել: Այն օրից ի վեր, ինչ Դարեալան հասկացավ , որ իրենից տնային տնտեսուհի դուրս չի գա , նա հրաժարվեց բոլոր տնային գործերից , թեև դա արվեց մեծ հմտությամբ ու սահուն կերպով, բայց միևնույն է, նա այդպես էլ չկարողացավ շրջանցել մայրիկի մշտական խստապահանջությունը : Դարեալան և մայրը իսկական հակասության տիպիկ օրինակ էին : Մայրը տիպիկ ընտանիքին նվիրված կնոջ կերպար , աշխատասեր ու չափից դուրս մաքրասեր, իսկ Դարեալան անփույթ ու անկառավարելի : Թեև ինքը կառավարվում էր միայն իր նեքրին արգելքներով, որոնք մոտ էին քրիստոնեական ու այդ ազգին բնորոշ ազգային նորմերին :
Այս անգամ էլ մայրիկի հետ թեթև վեճը նույն ակունքներն ուներ , ինչը որ նախորդները : Իրականում նրանց վեճերի մեջ չարություն չկար , ինչպես որ Դարեալայի ազատության մեջ չկար սանձարձակություն : Նա փորձեց ժպիտով շահել մայրիկի սիրտը, նորից համբուրեց հայրիկին, աչքով արեց եղբորը , ու ինչպես միշտ առանձնացավ իր սենյակում :
Վառեց լուսամփոփը: Միացրեց համակարգիչը : Մի քանի գործողություն և ձանձրույթը տեղի տվեց: Գրել չէր կարող, մտքերը կորցրել էին իր ուղեղի հասցեն և նա էլ վճռել էր, ուղղակի ապրել առանց գրելու, թեև արդեն ուներ որոշ բանաստեղծություններ: Նրան իր փոքրաքանակ ստեղծագործությունները, որ ժամանակին հանճարեղ էին թվացել, այս անգամ ուղղակի կրկնություն թվացին: Եվ ցավը նրանում էր, որ կարծես նա արտագրել էր աշխարհի ամենականխատեսելի սիրահարի օրագիրը :
Նստեց պատուհանագոգին, ու մի պահ փակեց աչքերը : Հանկարծ կոտրվող ճյուղի ձայնը նրան սթափեցրեց: Նրան թվաց , թե մեկը ջանում է պոկել ծաղկած ծառի ճյուղերը : Մի պահ վախից քարացավ: Հետո լարեց տեսողությունը , և տեսավ , որ մի կատու ուղղակի խաղում է մինչև հողը թեքված ճյուղի հետ : Խաղաղվեց : Ինքն իրեն մտածեց . «Իսկ եթե ուղղակի խոսեմ, պատկերացնելով թե ամբողջ աշխարհի բոլոր թափառաշրջիկներն ու մթության մեջ վխտացող անգործ անօթևաներն ինձ են լսում: Եվ նույնիսկ նա, ում օրագիրը կարծես արտագրելով բաանստեղծությունների եմ վերածել: Հետաքրքիր կլիներ նրանց կարծիքը լսել, չէ որ նրանք ոչ գտնելու, ոչ էլ կորցնելու հույս ու վախ չունեն» : Եվ նա հարմար նստելով պատուհանագոգին, մեջքը ուղղելով ու սովորության համաձայն մազափունջը առաջ բերելով , սկսեց խոսել :
-Միթե այս կյանքից չեք վերձրել այն միակ փոխհատուցումը , որ տրվում է մեր ճաքած ափերը օծելու համար , միթե Ձեր ապրած տարիների փորձը Ձեզ չի հուշել , ինչպես վտանգավոր քաղաքներում դռներն են կողպվում գիշերվա միջոցին , այնպես էլ մարդկանց ականջները . չէ որ վտանգավոր ժամանակներում ենք ապրում, կամ , միգուցե վերապրու՞մ … Ասում են, թե սա կյանքի առաջին շրջապտույտը չէ , հարգելի ... Ձեր անունը , ես մոռացել եմ :
Ծիծաղելի ստացվեց , չէ որ մոռանում են իմացածը , չգիտեի պարզապես : Ոչ , ոչ , մի ներկայացեք , ըստ իս անունները հորինվել են, որպիսի մեզ` հասարակներիս բաժանեն միմյանցից և մեր միակ յուրահատկությունը ` պարզությունն է , որ աջ ու ձախ ջանում են խցկել ինչ որ հատուկի մեջ : Այժմ այն բացառիկ դեպքերից է, երբ դրա անհրաժեշտությունը չկա :
Իմ լռությունը մեծ ուժ ունի, գիտե՞ք, ընկերներս ասում են , թե լռությունս տարրալուծում է անգամ ամենաթանձր ճոռոմախոսությունը : Միթե կարծում եք ինձ դուր է գալիս մարդու միօրինակ ձայնը : Չէ , …
Դարեալան չէր հասկանում թե ինչ է իր հետ կատարվում: Նա ինքն իրեն ուղղակի չէր ճանաչում, կարծես մի պիես էր վեցրել ու կարդում էր իր դերը , ինքն էլ չհավատալով դրան: Սովորաբար լռակյաց էր, արտաքինից միշտ թվում էր անվրդով , թեև երբեմն լինում էին բռնկումներ, բայց հազվադեպ: Նա ավելի շատ գրում էր, քան խոսում : Այսինքն նրա իրական եսը , որ տարբեր էր, գրում էր, իսկ այն, որ մեկն էր հազարավորներից, այն որ նման էր իր հասակակիցներին , նման էր աշխարհը նոր բացահայտող աղջկան , խոսում էր, ծիծաղում, կատակում, լացում , վիճում և այլն …
Բայց այս անգամ նա բռնկվել էր ամբողջ մարմնով , այտերը շառագունել էին: Առաջին անգամ կյանքում, գրելու փոխարեն , նրա իրական եսը խոսում էր: Չէ որ վճռել էր ապրել սովորել, գրելուց առաջ : Իսկ շատերը պնդում են, թե ապրել սովորելու համար, , նախ խոսել սովորել է պետք , այն էլ որքան հնարավոր է շատ: Նա թատրոնի փառք ու պճրանք որոնող դերասանուհու նման ճչում էր սարքովի բարկությունից , սարքովի պարզությամբ ու բնականաբար սարքովի հույզերով . և առանց որևէ մեկի դեմքը տեսնելու , ինչ-որ բաներ էր ասում աներևույթ ունկնդիրներին: Նկարագրում է ինչ-որ ֆիլմի չհաջողված դրվագ , վիճում էր թվացյալ ամբոխի հետ , փորձում էր ինչ որ իմաստնություններ հորինել, այն պարագայում , երբ ինքը չէր փայլում մտքի ճկունությամբ ու խոհունակությամբ :

-3-
Խորամանկ կյանք… Կրկին զգացիր, որ հասարակ մահկանացուն իր խելահեղությամբ գերազանցում է քո սահմանած նորմերը: Դու անգործությունը միշտ օգտագործում ես ի օգուտ քեզ` ստեղծելով հարմար միջավայր, մեզ զարմացնելու համար: Իրականում Դարեալայի խոսքերը ունեին հասցեատեր: Կար մեկը այդ մթության մեջ:
Անծանոթը, ով իրականում թաքնված էր ճյուղերի արանքում , քարացած նայում էր պատուհանից այն կողմ լուսնիի լույսից ոսկու պես փայլող աղջկան , փորձելով հասկանալ , ինչու է այդ երիտասարդ աղջնակը կարծես աշխարհի բոլոր հալածյալների , իմաստունների, պոետների և անհույս սիրահարների կերպարը իր վրա վերցնելով խաղում իր հետ , իրեն ակամա դարձնելով անստեղծ պիեսի երկոսության մյուս կարևոր դեմքը :
Անծանոթը մի եկվոր էր, որ փնտրում էր ինքն էլ չգիտեր թե ինչ : Մինչ այստեղ գալը և դեպքերի մեջ խծկվելը , Պիեռը ապրում էր մի շքեղ բայց ծխի մեջ կորած քաղաքում, վաստակում էր այնքան, որքան պետք է ուղղակի ապրելու համար , բոլոր մանր-մունր շքեղությունները վայելելու , աշխարհով մեկ անտեր շան նման թափառելու, իբրև թե նորը բացահայտելու , կյանքի մայրամուտին ինքն իրեն պատահաբար մի փողոցում գտնելու ու կյանքը կայացած համարելու համար : Թեև հետաքրքրությունները կյանքի նկատմամբ , վաթսուն ամյակը նշելուց հետո , կորել էին : Բայց ընկերներից մեկը , ամեն անգամ խնջույքների ժամանակ նրա ականջի տակ կպչուն ճանճի նման բզզում էր, թե կա մի երկիր, կա մի դրախտային երկիր, որի մասին դեռ աշխարհն է լսելու ( Թեև ասեմ, աշխարհը վաղուց է ինչ, ոչնչի մասին լսելիս կենդանության նշան ցույց չի տալիս , կարծես ճչոցներից խլացել է մեր տարողունակ ընկերը ) և նա եթե կամենում է կյանքը կայացած համարել, պիտի գնա այնտեղ , որովհետև այնտեղ իր նմաններն են ապրում : Երկու տարի էր, ինչ կնոջից բաժանվել էր , ու նրանից միայն հիշում էր իր երեսին նետած վերջին արտահայտությունը «Քո նմանները …Քո նմանները , կարծում էի, թև ոչնացել էին ջրհեղերի ժամանակ : Փաստորեն նրանցից մեկը պահված էր հատուկ մեղքերիս քավության համար , թեև ասեմ, ապարդյուն : Նույնիսկ որպես պատիժ չես կարողանում ծառայել նպատակին , տաղտկալի ես, անչապ տաղտկալի» :
Նա մի օր աշխատանքից տուն վերադառնալով , լցրեց ճամպրուկը ինչով պատահի, վերցրեց հետը նաև մի կաթնագույն թաշկինակ , որն այնքանով էր կարևոր, որքանով որ մոր մահից հետո նրա մասին հիշեցնող միակ իրն էր : Մոր հուղարկավորության ժամանակ , երբ առաջին անգամ աչքերը լցվեցին , ու նա բնականաբար պատրաստ չէր դրան, գերեզմանատանը , կողքին կանգնած մի ծեր կին տվեց ,ասելով. « Տղաս, վերցրու, ծնողներին կորցնելուց հետո , և վերջապես լիակատար մենակ մնալուց հետո, սա հաճախ է պետք գալիս » :
Իսկ նա , մեխանիկորեն ձեռքը մեկնեց ու վերցրեց: Թեև , դրանից հետո դեռ ոչ մի անգամ նրան պետք չէր եկել թաշկինակը : Նա այդպես էլ դեռ լաց լինել չէր սովորել:

Ինչ էր անում այստեղ,… Այստեղ, ուր շատերի պնդմամբ, ապրում էին «իր նմանները » . ուղղակի շրջում էր , լուսանկարում, պոկում ինչ-որ թուփ , շոշոափում փոշուց ու մամուռից մի քանի սանտիմետրով հաստացած քարերը, մանրամասն ուսումնասիրում այնպիսի հետաքրքրասիրությամբ, որը բնորոշ է նորեկ տուրիստներին, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում են իմաստ գտնել նոր հայտնաբերած կողմերում, և դա փնտրում են անգամ այնտեղ , որտեղ ոչ թե տեղացիները չէին գտել , այլ իրոք , իմաստ չկար : Բայց պիտի խոստովանեմ, նրան իր նմանների երկրում, ավելի ստույգ Դարեալայի քաղաքում, նրա իսկ պատուհանի տակ գրավեց մի բան … Մի բան, որ բուրում էր այնպես, ինչպես ոչ մի կին իր երկրում, ոչ մի օծանելիք , էլ չեմ ասում ոչ մի ծաղիկ ու բույս : Նա , եթե չզգար այդ բույրը, միգուցե և ուշադրություն չդարձներ անշուք փողոցում , մթության մի անկյունում թաքնված այդ գրավչությանը : Բոլորին իր հայրենիքն էր միշտ զարմացրել , իսկ հիմա նրան Իր նմանների հայրենիքում գետնից պոկում է մի սովորական տեսարան , որը թաց գարնան բույրն ուներ: Երկու ծառեր էին, կարծես նույն տեսակի, մեկը ճերմակ ճաղիկներով, մյուսը մանուշակագույն: Բնականաբար մոտենալիս , շուրջը նայեց , որպեսզի հասկանա արդյոք կա մեկը , որից կարող է հարցնել այդ սովորական հրաշքի մասին : Նկատեց պատուհանագոգին նստած Դարեալային: Սկզբում լռեց, մինչ այս խենթուկը կվերջացներ իր իսկ բեմադրած պիեսը: Անկեղծ ասած նրա մտքով չէր անցնում, որ «Իր նմանների երկրում» նման տեսարաններ են բեմադրվում պատուհանագոգերին :
Երբ Դարեալան վերջացրեց իր ճառը ու կարծեց, որ կրկին մենակ են ինքն ու իր մտացածին փառքը, ուզում էր փակել պատուհանը, բայց եկվորը համարձակություն հավագեց , դուրս եկավ ճյուղերի արանքից ու ողջունեց նրան: Ստացավ կցկտուր մի պատասխան, մի-քիչ տարբեր , իր լսած բոլոր ակցենտներից : Հարցրեց, թե կարող է մի փունջ պոկել : (Մոռացա ասել ընթերցողիս , որ մեզ արդեն ծանոթ անծանոթը հիացել էր այդ կողմերում ամեն քար ու թփի կողքին աճող Յասամաններով, որոնք խոստովանում եմ, իրոք աստվածային են ) Իսկ աղջիկը ոչ միայն գլխով արեց, ի նշան համաձայնության, այլ նաև առաջարկեց, որ նաև ճերմակ յասամաններից մի փունջ կապի անծանոթը : Չէ որ ճերակը կամբողջացնի մանուշակագույնի գեղեցկությունը: Իսկ անծանոթը, իմաստուն հայացքով ու ազնիվ դիմագծերով մեր բախտախնդիրը , ժպտալով ասաց .
-Աղջիկս , բնության մեջ բացարձակ ճերմակ գոյություն չունի: Ամեն ճերմակ, իր մեջ նրբերանգ ունի: Այսօր իմ նախընտրած նրբերանգը մանուշակագույնն է, իսկ կաթնագույն ծաղիկները, թող մնան նրանց համար, ովքեր հավատում են, որ բնության մեջ բացարձակ ճերմակ գոյություն ունի : Թող որ խաբվեն, եթե այդպես ավելի հեշտ կլինի ապրել :
Բնականաբար Դարեալան, ով մինչ օրս հավատում էր թե բնության մեջ կա բացարձակ ճերմակը , վեճի բռնվեց այս պարոնի հետ և բանավեճը վերաճեց լուրջ հակադրության : Նա իր երիտասարդական ամբողջ խանդավառությամբ , սկսեց հազար ու մի հակափաստարկներ բերել անծանոթի փաստարկի դեմ, բայց ապարդյուն: Պատուհան-փողոց երկխոսությունը դեռ երկար կշարունակվեր, եթե մեր նորեկ պարոնը այս երկրում իր առաջին օրը այդքան երկար ոտքով քայլած չլիներ ու կոպերը այդքան ծանրացած չլինեյին :
- Դեռ կաթի համն է բերանումդ , ոչինչ, աղջիկս , թմբիրը շուտով կանցնի , երբ քեզ ստիպեն դառը գինին համտեսել : Հուսով եմ այդ անխուսափելի պահին, դու պատրաստ կլինես:
Այս խոսքերն ասելով անծանոթը հանեց գրպանից մի փոքրիկ սրվակ , խմեց, մի պահ դեմքը կնճռոտվեց հեղուկի ակնհայտ դառնությունից, ապա խաղաղվեց ու նույն անվրդով դեմքի արտահայտությամբ նա սկսեց փնջել իմ կտրած յասամանի ճյուղերը :
-Այս ինչ եղավ , ամբողջ թղթապանակս մոմի կաթնագույնից կորցրեց իր ճերմակությունը ... Նու՞յնն են փորձում անել մտքերիս հետ Ձեր «հայտնագորրությունները », որ այօսր իմ քսան տարվա ճերմակ յասամաններին ներկեցին կաթնագույն ,-ժպտալով հեգնեց Դարեալան, նայելով ուղիղ անծանոթի աչքերի մեջ:
Մի անզգույշ շարժումով, ատուհանագոգին դրված թղթերը ցրիվ եկան գետնին, նա ժպտաց ի նշան քաղաքավարության, ձեռքով արեց ի նշան հրաժեշտի և շրխկոցով ծածկեց պատուհանը : Պատուհանից այն կողմ մարեց լուսամփոփի կաթնագույն լույսը ...
Անծանոթն, անընդհատ հոտոտելով , մաուշակագույն յասամանները ձեռքին , անտարբեր հայացքով անհետացավ գիշերվա կապտամանուշակագույն թանձրության մեջ, ասես թե չէր էլ եղել երբեք այդ կողմերում :
Իջավ բաղձալի լռությունը ...
-4-

Ժամանակ անցավ, այնքան սահուն, այնքան աննկատ, կարծես թե վերջինս մոռացել էր իր առաքելությունների մասին :
Դարեալայի գեղեցկությունn ամբողջացել էր կանացիությամբ և բնականաբար աչքերի ավելի խորն ու հասուն արտահայտությամբ : Նա հասցրել էր մեկ-երկու գիրք տպագրել, որոնցում ամփոփված էին իր բանաստեղծությունները : Սակայն դա նրան չէր գոհացնում: Մի ներքին ճնշող ցավ կար , որ միշտ հիշեցնում էր իր մասին: Դա նույնն էր տարիներ առաջ և նույն էր հիմա : Նա անավարտ էր համարում իր կյանքը, անիմաստ ու դատարկ, քանի դեռ գոնե մեկ անգամ, ի լուր աշխարհին, չէր հնչել իր անունը, կցված հավերժ կանաչ ծիրանենիների երկրի հետ: Նա ուներ մի ազնիվ փառասիրություն, որ այնքան նման էր ազգասիրությանը, որ խառնվում էր իրապես խոնարհ նրա հոգու հետ ու մարմնավորում մի ձգող մարդկային կերպար: Նա երազում էր լինել եթե ոչ արև, ապա գոնե լուցկու կայծ, որը կարող էր արևներ վառել:
Ջրերի հոսքը կանգնել էր: Դարեալան շտապում էր լճանալ: Նա այս ժամանակահատվածում հասցրել էր սիրել ու կրկնել մարդկությանը բաժանված պիեսի, վաղուց խաղացված դերերից մեկը: Իր կյանքի ընթացքում, լինելով այդքան ռոմանտիկ և զգայական էակ, միշտ հեգնանքով էր խոսում սիրո մասին: Սիրո գաղափարը , նրա մտքերում ատրացոլվում էր աստվածաշնչյան ենթատեքստերով: Բայց նա , իր ներքին գզրոցում, պահում էր այն անսուտ հույսը, որ կա մարդկային սերը, որ երկրից երկինք քանդում ու կառուցում է ամեն բան :
Նա հասցրեց մեկ տարվա ընթացքում խելահեղ սիրով սիրել մեկին, ում եթե բնության լեզվով կոչեիր, ապա կանվանեիր մայիսյան կարկուտ: Իսկ Դարեալան մի յասաման էր, որ Մայիսն է սիրում: Իր երկրում, Մայիսին երբեք ձյուն չեր գալիս: Իսկ այդ տարի, զարմանալիորեն յասամանները ծածկվել էին ձյունով: Եվ դա կարծես մարգարեական էր նրա համար. Նա մեկ ամառվա ընթացքում գտավ և կորցրեց իր սերը: Եվ այդ պատմությունն էլ շատ չէր տարբերվում մյուս սիրավեպերից, այն ճանապարհ էր Ավետյաց երկիրց մինչև Սոդոմ ու Գոմոր, հրճվանքից մինչև հոգոց…
Դարեալան իր ամբողջ աշխարհը ներփակել էր այդ փոքրիկ թափառականի` սիրո ճանպրուկում: Նա անգամ գրելն էր դադարել: Չէր երազում, քիչ-քիչ սովորում էր քայլել ու հողը զգալ այնպես ,ինչպես մյուս մարդիկ : Բոլոր բարձր ու եթերային նպատակները դարձել էին անձրևից թրջված թղթադրամներ, որոնք թեև կային, բայց դրանցով ,մինչ չորանալը, ոչինչ չէիր կարող գնել: Նա անգամ մտածում էր ուսումը կիսատ թողնելու և առաջին իսկ փեսացուի հետ ամուսնանալու մասին: Դարեալան փշրվել էր , մանրացել : Դարեալան դարձել էր նա, ով ուզում էր ազատության կտրած թելերը նորից կարել ու ապրել խամաճիկի նման: Դարեալան ուզում էր պատսպարվել առաջին իսկ ծածկի տակ. Կարևորը կարկուտը նրան չէր վնասի: Նրա բոլոր գաղափարները աներևույթացել էին կարծես…
-5-
Ինչպես որ կյանքը , մենք էլ ունեք թերություններ…Կրկնվում ենք, բարեկամներ, կրկնվում. երբ ջրերի հոսքը կանգնում է ,մի շտապեք գոլորշիանալ: Մտածեք լճի ափին կառուցվելիք ամառանոցի մասին… Հանճաևեղ մաեստրոն` կյանքը, այս անգամ լռեցրեց ըմբոստ Դարեալային և ինքը ճչաց` ի գործ, անթել խամաճիկ:
Մի օր առավոտյան , սովորականի պես մտքերով շաղախված դուրս եկավ տանից Դարեալան: Ճանապարհը անցնում էր, իր պատուհանի տակ ամեն գարնանը ծաղկող, յասամանների կողքով: Ինչպես միշտ, չկարողացավ անտարբերության մատնել յասամաններին: Հանկարծ նկատեց թփերի տակ մի փոքրիկ ճանպրուկ, շագանակագույն, մաշված կաշվից : Մոտեցավ և անվստահ շարժումով ձեռքը մեկնեց դեպի ճանպրուկը: Փորձեց բացել: Երկաթե փականը ժանգոտված էր, և տպավորություն էր ստեղծում, թե երկար ժամանակ է, ինչ ճանպրուկը եղել է այդտեղ նետված: Բացեց: Կար այնտեղ մի լուսանկարչական ապարատ ու մի նոթատետր: Կողքին մի հնամաշ,կաթնագույն թաշկինակ:
Դարեալան չէր էլ կարող պատկերացնել, որ դա իր «աստղային» գիշերվա անանուն այցելուի իրերն էին, որ յասամաններ քաղելիս թողել էր, իր կամքից անկախ, որպես մի անտեսանելի կամուրջ անցյալի, ներկայի ու ապագայի միջև, որպես մի կամուրջ իր և «իր նմանների երկրի» միջև:
«Այ քեզ բան, մի՞թե ինչոր մեկը դարանակալ է եղել պատուհանիս տակ , և սա էլ ինձ է որպես նվեր թողել: Դժվար թե երկրպագուներս այսքան հնաոճ լինեին»,-Ինքն իր հետ խոսելով, հեգնաբար սկսեց ժպտալ Դարեալան:
Բայց հանկարծ մի պահ լրջացավ , և բացեց նոթատետրը, որ գտել էր ճանպրուկի միջից: Այնտեղ գրված էին հեռախոսահամարներ, որոնք տեղի հեռախոսահամարներից տարբերվում էին , անուններն էլ օտար էին: Հանկարծ թերթերի արանքից դուրս ընկավ մի այցեքարտ, որում նշված էր ինչ-որ արվեստանոցի հասցե, հեռախոսահամար և նկարազարդված էր այցեքարտը սև ու սպիտակ լուսանկարով: Ստորին աջ անկյունում էլ գրված էր ` լուսանկարիչ Ջ. Օսքան:
Դարեալան ուներ մի ազնիվ գիծ, և դա ենթադրում էր հետևյալը, երբեք չվերձնել այն, ինչը քոնը չէ: Առաջին բանը, որ մտքով անցավ, դա այդ այցեքարտի վրա գրված հեռախոսահամարով զանգահարելն էր:

Զանգը գնում էր և կարծես մեր Ջ. Օսքանը վարանում էր պատասխանել: Դարեալան համառությամբ սպասում էր , և հանկարծ…
_Ջորջ Օսքանը լսում է Ձեզ :
-Բարև Ձեզ , ես Ձեզ զանգահարել եմ...
-Մի*թե սա երազ չէ ,- լսվեց լսափողից :
-Ներեցեք, ես ուզում եմ տեղեկացնել , որ Ձեր ճանպրուկը թողել եք Հայաստանում , անկեղծ ասած չգիտեմ էլ թե ում հետ եմ խոսում, բայց ես չէի կարող հնարավորության դեպքում չտեղեկացնել Ձեզ այդ մասին,-դողացող ձայնով , և որոշակի շեշտվածությամբ հազիվ միտքը ավարտեց Դարեալան:
-Հիմա հասկանում եմ: Իմ ընկերը անցյալ տարի գարնանը կորցրել էր ճանպրուկը Հայաստանում: Նա ասում էր ինձ, որ այնտեղ թողել է ոչ թե իր ճանպրուկը , այլ Յասամանների արքայադստեր լուսանկարները, որոնք պատրաստվում էր ինձ ներկայացնել: Միթե այդ դուք եք պատուհանագոգի աղջիկը :
Մի պահ Դարեալան քարացավ: Նա կարծես երազում լիներ: Ինչ յասաման, ինչ պատուհանագոգ : Մի պահ փորձեց լարել հիշողությունն ու հասկացավ… Խոսքը պոռթկման գիշերվանն էր վերաբերում : Նա ամեն բան վերհիշեց: Բայց այնտեղ լուսանկարների մասին խոսք անգամ չէր կարող լինել :
Իրականում մեր անծանոթը, Դարեալայի հուզական «ելույթի» ժամանակ նրան լուսանկարել էր յասամանների թփերի արանքից, որպես մի շատ գեղեցիկ մտահաղացում : Յասամաններն ու Դարեալան ամենատպավորիչն էին այս երկրում : Նա պահը չէր կորցրել : Հիշելով իր ընկերոջ` Ջ. Օսքանի խոսքերը. «Այնտեղ, քո նմանների երկրում, ամեն բան ,ինչը կհուզի քեզ լուսանկարիր, և ես ցուցահանդես կկազմակերպեմ: Հավատա ինձ, դա կլինի միակը իր տեսակի մեջ, ես ճանաչում եմ, ես զգում եմ Մեր նմանների երկրի գեղեցկությունը »:
-6-
Օսքանը մեծ դժվարությամն կարողացավ Դարեալային բացատրել մանրամասները : Հետագա կապը պահպանվեց և Դարեալան հասկացավ, որ գործ ունի հայտնի լուսանկարիչ և արվեստագետ Ջորջ Օսքանի հետ, ով արմատներով իր երկրից է եղել, և կրել է նույն -յան վերջածանցը ունեցող ազգանունը: Պատմությանը հայտնի պատճառներով Օսքանի ընտանիքը հայտնվել է Ֆրանսիայում:
Օսքանը հորը երդվել է երբեք Հայաստան ոտք չդնել , մինչև իր գործունեությամբ չպսակի իր ազգի անունը փառքով, ու վառված ծիրանենիների երկրի փոխարեն աշխարհին ներկայացնի Ծաղկած Ծիրանենիների Դրախտը: Երդումը չդրժելու բայց և Իր երկրի գեղեցկությունը արտացոլելու համար ֆրանսիացի ընկերոջը` տնտեսագետ, մեծ բախտախնդիր ` մեզ հայտնի օտարական անծանոթին, համոզել էր կրակ և հետաքրքրություն փնտրել հենց այս երկրում: Իսկ ընկերը, որ մոր մահից և կնոջից բաժանվելուց հետո ոչինչ չուներ էլ կորցնելու , հենց բռնեց արվետագետ ընկերոջ ուղղորդած ճանապարհը: Նա հիասքանչ լուսանկարներ արեց և խոստման համաձայն որոշել էր դրանք տանել և հանձնել Ջորջին : Սակայն կաթնագույն յասամանները փոխեցին սլաքները :
Բախտորոշ առավոտը Դարեալային կապեց շենշող ապագայի հետ:
Որոշ ժամանակ անց Նա ուղարկեց լուսանկարչական ապարատը Օսքանին, հույս ունենալով, որ կփրկվեն նկարները ժամանակի քայքայիչ ճիրաններից : Օսքանը նաև ծանոթացել էր նրա պոեզիայի հետ, որը ժամանակի ընթացքում ավելի էր հասունացել ու խորացել :
Եվ նա առաջարկեց Դարեալային ուղարկել նաև իր ստեղծագործությունները, որոնք պիտի թարգմանվեին մի քանի լեզուներով և լուսանկարների հետ մեկտեղ ներկայացվեին Ջորջ Օսքանի ցուցահանդեսում:
Մեկ տարի անց Փարիզում բացվեց բացառիկ լուսանկարների ցուցադրություն, որոնցից յուրաքանչյուրն ուներ իրեն խորհրդանշող բանաստեղծությունը:
Ցուցադրությունը կրում էր «Պատուհանագոգի աղջիկը ` մեր նմանների երկրից» խորագիրը: Ցուցադրության բացումը կատարեց Պիեռը հետևյալ խոսքերով.
-Բնության մեջ բացարձակ ճերմակ չկա, բայց մանուշակագույն յասամաններն էլ գեղեցիկ են այնպես , ինչպես ճերմակ հոգիները` որ ապրում են իմ նմանների երկրում:
Կրկնությանը կողմից կլված մարդիկ զգացին, թե ինչ է նորությունը, թե ինչ է արվեստը, և որտեղ փնտրել պատուհանագոգի աղջկան, ով այդքան հասարակ էր , այդքան պարզ, բայց ուներ իր մեջ աշխարհին զարմացնելու բազում հնօրյա արձանագրություններ` իր աչքերում, որոնք դեռ կյանքը պիտի վերծանեին:
Փայլուն ցուցադրությունից հետո, երկու ամսվա ընթացքում, Ջորջ Օսքանը համագործակցելու բազում առաջարկներ ստացավ, որոնց հիմնական հերոսուհին Դարեալան էր, իր մեծ, հայկական աչքերով և բնականաբար նաև յասամանները, որոնք իրենց արտացոլանքն էին գտել այդ աչքերում: Ստեղծվեց մի եռանկյունի, որն իր մեջ ներառում էր պատուհանագոգի աղջկան, իր կերպարով ու պոեզիայով, նոր բացահայտված երկիրը, որտեղ ապրում էին մեր նմանները և և Փարիզում տպագրված ` «Հառնող ծիրանենի» ժողովածուն, որը բացառիկ էր իր տեսակով:
Ջորջ Օսքանը տեղափոխվեց Հայաստան, ապրելու և հետագա գործունեությունը այնտեղ ծավալելու նպատակով : Դարեալան դարձավ նրա աշխարհահռչակ լուսանկարների ճերմակ հերոսուհին, իր հայկական աչքերով ու լուսանկարներին կից ներկայացվող բանաստեղծություններով: Ջորջ Օսքանը իր արվեստի նմուշներում այդուհետ սկսեց ստորագրել որպես ` Գևորգ Օսկանյան:
Պիեռը շարունակեց թափառել աշխարհով մեկ, նրա հետ նաև շագանակագույն կաշվից ճամպրուկը` վերջինիս մեջ պահվող կաթնագույն թաշկինակով, լուսանկարչական ապարատով և Գևորգ Օսկանյանի այցեքարտով: Տարբերությունը մեկն էր , սև ու սպիտակ լուսանկարի փոխարեն, արդեն մանուշակագույն յասամաններն ու Դարեալայի աչքերն էին զարդարում այցեքարտը:
Բաժին` 8-րդ մրցույթ | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
Դիտվել է 873 անգամ| |Վարկանիշ` 5.0/2
ՄԵկնաբանվել է 0 անգամ
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գլխավոր ցանկ
Գովազդ
Հունիսի 1-ին մոսկովյան 25 հասցեում բացվեց արդեն մեզ բոլորիս հայտնի LAKI քաղցրավենիքների նոր կաֆետերիան: Առաջին խորանարդ
Ենթացանկ
Երաժշտական Բլոկ
Գովազդ
Տարածե'ք մեզ
Գովազդ
Երրորդ խորանարդ Կարող եք գտնել Երևանի բոլոր գրախանութներում: 
Գինը' 4200 դրամ
Գովազդ
Մանրամասն տեղեկությունների համար սեղմեք նկարի վրա: Չորրորդ խորանարդ
Հարցում
Կցանկանաք հանդիպել Պարույր Սևակի որդու
պատասխանել է 17 մարդ
Առաջարկում ենք'