Հոդվածներ
Բարեկիրթ ճամփորդություն
Ձեզ հաճելի հանգիստ եմ ցանկանում: Իսկ հաճելի հանգիստը կարող է լինել միայն այն դեպքում, եթե ճանապարհորդության ընթացքում դուք խուսափել եք տհաճ պատահարներից: Իսկ տհաճ պատահարներից կարելի խուսափել միայն էթիկետի կանոնների օգնությամբ: Տրամաբանական է, չէ՞: Եվ այսպես, եթե ճանապարհորդությունը հեռավոր է և երկարատև, պետք է նախ և առաջ ծանոթանալ տվյալ երկրի ա. կլիմայական պայմաններին բ. ազգային սովորույթներին գ. տեսարժան վայրերին: Այդ ամենի մասին կարելի է իմանալ համացանցից, փոռք մեր բազմաթիվ բլոգգերներին, կամ էլ հարցուփորձ անել տվյալ երկրին ծանոթ ծանոթներին (ներեցեք բառախաղի համար): Դե, ծայրահեղ դեպքում, կարելի է թերթել ուղեցույցը: Լավ, տեսնենք, ինչպե՞ս ենք ճանապարհորդելու: Տարբերակ առաջին - գնացքով Մի ժամանակ դա ճանապարհորդելու շատ տարածված եղանակ էր, ու, խոստովանեք, շատ ավելի հաճելի, քան ինքնաթիռով ճամփորդելը: Ուրեմն այսպես, էթիկետը գնացքում. -սկզբում վագոն են մտնում տղամարդիկ, որպեսզի բարձրացնեն ուղեբեռները, այնուհետև օգնում են կանանց, տարեցներին և երեխաներին (սա այն հազվադեպ դեպքերից է, երբ կնոջը պետք չէ զիջել) -իրենց տեղերը գտած ուղևորներն ու նրանց ուղեկցողները չպետք է կանգնեն միջանցքում՝ խանգարելով բարձրացող ուղևորներին -բարեկիրթ մարդը ցածր նստարանը զիջում է կնոջը, երիտասարդը՝ տարեցին, ընդ որում սա վերբերում է նաև երիտասարդ աղջիկներին -վագոնախուցը փակ տարածք է, ուստի նույն խցում ճանապարհորդող թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հարկ է խուսափել օծանելիքից կամ դիմահարդրաման խիստ հոտավետ միջոցներից, ինչպես նաև սուր հոտ ունեցող ուտեստներից -ի դեպ, ուտելիքի մասին. կարելի է հարևանին առաջարկել օգտվել ձեր սեղանից, սակայն բացասական պատասխանի դեպքում պետք չի ստիպել /համառել/ վագոնից տղամարդը իջնում է առաջինը, որպեսզի օգնի կնոջը կամ տարեց մարդուն Ես չեմ զարմանա, եթե այնուամենայնիվ դուք ընտրեք ինքնաթիռը՝ որպես ամենաարագ տրանսպորտի միջոց: Տարբերակ երկրորդ - ինքնաթիռ Դե, ինքնաթիռը թռչող մի պետություն է, այն իր սեփական կանոնակարգն ունի, որը պարտադիր պետք է պահպանվի: Այնուամենայնիվ, այստեղ ևս պետք է բարեկիրթ լինել, հետո՞ ինչ, որ վարքագծի հիմնական բոլոր նորմերը հստակ սահմանված են, միևնույն է պետք չէ մոռանալ տարրական քաղաքավարությունը: Ինքնաթիռում. -չպետք է հրաժարվել ուղևորներին բաժանվող հատուկ ծրարներից, որոնք օգտագործվում են սրտխառնոցի դեպքում -թռիչքի ժամանակ պետք չէ օդային վթարների մասին անեկդոտներ պատմել (նույնիսկ եթե պատմության հերոսը ապարանցին է, ինչպես ասում էր Էքզյուպերին՝ նա, ով շատ է ուզում սրամտել... դե, հասկացաք) -պետք է կատարել ուղեկցուհու բոլոր հրահանգները, իսկ որևէ բան խնդրելիս չմոռանաք շնորհակալություն հայտնել Շատ հնարավոր է, որ դուք նախընտրեք ճանապարհորդել նավով: Իսկ ի՞նչ, դա էլ է տարբերակ: Տարբերակ երրորդ - նավ Նավով ճանապարհորդելը ուղևորության հնագույն ձևերից է, այնպես որ այն ունի իր ավանդույթները: Ավանդույթի համաձայն՝ նույն նավախուցը զբաղեցնող ուղևորները նախքան ճամփորդությունը պետք է ներկայանան միմյանց: Հնագույն սովորույթը առաջին կարգի ուղևորներին պարտադրում է ռեստորանում ընթրել կոստյումներով և երեկոյան զգեստներով: Բացի այդ նավում պետք է. -հիշել, որ նավապետի խոսքը օրենք է ոչ միայն նավի աշխատակազմի, այլև բոլոր ուղևորների համար -ծովային հիվանդություն ունեցող մարդիկ անպայման պետք է տեղեկացնեն այդ մասին հարևանին (մի ծիծաղեք) -ճամփորդությունն ավարտելիս պետք է հրաժեշտ տալ հարևանին և շնորհակալություն հայտնել նավակազմի ներկայացուցիչներին, էլ չեմ խոսում նավապետի մասին Ճանապարհորդության ընթացքում կարևոր տեղ է գրավում հյուրանոցը: Այստեղ նույնպես պետք է պահպանել էթիկետի կանոնները -չի կարելի չափազանց բարձր երաժշտություն միացնել, բարձրաձայն խոսել կամ վիճաբանել (դա ամեն դեպքում անքաղաքավարի է, նույնիսկ եթե դուք ձեր սեփական տանն եք) -լավ է հյուրերին ճանապարհել մինչև կեսգիշերը -պետք է ուշադիր լինել համարի կահույքի, տեխնիկայի և կենցաղային իրերի նկատմամբ -հեռանալիս բարեկիրթ մարդը պարտավոր է հրաժեշտ տալ հերթապահներին և ադմինիստրատորներին (բարկրթությունը թեյավճարից էլ լավ է) -հեռանալիս ոչ մի դեպքում չի կարելի համարից սրբիչ, բաժակ կամ պատառաքաղ տանել <<հիշատակ>> (մի ծիծաղեք, սա շատ տարածված երևույթ է) Մնացածը արդեն կախված է եղանակից, ձեր ուղեկիցներից և ճանապարհորդության բնույթից: Բայց ինչ-որ բան հուշում է ինձ՝ ներքին ձա՞յնը, թե՞ գիտակ մարդկանց փորձը, որ այս կանոնները պահպանելով՝ դուք հաստատ լավ հանգիստ կունենաք: Բարի ճանապարհ:
Ըստ Անի Նազարյանի և Հրաչյա Գրիգորյանի <<Էթիկետի հիմունքներ>> գրքի
|
Բաժին` Հունիս #06 | Ավելացրեց` Ари-сан | Հեղինակ`
|
Դիտվել է 593 անգամ|
|Վարկանիշ` 0.0/0 |
|
Օգտակար ինֆորմացիա
ամսագրի Ձեր ցանկացած համարն ընթերցելու համար սեղմեք համապատասխան համարի շապիկին
Գովազդ
Առաջին խորանարդ
Գովազդ
Երրորդ խորանարդ
Գովազդ
Չորրորդ խորանարդ
|